ԲԱԳՐԱՏՅԱՆԻ «ՏԵՍԼԱԿԱՆԸ»


 

Ինչպես երևում է, Հայ ազգային կոնգրեսն իսկապես տրոհվելու կամ էլ կազմաքանդվելու եզրին է: Այս եզրահանգմանն ենք գալիս` տեղեկանալով, որ նախագահի թեկնածու է կամենում առաջադրվել նաև նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով խորհրդարան է եկել ՀԱԿ ցուցակով: Բագրատյանն, իհարկե, առայժմ հրապարակային հայտարարություններ չի անում, սակայն չի էլ հերքում առաջադրվելու իր մտադրությունը: Սակայն նա կառաջադրվի միայն այն դեպքում, եթե թեկնածուների շարքում չլինի Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ ահա մյուս Լևոնի` Զուրաբյանի առաջադրման դեպքում Բագրատյանն այլևս չի մտածի, որ իր քայլով հարված է հասցնում Կոնգրեսին:

Անշուշտ, Բագրատյանի առաջադրման մեջ դրական երանգ կա, քանի որ այս դեպքում թեկնածուների մրցակցությունը որակական նոր աստիճանի կհասնի. կմրցեն անկախ պետականության հիմքերի մոտ կանգնած մարդիկ` ՀՀՇ կառավարման շրջանի ամենաերկարակյաց վարչապետն ու գործող նախագահը: Սակայն արդյո՞ք Հրանտ Բագրատյանն ունի այն հանրային ռեսուրսը, որն անհրաժեշտ է թեկնածուին, արդյո՞ք ընտրազանգվածը կընդունի Բագրատյանին, ում անունը տակավին կապակցվում է այսպես կոչված մութ ու ցուրտ տարիներին, տնտեսական անկումներին: Նախկին վարչապետն, անշուշտ, այս բոլորի պատասխաններն ունի, որովհետև նա, ինչպես ինքն է հիշատակում, զբաղված էր նոր տիպի տնտեսություն ստեղծելով` չունենալով նախադեպերը: Օբյեկտիվ լինելու համար ասենք, որ, այո, նրա փաստարկները հեռու չեն իրականությունից և տրամաբանությունից: Բայց հատկապես ընտրությունների ժամանակ մարդիկ առաջնորդվում են նաև զգացական հիշողությամբ, ինչը նշանակում է, որ Բագրատյանի շանսերը նվազում են: Շանսերի նվազման համար նախադրյալ է դառնում նաև այն հանգամանքը, որ նրան պատկերացնում են որպես ՀՀՇ իշխանության վերադարձի «ավետաբեր»:

Սակայն առավել կարևորն այժմ Կոնգրեսի ճակատագիրն է: Դեռ մինչև վերջերս ընդդիմադիր դաշտի առաջատար համարվող այս քաղաքական ուժը գրեթե փոշիացվել է, այլևս չունի հանրային ընդունելություն: Այսօր շատերն անընդունելի են համարում անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, որովհետև երկրի հիմնադիր նախագահը կորցրել է իր ազդեցությունը քաղաքական դաշտում: Այս ամենը նշանակում է, որ ՀԱԿ-ը որպես քաղաքական գոյություն առկա է միայն խորհրդարանում, մինչդեռ ակտիվ քաղաքականության մեջ այն այլևս չկա, որովհետև չկա ընտրազանգվածը, չկան համակիրները:

Թե ի՞նչ հաշվարկների վրա է կառուցում Հրանտ Բագրատյանն իր առաջադրումը` կարելի է միայն ենթադրել: Հատկապես բյուջեի քննարկումների ժամանակ նախկին վարչապետը հանդես եկավ սուր քննադատությամբ, հնչեցրեց նաև տեղին դիտումներ, մատնանշեց կառավարության սխալները` այսպես դառնալով հզոր ընդդիմադիր Տիգրան Սարգսյանին: Սակայն միայն կառավարության դեմ ելնելով և նրա սխալները մատնացույց անելով` Բագրատյանը չի կարողանա շահել ընտրողների ձայները: Բագրատյանի առաջադրումը կարող էր օգտակար և անհրաժեշտ լինել միայն մի դեպքում, եթե նա դառնար ընդդիմության միասնական թեկնածուն: Սակայն դա այլևս անհնար է, որովհետև ընդդիմադիր դաշտում միասնական չեն, որովհետև արդեն առաջադրվելու իր որոշումն է կայացրել Րաֆֆի Հովհաննիսյանը, կառաջադրվի նաև Պարույր Հայրիկյանը, առաջադրվելու դեպքում` ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների մի ահռելի մասն էլ կտանի Գագիկ Ծառուկյանը... Այսինքն, ընդդիմության մասնակցությունն ընտրություններին կդառնա խորհրդանշական` առավել դյուրին դարձնելով Սերժ Սարգսյանի հաղթանակը: