ՌՈՒՍՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ…


Հայկական ատոմակայանի կառավարումը ստանձնած ռուսական ՌԱՕ ԵԷՍ կոնցեռնը հեռանում է Հայաստանից: Այս տեղեկությունն արդեն հաստատվել է, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ: Այն մտավախությունը, թե ռուսական ընկերության հեռանալուց հետո մեր ատոմակայանը կկանգնի լուրջ խնդիրների առջև` կարծես օրակարգից հանված չէ, չնայած դեռ մինչև 2013 թվականը ուժի մեջ են լինելու ստանձնած պարտավորությունները: Նշանակում է` դեռ մի տարի հանգիստ կարող ենք շահագործել ատոմակայանն ու համարվել տարածաշրջանի էներգետիկ ամենամեծ ներուժն ունեցող երկիրը: Սակայն 2013-ից հետո իսկապես կկանգնենք լուրջ հիմնախնդիրների առջև: Դրանք կառնչվեն հումքի ձեռքբերմանն ու մնացուկների «գերեզմանին», Վրաստանի հետ էներգետիկ համաձայնագրի ստորագրմանը և այլն: Մինչ այժմ այդ հարցերը լուծվում էինջ ռուսական կողմի ջանքերով` Հայաստանին հեռու պահելով խնդիրներ լուծողի դերից: Կա նաև մտահոգող մեկ այլ հանգամանք ևս. 2014 թվականին լրանում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից սահմանված` ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Ինչպես գիտենք, Հայկական ատոմակայանն ընդգրկվել էր հետխորհրդային տարածքում գործող այն ԱԷԿ¬ների շարքում, որոնք չեն համապատասխանում ժամանակակից կայանների պահանջներին և պիտի դադարեցնեն իրենց գործունեութ յունը: Սրանից զատ, ռուսական կողմը Հայաստանին խոստացել էր` նպաստել նոր ատոմակայանի կառուցմանը: Սակայն այժմ կարծես թե բոլոր խոստումներն ի դերև են ելնում` Հայաստանին կանգնեցնելով բարդ իրավիճակի առջև: Վերջին շրջանում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, մերձեցումը եվրոպական ընտանիքին և ռուսական ներկայության նվազեցումը երևի անհանգստացրել են Ռուսաստանին: Կրեմլը մտահոգված է, որ Երևանը նոր գործընկերային հարաբերություններ է ձևավորում` ոչ միշտ Ռուսաստանին համարելով գերակա` իր արտաքին քաղաքական դոկտրինում: Հենց սա էլ կարող է ռուսական ընկերության հեռանալու պատճառներից մեկը հանդիսանալ, քանի որ այդ երկիրը հաճախ է իր վառելիքաէներգետիկ ներուժը քաղաքականացնում և այդպես ճնշումներ գործադրում շրջակա պետությունների վրա: Ասվածն առավել հիմնավորելու համար հիշենք, որ վերջերս թուրք և ազերի քաղաքագետներն ակնարկում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարդացման, ռուսական կողմի նոր մարտավարության որդեգրման մասին: Հայ քաղաքագետները ևս անտարբեր չեն այս խնդրին, նրանք նույնպես նկատում են քայլեր, որոնք հետագայում կարող են լուրջ ազդեցություններ ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում… Ռուսաստան-Վրաստան երկխոսության մեջ Հայաստանը կարող է լավագույն միջնորդը լինել: Եվ Ռուսաստանն էլ իրապես Հայաստանից սպասելիքներ ունի: Ուրեմն, հարկավոր է նոր ջանքեր գործադրել ընձեռված պահից հնարավորինը քաղելու: Միայն այդ կերպ կարելի կլինի լուծել շատ հարցեր և անգամ համակերպվելով ատոմակայանից ռուսական ընկերության հեռացման փաստի հետ` Ռուսաստանն օգտագործել թափոնների թաղման և հումքի ներկրման համար…