Դպրոցը ծանակում է աշակերտներին


 

Բրիտանական The TelegrΖΘh-ի հրապարակումներից մեկը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել` Հնդկաստանում աշակերտներին ծանակելու, նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի մասին:

Օրերս մամուլում հայտնվել է Նյու-Դելիում ապրող 13-ամյա աղջնակի պատմությունը: Ուսուցչուհին նրան ստիպել է մերկանալ` մեղադրելով մանր գողության մեջ: Եվ միայն կասկածելով, մանկավարժը նրան պարտադրել է հանել բոլոր հագուստները և տկլոր շրջել դպրոցի միջանցքներով: Աղջկա հարազատները հետո պատմել են, որ տուն գնալով` երեխան փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով 4-րդ հարկից: Բարեբախտաբար` կենդանի է մնացել, բայց առողջական վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Այս միջադեպը մեկն է բազմաթիվ այն դաժանություններից, որոնց ենթարկվում են դպրոցներում: Վերջերս էլ, մեկ այլ նահանգում 4 տարեկան երեխան երեխային ստիպել է խմել իր մեզը, որովհետև նա չէր հասցրել զուգարան հասնել և թրջել էր շալվարը: Նույն այդ` Անդհրա-Պրադեշ նահանգում ձերբակալվել է միջնակարգ դպրոցի տնօրենը, ով վայրագորեն ծեծել էր աշակերտին:

Դպրոցականների հանդեպ դաժանությունները խորթ չեն նաև Ռուսաատանում: Օրերս մեծ աղմուկ էր բարձրացրել բրյանսկցի ուսուցչուհու վարքագիծը. նա 3-րդ դասարանցի հաշմանդամին ստիպել էր ոտի կանգնած մնալ` ամբողջ դասաժամի ընթացքում: Իսկ մոտ 1 ամիս առաջ Իգլինո գյուղի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտին արյունլվա էր արել ուսուցչուհին: Եվ դա այդ մանկավարժի առաջին վայրագությունը չէր: Ավելին, նախկինում այդ կինը բանտային կալանք էր կրել` գողության համար:

Ծնողներին առավելապես անհանգստացնում է այն փաստը, որ դաժանաբարո ուսուցիչները հաճախ խուսափում են պատժից և անարգել շարունակում են վնասել իրենց մոտ ուսումնառության եկած անչափահասներին:

Չէ˜, մերոնք ուրիշ են: Հայաստանի դպրոցներում, համենայն դեպս, նման հրեշավոր վարքագիծ չի դրսևորվում: Հակառակ դեպքում` անպայմա´ն կիմանայինք: