«Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» պատմության անկասելի շրջապտույտը


 

Արձակագիր, հրապարակախոս Արմեն ԱԼԱՆՆ այսօր հայ հանդիսատեսի դատին կներկայացնի իր «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» վեպ-խրոնիկան: Առաջին իսկ հայացքից չափազանց գրավիչ թվացող ու մատուցման ինքնատիպ եղանակով առանձնացող այս ստեղծագործությունը հեղինակի 3-րդ գիրքն է: 1997-ից ԱՄՆ-ում բնակվող Արմեն Ալանի համար խորհրդանշական է իր ստեղծագործությունը ներկայացնել նախևառաջ մայր հայրենիքում: Շուրջ 20 տարի զբաղվել է լրագրությամբ, հեռուստահաղորդումների, տեսաֆիլմերի հեղինակ է, Հայաստանի առաջին գունավոր գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական «Колесо Фортуны » հանդեսի հիմնադիր-խմբագիրը:

- Բավական «կանչող» և ուշագրավ վերնագիր է, անմիջապես մղում է գիրքն ընթերցելու: Ինչո՞ւ «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար»: Ի՞նչ հիմնական գաղափար է արծարծված այստեղ:

- Նախ նշեմ, որ ժամանակին հոդվածներ եմ տպագրել նաև «Ավանգարդ» թերթում: Երկար բացակայությունից հետո շատ ուրախ եմ, որ թերթը շարունակում է տպագրվել, և մեծ թվով ընթերցողներ ունի: Ինչ վերաբերում է գրքին` ապա այստեղ առանձնանում են սյուժետային 3 հիմնական գծեր: Առաջինը գեղարվեստական մասն է` Պրոմեթևսի մասին պատմող ավանդությունը, 2-րդ գիծը համաշխարհային կարևորագույն իրադարձությունների խրոնիկան է: Իրադարձություններ, որոնք այս կամ այն չափով էական նշանակություն են ունեցել մարդկության, այս կամ այն երկրի զարգացման, առաջընթացի վրա և 3-րդը` «Բիթլզ» քառյակի պատմությունն է, այնուհետև Ջոն Լենոնի հասարակական- քաղաքական գործունեությունը: Եթե մի փոքր պատկերավոր ասենք, խրոնիկան ֆոն է, որի վրա զարգանում են մյուս երկու գծերը: Հիմնական գաղափարն այն է, որ պատմությունը մեծ շրջան է գծում և վերադառնում է նույն կետին: Բազմաթիվ դեպքեր, իրադարձություններ կրկնվում են: Իսկ այդ ընթացքում շատ երկրներ նույն սխալն են գործում` պատմության տված դասերը չառնելով: Այդ ֆոնի վրա էլ զարգանում է Պրոմեթևսի պատմությունը: Կարծում եմ` ընթերցողին երևի ինչ- որ տեղ հուշել է պետք, քանի որ գրքի կառուցվածքն անսովոր է: Շատերը կարող են հարցնել` թե Պրոմեթևսի պատմությունն ի՞նչ առնչություն ունի ժամանակակից իրադարձությունների հետ և ինչո՞ւ «Բիթլզ»: Պրոմեթևսի կերպարն օգտագործել եմ որպես միֆ, բայց մետաֆորիկ կերպար, որն իր մեջ մարմնավորում է ջահակրի գաղափարը: Ջահակիրները միշտ առաջնորդ են, որոնք իրենց համոզմունքների համար գնում են իրենց ընտրած ճանապարհով: Ջահակրի գաղափարը հասնում է նաև մինչև 20-րդ դար, որտեղ նույնպես Պրոմեթևսներ էին ապրւմ: Որպես հուշում` տվել եմ Ալբեր Քամյուի էսսեից վերցված մի փոքրիկ կտոր, որտեղ շեշտվում է, որ մինչև հիմա մեր կողքին ապրում են Պրոմեթևսներ, իսկ մենք անհաղորդ ենք նրանց ձայնին: Ընթացքում այս 3 գծերը համեմատության եզրագծեր են դառնում, միանում իրար: Վերջում ընթերցողը պարզում է, որ մերօրյա ջահակիրներին հանդիպել է գրքի էջերում` Մահաթմա Գանդի, Անդրեյ Սախարով, Մարտին Լյութեր Քինգ. կերպարներ, ովքեր իրենց գաղափարի համար զոհվեցին: Նրանք ջահակիր են, առաջնորդ, ով պատրաստ է հանուն գաղափարների կառափնարան բարձրանալ և զոհվել: Իմ համոզմամբ` նա, ով ջահ է բարձրացնում, առաջին քայլն է անում դեպի կառափնարան: Գրքի մեջ պատկերված է իրականությունը, թեև միգուցե ոչ այնքան հուսադրող: Ավելացնենք, որ նախքան գիրքը գրելը` դեռ Հայաստանում սկսեցի կասկածել, որ Ջոն Լենոնի սպանությունը պատահական չէր: Երբ արդեն ԱՄՆ-ում սկսեցի զանազան արխիվներ ուսումնասիրել, հանդիպել նրա ժամանակակիցներին, ծանոթներին, կասկածներս խորացան: Վերջին տարիների ընթացքում 4 գրքեր լույս տեսան, որոնք բացահայտ հաստատում են, որ սա քաղաքական սպանություն էր` իր հայացքների, քաղաքական գործունեության համար: Քանի որ քչերին են հայտնի նրա քաղաքական հայացքները, որոշեցի կերպարն ամբողջացնել: Սկսեցի այդ գրքերից մեջբերել հարցեր, որոնց պատասխանը դեռ ոչ ոք չի ստացել: Քրեագիտության մեջ ի դեպ` հանցագործության բացահայտումն սկսվում է մի հարցից, թե ո՞ւմ էր դա ձեռնտու: Այդ հարցի պատասխանն ստանալուց հետո հեշտ է բացահայտել: Ես ներկայացնում եմ այդ հատվածները և փորձում եմ հասկանալ` ում էր ձեռնտու Լենոնի սպանությունը: Թող տպավորություն չստեղծվի, թե ես ինչ-որ բան եմ պնդում, պարզապես փաստերն եմ դնում կողք- կողքի... Հույս ունեմ, որ այս գիրքը կարդալուց հետո շատերը կմտորեն աշխարհում կատարվող իրադարձությունների մասին: Կգիտակցեն, որ այսօր լուրջ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում, աշխարհի նոր քարտեզն է գծվում: Բոլոր ժողովուրդների վզին փաթաթվում են կասկածելի արժեքներ: Գիրքն ամփոփել եմ այսպիսի հատվածով, որ միգուցե առաջին հայացքից անսովոր թվա.

«Օրն ավարտվում էր...

...Ինչպես շաբաթը, ամիսը, տարին, ինչպես 2012-ի դեկտեմբերին ավարտվող մայաների ապոկալիպտիկ օրացույցը:

...364 մյուս օրերի ու գիշերների նման` վաղը նորից սկսվելու պարտադիր- անխուսափելի պայմանով»:

Այդ շրջապտույտը ոչ ոք չի կարող կանգնեցնել:

- Ի՞նչ խնդիրներ ունի դրսում ստեղծագործող հայը:

- Առաջին հերթին` հայ մնալ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ