«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ի ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ

ԴԱՐՁՅԱԼ ԽԱԲԵԼ ԵՆ


 

Այսպես մինչև ե՞րբ: Առջևում Ամանոր է, մարդիկ կամենում են փակել իրենց պարտքերը, ինչ-որ չափով հոգալ իրենց ընտանիքների կարիքները, սակայն «Գլենդել Հիլզի» հղփացած պաշտոնյաներին այս ամենը չի հետաքրքրում…

Մենք արդեն անդրադարձել ենք Գյումրու Մուշ 2/2 թաղամասում կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից շինարարներին աշխատավարձեր չվճարելու մասին: Ի պատասխան մեր առաջին հրապարակման, ընկերության պատասխանատուները հայտնել էին, որ արդեն վճարվել են աշխատավարձերը, իսկ մի քանի փոքրիկ խնդիրներ էլ առաջիկայում կլուծվեն: Սակայն մեզ նորից զանգահարեցին շինարարներն ու ասացին, որ հերթական տասնհինգօրյա ժամկետը լրացել է, մինչդեռ շինարարության ղեկավարները նորից խոստմնազանց են եղել:

- Շատ վաղուց շենքերը շահագործման ենք հանձնել, ամիս ու կես առաջ մարդիկ արդեն տեղափոխվել են նոր բնակարաններ, իսկ մեզ դեռ աշխատավարձ չեն տալիս` խոստանալով և խաբելով,- ասացին հեռախոսազրույցի ժամանակ շինարարները:

Շիրակի մարզպետարանի բարձրացրած դժգոհությունից հետո «Գլենդել Հիլզի» պատասխանատուները հավաքել են շինարարներին, հերթական խոստումները տվել, հավատացրել, որ 15 օրից հետո կվճարեն: Բայց խոստացել ու հեռացել են` կարծես չուզենալով հիշել այն մարդկանց, ովքեր աշխատել ու առանց աշխատավարձերի են մնացել:

- Մեզ ասում էին, որ «Գլենդել Հիլզը» պարտք չէ, այլ պարտք է այդ ընկերության ենթակայությամբ գործող շինարարական կազմակերպությունը: Հետո էլ ասացին, թե իրենք շատ մեծահոգի են, կվճարեն շինկազմակերպության փոխարեն: Մի քանի հոգու վճարեցին. բոլոր նրանց, ովքեր խոստանում էին դատարանի միջոցով ստանալ իրենց գումարները: Մեզ նոր պայմանագրեր տվեցին, ստորագրեցինք, իրենք էլ հեռացան: Եթե շինկազմակերպությունն էր պարտք, ինչո՞ւ էին «Գլենդել Հիլզի» անունից պայմանագիր կնքում վճարման ժամկետների մասին,- ասում էին շինարարները:

Հատկապես զայրացած էին աշխղեկները, ովքեր խոստանում էին բացահայտել այն բոլոր գաղտնիքները, որոնք կապված են շինարարության հետ: Նրանք մատնանշում էին բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր խառնված են այս պատմությանը, ովքեր տեղյակ են գործարքների մասին:

- Մենք ամեն ինչի մասին գիտենք, չենք վախենա և կասենք, թե ովքեր են կանգնած այս շինարարության թիկունքում, պետության անունից` ում գրպաններն են հարստանում… Եթե էլի խաբեցին ու չտվեցին աշխատավարձերը, ամեն ինչ կպատմենք,- հայտարարում էին նրանք:

Իսկ մարդկանց վիճակն իսկապես ծանր է, երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել, մոտ 15 ուսանող կարող է զրկվել սովորելու հնարավորությունից, որովհետև նրանց ծնողները չեն կարողանում վճարումներ կատարել: Ոմանք բանկերից են կարճաժամկետ վարկեր վերցրել, ու հիմա բանկերը դատարանով են սպառնում: Այսինքն, այս մարդիկ հայտնվել են ծանր կացության մեջ` չկարողանալով պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները: «Գլենդել Հիլզում» էլ տեղեկանալով, թե ինչ խնդրով ենք զանգահարել, չուզեցին պատասխանել և անջատեցին կապը…

Լ.Մ.