1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Վառելանյութը Երևանում թանկացել է, մայրաքաղաքի բնակիչների տների պատուհաններից դուրս ցցված ծխնելույզների թիվը` շատացել: Մարդիկ այս տարի նորից բնակարանները տաքացնելու ավանդական եղանակին են անցել այն դեպքում, երբ փայտի խորանարդ մետրը Երևանում աննախադեպ գին ունի. վառելացախը երբեք 20 հազար դրամ չի արժեցել: Սրանով հանդերձ, մեր հայրենակիցների ձմեռային բյուջեի հաշվարկները հավանաբար արձանագրել են, որ գազ սպառելու դեպքում վճարելիքն անհամեմատ շատ է լինելու: Ճիշտ է, տարիների ընթացքում մեր ազգային արժույթն էլ է չափից դուրս արժեզրկվել, բայցևայնպես նախորդ տարի փայտի 1 խորանարդն արժեր 15 հազար դրամ, իսկ մոտ մեկ տասնամյակ առաջ, երբ բնության հարստությունն էր դաժան ձմեռները հաղթահարելու լավագույն միջոցը, վառելափայտի 1 խմ¬ն 10-12 հազար դրամ արժեր: Ասում են, թե այս տարի հենց այդ ժամանակների պահանջարկն է վերականգնվել, և հենց պահանջարկի աճն էլ թանկացման է հանգեցրել: Բնապահպանության նախարարությունը չի շտապում հայրենի բնության դեմ ծավալված հարկադիր (՞) արշավի մասին տվյալներ հրապարակել: Խիստ կասկածելի է, թե ձմեռ-2012¬ի ընթացքում հատված ծառերի գոնե մոտավոր թիվը երբևէ հայտնի կդառնա՞: Մայրաքաղաք ելումուտ անող ծանրաբեռնված հսկայական բեռնատարների թվից դատելով, սակայն, պարզ է դառնում, որ անտառահատումներն այս անգամ աննախադեպ լայնածավալ բնույթ ունեն: Հայտնի է նաև, որ անտառներ մեր երկրի ավելի քան մեկ տասնյակ մարզերից միայն երեքում կան: Սյունիքի բնափայտը տեղի բնակչությանն է միայն ծառայում, քանի որ Երևան հասցնելու դեպքում բեռնափոխադրման ինքնարժեքը չափազանց բարձր կլինի: Տավուշի և Լոռու մարզերի անտառներին էլ բաժին է հասել մայրաքաղաքին բնափայտ մատակարարելու հին, բայց չհնացող գործը... Սա այն դեպքն է, երբ ճտերը գարնան են հաշվելու: Թեև նշված մարզերի բնակիչները հավատացնում են, որ ծառահատման ներկայիս ընթացքը մարտ¬ապրիլ ամիսներին հավանաբար հաշվելիք թողած չի լինի: