Չինացու տապանը


 

Նոյ նահապետի հեռատեսությամբ շատերն են համակվել` չհասկանալով, որ Նոյին Աստված էր հուշել և փողը դեր չուներ այդ գործում: Բայց չինացի Լու Ցենգայն ինքնուրույն որոշել ու իր բոլոր փողերն է ծախսել, որպեսզի «21-րդ դարի Նոյյան տապան» կառուցի: Իհարկե` դա արել է 2012 թ. դեկտեմբերի 21-ին աշխարհի հնարավոր կործանումից փրկվելու համար, բայց չի իմացել կամ մոռացել է, որ Նոյը ջրհեղեղից էր փրկում ու փրկվում, ոչ թե մոլորակի կործանումից:

Մի խոսքով` Լուն 20 մետր երկարությամբ, 20 տոննա կշռով նավի շինության համար արդեն ծախսել է 160 հազար դոլար (տեղեկացրել է PrΖvdΖ.ru-ն):

Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում բնակվող Ցենգայն ասել է, որ այսպես կոչված տապանի կառուցումն ինքը սկսել է դեռ 2010 թ.:

- Ես վախենում եմ, որ երբ գա հայտնությունը, ջուրը կոչնչացնի իմ տունը: Այդ պատճառով էլ ես ծախսել եմ իմ բոլոր խնայողությունը: Երբ գա դատաստանի օրը, բոլորը կկարողանան պատսպարվել իմ տապանում,- ասել է չինացին:

Եթե աշխարհի վերջը չգա` Լուն հույս ունի իր տապանի վրա հրավիրել զբոսաշրջիկների ուշադրությունը:

Նավի կառուցման համար օգտագործվել է 10 տոննա փայտանյութ և 60 տոննա պողպատ: Շինարարությունը դեռ ավարտված չէ, որովհետև Լուի խնայած փողերը պրծել են…