ՎՐԱՑԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ


 

Որքան էլ Կրեմլը ռևերանսներ է անում Բաքվին, որքան էլ հատկապես Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը չեն թաքցնում իրենց համակրանքներն Ադրբեջանի և Ալիևի հանդեպ, այնուհանդերձ, նկատելի է, որ Մոսկվայում պատրաստվում է վրացական սցենար` Բաքվի համար:

Գիտենք, որ Վրաստանում իրականացված «վարդերի հեղափոխությունը» Վաշինգտոնի ծրագիրն էր, որը Վրաստանը հեռացրեց Ռուսաստանից և ամբողջապես դարձրեց ԱՄՆ ենթակայության տակ գտնվող երկիր Հարավային Կովկասում: Հենց ԱՄՆ թելադրանքով էլ Վրաստան եկան մի քանի հազար թուրքական ընկերություններ, որոնք ահռելի ներդրումներ կատարեցին, նպաստեցին, որ տնտեսապես քայքայված երկիրն աստիճանաբար դառնա հզոր և առավել սերտացնի իր կապերը Վաշինգտոնի հետ: Սակայն Մոսկվան մշակեց սցենար` այսպես «նախագծելով» Բիձինա Իվանիշվիլուն, որն այսօր արդեն Վրաստանը տեղափոխում է ռուսաստանյան ազդեցության դաշտ` միաժամանակ հայտարարելով, որ պահպանելու է ջերմ հարաբերությունները ԱՄՆ հետ: Հասկանալի է, որ այս հայտարարությունները արվում են, որպեսզի Վաշինգտոնում միանգամից չզգան Վրաստանի հեռացումը:

Կրեմլի համար հաջորդ «հանգրվանը» Ադրբեջանն է, քանզի նրա նավթային և գազային պաշարները միշտ էլ անհրաժեշտ են Ռուսաստանին: Եվ ոչ միայն այս պաշարները: Ադրբեջանին ամբողջապես դարձնելով իր գործակիցը` Ռուսաստանը կարող է ազդեցություններ ունենալ նաև Թուրքիայում և Մերձավոր Արևելքում, առավել ամրապնդել իր կապերն Իրանի հետ: Եվ ահա Մոսկվայում ստեղծվել է «Ռուսաստանի ադրբեջանական համայնքային կազմակերպությունների միությունը», որն անմիջապես առաջ բերեց Բաքվի խիստ բացասական վերաբերմունքը: Այս նոր կազմակերպությունը չթաքցրեց իր համակրանքը Մոսկվայում գործող Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի հանդեպ, իսկ վերջինս պրոռուսական կազմակերպություն է:

Նոր ստեղծված մոսկովյան կազմակերպության կազմում են ընդգրկվել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի` «ԼՈւԿօյլի» նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Կրոկուս» նույնպես խոշորագույն ցուցահանդեսային հոլդինգի ղեկավար Արազ Աղալովը, «ATC» հոլդինգի համասեփականատեր Թելման Իսմաիլովը, որը Մոսկվայի սկանդալային «Չերքիզովսկի» շուկայի նախկին սեփականատերն էր, միլիոնատեր բիզնեսմեն Իսկանդեր Խալիլովը, Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովը, կինոդրամա տուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը և մոսկվաբնակ ուրիշ երևացող ադրբեջանցիներ: Նկատենք, որ այս ազերիներից շատերն ունեն հրեական արմատներ. նրանք երբեք չեն հանդիսացել ալիևյան իշխանության կողմնակիցներ: Կրեմլը հենվել է հենց այնպիսի ազերիների վրա, որոնց մի մասը միշտ էլ համարվել է ռուսաստանյան միլիարդատերերի միջուկը, տիրապետել ահռելի ֆինանսական միջոցների: Եվ չի բացառվում, որ նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կկամենան պաշտոնանկ անել Իլհամ Ալիևին, տեր կանգնել ադրբեջանական հարստություններին: Այսինքն, նրանք էլ կուզենան իշխանության գալ այնպես, ինչպես եկավ միլիարդատեր Իվանիշվիլին` ունենալով Ռուսաստանի սատարումը: Ուրեմն, բնավ էլ պատահական չէ, որ այս կազմակերպության անդամ են դարձել առաջին հերթին հզոր ֆինանսական կապիտալի ներկայացուցիչները: Պատահական չէ և այն հանգամանքը, որ կազմակերպությունն արդեն իր առաջին քայլերն է անում` Ռուսաստանի հայերի միության հետ ծրագրելով հանդիպումներ:

Ադրբեջանում քիչ չեն նրանք, ովքեր դեմ են ալիևյան իշխանությանը, դեմ են պատերազմին: Քիչ չեն նաև նրանք, ովքեր կամենում են վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց վախենում են հրապարակավ հայտնել իրենց կարծիքները: Ալիևյան կլանից հոգնած ու աղքատացած ժողովուրդը կմիանա այն մոսկվաբնակ ազերիներին, ովքեր կգան իշխանափոխության կոչերով: Կարելի է վստահորեն ասել, որ Մոսկվայում մշակվել է մի սցենար, որը կարող է արդեն առաջիկա նախագահական ընտրություններում կյանքի կոչվել և փոխել իրավիճակն Ադրբեջանում:

Եվ հենց այս հեռանկարն է կատաղեցրել Իլհամ Ալիևին ու նրա մերձավորագույն շրջապատին: Ալիևյան շրջանակն, առհասարակ, միշտ էլ ողջունել է տարբեր երկրներում ստեղծվող ադրբեջանական կազմակերպություններին, մինչդեռ հիմա փրփրակալած հայտարարություններ են հնչում, անգամ քիչ չեն դատապարտումի խոսքերը… Ադրբեջանում նաև հասկանում են, որ մոսկվաբնակ միլիարդատերերի ոտքի կանգնելու դեպքում` վերջիններս կստանան աջակցություն Իսրայելի կողմից, ամերիկյան հրեական լոբբին ևս կաշխատի հօգուտ այս մեծահարուստների: Անգամ ոմանք պնդում են, թե այն հանգամանքը, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում նվազել են ադրբեջանական նավթի արդյունահանման ծավալները, նույնպես պայմանավորված է հիշյալ մեծահարուստներով, ովքեր կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերել «Բրիթիշ Փեթրոլիումի» հետ…

Գուցե իսկապես սկիզբ առնի «ադրբեջանական գարունը», որն այս դեպքում մոսկովյան նախագիծ լինելով, կարող է օգտակար լինել նաև ադրբեջանական ժողովրդի համար… Ուրեմն, պետք է սպասել առաջիկա զարգացումներին և հատկապես նախագահական ընտրություններին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ