Իսկ գողը տանու մարդ էր


 

Օրերս բացահայտված այս հանցագործության գործողություններն էլ ծավալվել են ոստիկանության Մաշտոցի բաժնի վարչական տարածքում` Սիլիկյան թաղամասում:

Այս թաղամասում շինարարական մի պատկառելի հիմնարկություն է տեղակայված, որի ելումուտն ու ամբողջ տարածքի հսկողությունն իրականացնում են մասնավոր պահնորդական ֆիրմաներից մեկի անվտանգության աշխատակիցները: Եվ միգուցե այդ աշխատակիցներից մեկը` Ա.-ն, այսօր էլ շարունակեր իր հանցավոր, իսկ ավելի ճիշտ` դավաճանական գործունեությունը և նյութական առավել մեծ չափերի հասնող վնասներ հասցներ իր պահպանությանը հանձնված հարազատ հիմնարկությանը, որտեղից վարձատրություն է ստանում, եթե այդ չարաբաստիկ օրը, այն էլ պատահականորեն, ոստիկանության ծառայողներին քաղաքի կենտրոնում կասկածելի չթվար նրա վարքագիծը: Իսկ երբ Ա.-ին գողության կասկածանքով բերման ենթարկեցին բաժին և մի քանի «կողմնորոշիչ» հարցեր տվեցին, նա հանկարծակիի եկավ և ոստիկանների համար էլ անսպասելի` սկսեց խոսել…

Քիչ անց պարզվեց, որ նախորդ երեկոյան, ժամը 22.00-ի սահմաններում, Ա.-ն աշխատանքի ժամին, իր կողմից պահպանություն իրականացվող հիմնարկության տարածքից գողացել է բեռնատար ավտոմեքենայի էլեկտրական 4 մարտկոց:

Գողության փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: