Էս էլ է պատիժ


 

Ամերիկյան դատավորները անչափահասների նկատմամբ հաճախ այնքա˜ն անսպասելի վճիռներ են կայացնում, որ երդվյալ մանկավարժն անգամ կդժվարանար նման պատիժ գտնել` դժվար դաստիարակվող անչափահասին «խելքի բերելու» համար:

Առժամանակ առաջ, օրինակ, հարևան երեխաներին մշտապես ճնշելու համար մի աղջնակի դատարանը պարտադրել էր կտրել առատ մազերը: Դա այնքան մեծ ցավ էր պատճառել աղջկան, որ նա պատրաստ էր ցանկացած այլ պատիժ կրել, միայն թե վարսերին ձեռք չտան:

Իսկ վերջերս Օկլահոմայի Մասկոհի մարզում իր հասակակցին սպանած դեռահասին դատապարտել են… 10 տարի եկեղեցի այցելելու «ծանր պատժի»: Սպանությունն, իհարկե, կանխամտածված չի եղել: 17 տարեկան Թայլեր Էլռեդը անսթափ վիճակում մեքենա է վարել ու վթարի ենթարկվել: Ինքը փրկվել է, բայց զոհվել է նրա մեքենայում գտնվող 16-ամյա Լյուկ Դամը:

Ամեն կիրակի եկեղեցի գնալուց բացի, Թայլերը պարտավոր է ձեռքին հատուկ ապարանջան կրել, որը վերահսկում է նրա օգտագործած ոգելիցի քանակը: Տղան նաև պետք է այցելի նույն հանցանքը գործած վարորդներին և հավաքների ընթացքում լսի ու խոսի անսթափ վիճակում մեքենա վարելու տխուր հետևանքների մասին: Հավելումն` ազատության մեջ պատիժը կրող Թայլերը պարտավոր է հոգեբանի մշտական հսկողության տակ լինի և պարբերաբար արյան անալիզ հանձնի` արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի առկայությունը ստուգելու նպատակով (տեղեկացրել է vlΖsti.ru-ն):