Ամենանվազ ազդեցիկները


 

Բառախաղ է ստացվում. ազդեցիկ են, բայց` ոչ այնքան: Այնուամենայնիվ` ազդեցիկ են, և նրանց վարկանիշային ցանկում ընդամենը 25 «ընտրյալ» է հաշվառված: Ուրեմն այսպես կոչված անազդեցիկներն ավելի շատ են… Դա էական չէ, որովհետև GQ տղամարդկանց հանդեսն արդեն հրապարակել է այդ` «2012 թ. առավել քիչ ազդեցիկ մարդկանց» ցանկը, որում ընդգրկված են նաև ԱՄՆ-ի նախագահի չընտրված թեկնածու Միթ Ռոմնին, երկրի առաջին տիկին Միշել Օբաման և փոփ-աստղ Մադոննան: Ընդ որում` նրանց զբաղեցրած հորիզոնականները չի նշվում, որովհետև ցանկը կազմողները հատուկ ընդգծել են, որ նրանք բոլորը հավասար են: Ավելի կտրուկ են ձևակերպել` «Բոլոր զրոները հավասար են»: Նաև չարախնդացել են` առաջարկելով «այդ ցանկում հայտնված բոլոր մարդկանց հավաքել, նստեցնել լողացող սառցալեռան վրա և ուղարկել հեռավոր նավարկության»:

Պետք է նշել, որ հարցումներն ընդհանուր հարցալարով չեն անցկացվել: Միշել Օբաման, օրինակ, այդ ցուցակում հայտնվել է այն պատճառով, որ նրա նախաձեռնած «Եկեք շարժվենք» համազգային «արշավը»` ընդդեմ ճարպակալման, ապարդյուն է անցել. ամերիկացիներն ավելորդ ճարպակալումից չեն ձերբազատվել: Իսկ Մադոննան «տուժել» է, որովհետև նշվել է, որ ժամանակն է, որպեսզի նա «տեղը զիջի 800 երիտասարդ երգչուհիներին, ովքեր ամեն 5 րոպեն մեկ բեմի վրա հագուստ են փոխում, որ հանդիսատեսի ուշադրությունը շեղեն իրենց սարսափելի երգից»: