«Մարտից առաջ ժպտում էին...»


 

«Այդպես խեղճ մի´ նայիր ինձ, մա´յր, եթե հարկ լինի, ես կզոհվեմ, թաքի (միայն թե) դու ապրես»... …Այս խոսքերը հնչել են Արցախյան ազատամարտի զոհված հերոսներից մեկի` Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար Աշոտ Սարգսյանի շուրթերից, երբ մարտիկի մայրը կարեկցանքով է նայել մարտադաշտից վերադարձած որդուն...

«Միայն թե դու ապրես». այսպես է վերնագրված լրագրող, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիր Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ երկհատորյակը, որտեղ ընդգրկված է 1988-2011 թթ.-ին մամուլում հրատարակված հրապարակումների ստվար հատվածը:

Կրկին նույն ոգին, նույն դողը, սրտի նույն տաք բաբախները` յուրաքանչյուր տառ ու բառում: Այստեղ պատմություններ են իրական հերոսների մասին, այստեղ ամեն մի բառն ապրում ու ապրեցնում է, ոգեկոչում հերոս հայորդիների հիշատակը, մեկ անգամ ևս հիշեցնում` մենք հաղթող ժողովուրդ ենք: Իր գրչին հավատարիմ` հեղինակը սրտի դողով ու երկյուղածությամբ է ներկայացնում մեր հերոսների մարդկային վեհ նկարագիրը, ճանաչելի դարձնում նրանց գործի մեծությունը` հատկապես մատաղ սերնդին:

Երկհատորյակի հերոսները Ցեղասպանություն, ավերիչ երկրաշարժ, ապա պատերազմ, վիշտ, ցավ ու կորուստներ ապրած, սակայն և մաքառել, արարել, հաղթել կարողացող ժողովրդի զավակներ են: Ինչպես նաև նորօրյա հերոսները` հայրենյաց սահմանները պաշտպանող սպան ու զինվորը: Տողերից հառնում են լեգենդար Ավոյի, պռոշյանցի խենթի` Կարոտ Մկրտչյանի, Պետրոս Աբաջյանի, Արկադի Սեմերջյանի, Սոս Հովսեփյանի, մեր մյուս հերոսների նկարագրերը, դառնում է´լ ավելի հարազատ, սիրելի:

- Արցախյան պատերազմի տարիներին պարբերաբար գնում էի Շուշի, Ստեփանակերտ, Քարվաճառ... և գրում էի այն տղաների մասին, ովքեր հերոսաբար մարտնչում էին թշնամու դեմ: Խիզախ տղաներ էին` պարզ, լուսավոր` Րաֆֆու «Սամվելի», Դեմիրճյանի «Վարդանանքի» ոգով մեծացած: Ինձ համար մեծ պատիվ էր առնչվել նրանց հետ մարտից առաջ: Մարտից առաջ նրանք զարմանալիորեն ժպտում էին, երգում էին: Երբեմն մտածում էի` միգուցե լրագրողի ներկայությամբ են ժպտում, սակայն Շուշիում մտերիմներս ասացին, ես ինքս էլ համոզվեցի, որ նրանք միշտ այդպես են գնում մարտադաշտ:

Սիրում եմ իմ հերոսներին: Զոհվածներից մեկի մայրը, ծանոթանալով գրքին, ասաց` այդքան ցավ ինչպե՞ս ես գրառում, ինչպե՞ս ես դիմանում: Զարմացա. այդ պատմությունները գրառելիս` ես տղաների հերոսական ոգով եմ հիացել, ինձ համար իսկապես մեծ պատիվ է եղել գրառել նրանց մասին պատմությունները: Վաղը մեր տաղանդավոր զավակներն այդ փաստական նյութից ավելի հզոր գործեր կստեղծեն, որովհետև հայրենիքի նվիրյալների ոգով պետք է երիտասարդ սերնդին դաստիարակենք, որպեսզի մի սրտի չափ փոքրացած հայրենիքը կարողանանք պահել-պահպանել,- ասում է Ասպրամ Ծառուկյանը:

Հեղինակն իր աշխատությունը նվիրել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակին: Գրքի էջերից հարցազրույցների միջոցով իրենց խոհերն են կիսում անվանի զինվորականներ` գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, գեներալ-մայոր Գուրգեն Մելքոնյանը: Մարդիկ, ում ավանդն անուրանալի է մեր բանակի կազմավորման գործում: Մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում զրույցը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծնողների հետ:

«Չօտարանանք Արարատին» խոսուն վերնագիրը կրող նախաբանում հաղորդակից ենք դառնում հեղինակի տագնապներին, խորհրդածություններին, նրա հետ տագնապում` օրավուր ավելացող արտագաղթի ծավալներից: Մինչդեռ մեզ հզոր երկիր է անհրաժեշտ, այդ հզոր պետության մասին էին երազում մեր հերոսները, պարտավորեցնում չլքել սուրբ հողը: Տեր կանգնել հողին, տեր կանգնել Եռաբլուրին...

«Հայաստանից հեռացող յուրաքանչյուր ոք, եթե հոգում հայրենապաշտության գեթ աղոտ մի կայծ կա, պետք է գիտակցի, որ իր մեկնումով անփոխարինելի սրբատաշ մի քար է ընկնում հայրենիք-տան հիմնապատից, խարխլվում, ամայանում է ի սկզբանե «երկիր դրախտավայր» կոչված հողը, որին են շաղկապում իրենց նախասկիզբն աշխարհի ժողովուրդ ները»:

Ընթերցողը ևս վարակվում է հեղինակի ընդգծված հավատով ու համոզմունքով, որ գալու է Արարատի ազատագրման ժամը.

- Չհեռանանք, չօտարանանք Արարատին, որ հայ երևույթի, մարդկության նախասկզբի ու տիեզերական ներդաշնակության խորհրդանիշն է: Թեկուզ օտարի բռնատիրած, սակայն մեր էության մեջ է սրբազան լեռը: Սահմանները բիրտ ուժով են գծված, և մի օր դրանք փլուզվելու- վերանալու են, վերադառնալու ենք էրգիր` ոչ միայն մեր պապերի շիրիմներին այցի, այլև հայ կյանքի ստեղծարար աշխույժով լցնելու ամայացած ճամփաներն ու շեները, Արարատի, Նեմրութի փեշերը,- համոզված է Ասպրամ Ծառուկյանը:

Երկհատորյակի` օրերս կայացած շնորհանդեսի ժամանակ Ասպրամ Ծառուկյանն արժանացավ Հայաստանի ժուռնալիստների միության «Վաստակի համար» շքանշանի, «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի պատվոգրի և «Մոնթե Մելքոնյան հիմնադրամ» ՀԿ պատվոգրի (ի դեպ` ինչպես ՀԿ նախագահ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Մոնթեի մարտական ընկեր Ալեք Ենիգոմշյանը շեշտեց, որ դա առաջինն է հիմնադրամի պատմության մեջ):