Մարշալ Բաղրամյանի 115 ամյակը

Հայրենասիրությունը` առանց սահմանի


 

Հովհաննես (Իվան) Խաչատուրի (Քրիստափորի) Բաղրամյանը ոչ միայն հայ ազգի պարծանքն է: Անգնահատելի է նրա ներդրումը` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Ցարական բանակում շարքայինից մինչև ԽՍՀՄ մարշալ (1955 թ.), կրկնակի հերոս (1944 թ. հուլիսի 29-ին և 1977 թ. դեկտեմբերի 1-ին):

Հմուտ զորավարի սխրանքն այսօր էլ չի մոռացվել, և այսօր էլ նա վայելում է նախկին խորհրդային ու եվրոպական բազմաթիվ ժողովուրդների հարգանքը:

Մարշալ Բաղրամյանի կյանքի անցած ուղուց պետք է դասեր քաղել` ազգի գոյատևման և զարգացման համար, որը գլոբալիզացիայի, շուկայական հարաբերությունների պայմաններում երբեմն մոռացվում է: Աշխարհահռչակ կրկնակի հերոսի մասին ԽՍՀՄ քառակի հերոս մարշալ Գ. Կ. Ժուկովը գրել է.

- Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ռազմիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց անուններն անմահացրին անվեհեր մարտիկների չխամրող փառքով:

Մարշալ Բաղրամյանի ռազմագիտական տաղանդի մասին է վկայում Կուրսկի ճակատամարտի պլանի քննարկման ժամանակ նրա ներկայացրած առաջարկությունը, որը արժանացավ ԽՍՀՄ Գերագույն գլխավոր հրամանատար Ի. Վ. Ստալինի գովաբանությանը: Նա ասաց.

- Բայց Բաղրամյանը գործ է առաջարկում: Իմ կարծիքով պետք է համաձայնվել նրա առաջարկությանը: Ինչ վերաբերում է բանակի հրամանատարի հոգատարությանը` ավելի նպաստավոր պայմաններում անցկացնել ռազմական գործողությունները, այն արժանի է գովաբանության: Չէ՞ որ նրա վրա է մնալու պատասխանատվությունը, եթե հաջողություն չեղավ:

Իհարկե, Գլխավոր շտաբի մշակած պլանը և գեներալ Ա. Անտոնովի կողմից ներկայացրածն այնքան էլ իրատեսական չէր, չէր համապատասխանում հակադրված կողմերի կարողություններին, որին ավելի լավ էր տիրապետում 11-րդ գվ. բանակի հրամանատարը: Ես 1943 թ. հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 17-ը 11-րդ գվ. և 61-րդ բանակները գեներալներ Ի. Բաղրամյանի և Պ. Բելովի գլխավորությամբ անընդհատ հարձակողական գործողություններով առաջ անցան ավելի քան 200 կմ: Մեծ կորուստներ կրեց հակառակորդը, որն էլ դարձավ Կուրսկի ճակատամարտի հաղթանակի նախապայմանը:

Փոքր ու մեծ շատ ժողովուրդների համար Հայաստան աշխարհը դարձել է հինգ մարշալների երկիր, ՀՄՊ-ի տարիներին տասնյակ գեներալ-հրամանատարների հայրենիք: Մինչդեռ մենք նրանց համար առանձին թանգարան չունենք: Մոսկվայում` ԶՈՒ-ի թանգարանում հաղթանակած Մարշալների սրահում չկա մարշալ Բաղրամյանի նկարը: Ասում են, թե նա մարշալի կոչմանն արժանացել է պատերազմի 10-ամյակին, բայց նույն սրահում կա բանակի գեներալ Ա. Ի. Անտոնովի նկարը, որը պատերազմի տարիներին ճակատամարտերի հրամանատար չի եղել:

Մարշալ Հ. Բաղրամյանի կյանքը և անցած ուղին ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կարևորագույն ուղղությունների թվում առանձնահատուկ տեղ է գրավում, որովհետև մեր աշխարհաքաղաքական դիրքը ինքնըստինքյան այդ է պահանջում: Տարբեր բնագավառներում կադրեր ընտրելիս` անհրաժեշտ նախապայման պետք է համարել բանակում ծառայած լինելու փաստը:

***

Տողերիս հեղինակը բախտ է ունեցել երեք անգամ տեսնել, հանդիպել և լսել մարշալ Հ. Բաղրամյանին. առաջին անգամ` 1963 թ., Կիրովաբադում, որտեղ լեյտենանտ էի և բազմազգ զինկոլեկտիվում հպարտանում էի որպես հայ: Երկրորդ հանդիպումը 1976 թվականին էր` Լենինականի սպայի տանը, իսկ երրորդ անգամ 1978 թ. Երևանում «Ռոսիա» կինոթատրոնում, որտեղ հրավիրված հանդիսավոր նիստը նվիրված էր Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ անցման 150-ամյակին: Այստեղ ընդմիջման ժամանակ մեծ հետաքրքրությամբ լսում էինք նրա և Սիլվա Կապուտիկյանի զրույցը, որը մեծ ոգևորվածության դաս էր ինձ համար: Այդ նիստին մասնակցում էին Հայոց Վեհափառ Վազգեն 1-ինը, մարշալ Ռ. Մալինովսկին` Մոսկվայից, Անդրկովկասյան Հանրապետությունների ղեկավարներ Կ. Դեմիրճյանը, Է. Շևարդնաձեն, Հ. Ալիևը և շատ այլ նշանավոր հյուրեր:

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ

Գնդապետ