ՎԵՐՋԱՊԵ˜Ս


Մամուլը հաճախ է անդրադարձել մեզանում աղանդների տարածված լինելու խնդրին` տեղին մտահոգություն հայտնելով դրանցից հավուր պատշաճի պաշտպանված չլինելու առնչությամբ: Չկարողանալով կանխել աղանդների հարաճուն արշավանքը, հաճախ մեղադրել ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն` թե նա թերանում է իր հոտին աղանդներից հեռու պահելու, աղանդների դեմ պայքարելու գործում: Մոռացել ենք, որ 70 անաստված տարիների ընթացքում Եկեղեցին անչափ տկարացել է և ինքն այսօր օգնության կարիք ունի: Չենք գիտակցել մի պարզ ճշմարտություն` Եկեղեցին մենք ենք` հավատացյալ ողջ հայությունը: Իսկ աղանդների դեմ պայքարելը պետության գործառույթն է: Խղճի ազատության մասին օրենքի անկատարության պատճառով է նաև, որ իրավապահները մինչ օրս չեն կատարում կամ չեն կարողանում կատարել քաղաքացիների խղճի ազատության իրավունքի պաշտպանությունը: Սանձարձակությամբ հատկապես առանձնանում է «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը: Նրանց թիվն, ըստ որոշ տվյալների, հանրապետությունում հասնում է 300 հազարի: Փողոցում մեզանից շատերին են մոտեցել այդ աղանդի ներկայացուցիչները և իբրև թե անմեղ հարցով փորձել խոսքի բռնվել ու քարոզել: Այսինքն, հոգեորսությամբ են զբաղվում, ինչն արգելված է օրենքով: Իսկ արդյո՞ք երբևէ պատահել է, որ ովևէ մեկը միջամտի և արգելի: Իհարկե, հաճախ նաև դատական հայցեր են հարուցվել եհովայի վկաների դեմ, սակայն նրանց մեղսակցությունն ապացուցելը, պարզվում է, բավական դժվար գործ է. և´ օրենքն է անկատար, և´ այդ աղանդավորները ֆինանսավորվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ու հարկ եղած դեպքերում շատ ձեռնբաց են… Բազմաթիվ են դեպքերը, երբ նրանց հաջողվել է «ջրից չոր դուրս գալ», և պարզապես ծաղրել մեր խղճի իրավունքը պաշտպանելու անկարողությունը: Ցավալի փորձն ունենալով, թվում էր` Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի դեմ Տեր Եսայի քահանա Արթենյանի հայցը նույն ճակատագրին կարժանանա, ինչ ընթացք որ ունեցել են մինչ այս ներկայացված նման այլ հայցերը: Հիշեցնենք` քահանան նկատել է, որ «Սուրբ երրորդություն» եկեղեցու բակում Եհովայի երկու վկաներ փորձում են իրենց աղանդի ճանկը գցել անցորդներին: Քահանան միջամտում է` պահանջելով, որ հեռանան եկեղեցու տարածքից: Բայց աղանդավորները սկսում են վիճաբանել և նույնիսկ սպառնալ: Քահանան փորձում է ձեռքի հեռախոսով լուսանկարել հոգեորսության փաստը, սակայն Անդրանիկ Մակվեցյանը հարվածում է քահանայի ձեռքին և խլում հեռախոսը` չմոռանալով դարձյալ սպառնալ: Քահանան ստիպված դիմում է դատական մարմիններին: Դատը ձգվեց մի քանի ամիս: Պատասխանող կողմը ամենատարբեր պատճառաբանություններով ջանում էր վիժեցնել դատական գործընթացը: Մինչև անգամ Բրիտանական թագավորությունից և Կանադայից դատապաշտպաններ հրավիրվեցին: Իհարկե, օտարերկրյա փաստաբաններին հարկավոր էր ավելի թանկ վճարել, հոգալ նրանց գործուղման ծախսերը: Սակայն դա չկանգնեցրեց Եհովայի վկային: Վերջապես նոյեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հաջողվեց տրամաբանական ավարտին հասցնել դատը. Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանը դատապարտվեց վեց ամսվա ազատազրկման: Դատարանը հաշվի առավ մեղմացուցիչ հանգամանքը` Անդրանիկ Մակվեցյանն անչափահաս որդի ունի: Սակայն խիստ կասկածելի է` ի՞նչ դաստիարակություն պետք է ստանա այդ երեխան աղանդավոր հորից: Ի դեպ, 90-ականներին Եհովայի վկաները փորձեցին բարեգործության քողի տակ խցկվել նաև պատերազմի բոցերով պարուրված Արցախ: Ասում էին` բարեգործական ճաշարան են ցանկանում բացել ծերերի և զինվորների համար: Այն ժամանակվա ԼՂՀ ղեկավարությունը բանից անտեղյակ` թույլատրեց: Սակայն շատ ժամանակ չպահանջվեց` դրանց իրական` սատանայական դեմքը պարզելու համար: Նրանք սկսել էին զինվորներին քարոզել` հրաժարվել զենք վերցնելուց` թեկուզ հայրենիքը պաշտպանելու համար: Հետևեց ԼՂՀ իշխանությունների կտրուկ հրահանգը` 24 ժամվա ընթացքում լքել ԼՂՀ սահմանները: Չենթարկվելու պարագայում սպառնացին նրանց հետ վարվել պատերազմական ժամանակների օրենքներով և խստությամբ: Արդարացի սպառնալիքն ազդեց. ԼՂՀ տարածքն իսկապես զերծ մնաց աղանդներից: ԼՂՀ օրինակն ուսանելի պետք է լինի Հայաստանի Հանրապետության համար: Իհարկե, աղանդի դեմն առնելու այլ միջոցներ էլ կան: Տարիներ առաջ, երբ «Եհովայի վկաներ» կազմակերպությունն օրինական գրանցում էր ստանում, կառավարությունն այդ առնչությամբ հանրության ընդվզումներին պատասխանում էր, թե գրանցումը կօգնի հետագայում օրենքը խախտելու դեպքում արգելել կազմակերպության գործունեությունը: Ֆրանսիան ունի դրա փորձը, իսկ այդ երկրից մենք շատ այլ հարցերում ենք օրինակ վերցրել. ինչո՞ւ նույնը չանենք նաև այս հարցում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ