ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ


Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես բարդ, եթե չասենք` քաոսային վիճակ է ստեղծվել: Քաղաքագետներից շատերի կարծիքով` սա չափազանց բնական և օրինաչափ իրադրություն է` ընտրություններից առաջ: Մանավանդ` Հայաստանի նման երկրներում, ուր քաղաքական դաշտը դեռևս կայանալու կարիք ունի, դեռևս հստակեցված չեն շատ քաղուժերի դիրքավորումներն ու հայեցակարգերը: Ավելին, շարք կուսակցություններ չունեն նաև հստակ արտահայտված քաղաքական կողմնորոշումներ, ծրագրային առանձնահատկություններ: Հենց այս լղոզվածությունը, միայն ու միայն իշխանության համար մղվող պայքարն էլ ստեղծում են այն իրավիճակը, որում այժմ գտնվում է նախընտրական Հայաստանը: Վերջին օրերի ամենաինտրիգային խոսակցությունները վերաբերում են ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ալյանսին: Այդ խոսակցություններն առայժմ ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում են` հուշելով, որ խնդիրն օրակարգային է, և չի բացառվում երկու իշխանական կուսակցությունների միավորումը: Թե որքանով Հանրապետականին ձեռնտու կլինի միավորումը նախընտրա կան մեկ ցուցակում` դժվար է ասել, որովհետև Նախագահի կուսակցությունն ունի իր հստակ արտահայտված ընտրազանգվածը, բոլոր լծակները` հաջողություն ապահովելու համար: Կուսակցությունների միավորումն անպայմանորեն կստեղծի որոշակի միաբևեռայնություն, սակայն սա կարող է նաև օգտակար լինել ընդդիմության համար` ստեղծելու միասնական ճակատ և միավորելու բոլոր ջանքերը: Միավորումը բավական վտանգավոր իրավիճակ կստեղծի կոալիցիոն մյուս ուժի` «Օրինաց երկրի» համար, որն ամբողջապես կհայտնվի «խաղից դուրս» վիճակում` տարուբեր վելով իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև: Հայկական ընտրազանգվածն իր առանձնահատկությունն ունի, այն դիրքավորվում է բևեռների շուրջ` անտարբեր վերաբերմունք ունենալով «միջին օղակի» հանդեպ. իսկ ՕԵԿ-ն այսօր կամենում է լրացնել հենց «միջին օղակը»` հանդես գալով կիսաընդդիմադիր-կիսաիշխանական կեցվածքով: Սա, բնականաբար, քաղաքական բոլոր ըմբռնումներից հեռու կեցվածք է, որը կարող է ստեղծել կենտրոնամետ ուժի պատրանքը, սակայն` չբավարարել ընտրազանգվածին: Չի բացառվում, որ նախընտրական պայքարի վերջնագծին մոտ ՕԵԿ-ը ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին միավորվելու ջանքեր գործադրի, սակայն դա էլ մի նոր քաղաքական նոնսենս կլինի: Այսօր արդեն Արթուր Բաղդասար յանն ու նրա թիմակիցները հանդես են գալիս չափավոր քննադատությամբ, պոպուլիստական կոչեր հնչեցնում, որոնք որոշակի տարաբաժանում են մտցնում իշխանական մյուս կուսակցությունների և իր միջև: Մի հանգամանք ևս. 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրություններից հետո «Օրինաց երկիրն» այլևս քաղաքական դաշտում չունի որևէ լուրջ դերակատարություն, չունի անհրաժեշտ համակրանքն ընտրողների շրջանում: Ուրեմն, այն ընտրությունների ընթացքում հանդես կգա «ազատ հարձակվողի» դիրքերից` այսպես փորձելով ձայներ ստանալ չկողմնորոշված ընտրողներից… Չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել նաև ընդդիմությունը ներկայացնող ուժերի համար: Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ թե´ այս քաղաքական ուժը, թե´ նրա ընտրազանգվածը ակնբախորեն հայտնվել են «պատային» իրավիճակում: Տեր-Պետրոսյանի թիմն այլևս նոր ասելիք չունի, չունի իր խոստումները կատարելու հնարավորություն: Կազմաքանդվել է նաև երբեմնի հզոր ՀԱԿ-ը, որը կորցրել է բազմաթիվ հանրային հենարաններ: Սա այն ճգնաժամն է, որը բնորոշ է շատ ընդդիմադիր ուժերի: ՀԱԿ-ի վարած սխալ ռազմավարության և տապալված մարտավարության հետևանքով դժվար վիճակ է ստեղծվել նաև «ուղեկից» կուսակցությունների և այն առաջնորդների համար, որոնք տևական ժամանակ հանդես էին գալիս ընդդիմադիր կոչերով և հզոր ճակատ ձևավորելու հույսեր փայփայում: Փոշիացված վիճակում են Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն, Արամ Զ. Սարգսյանի` «Հանրապետությունը»: Այլևս անհնար է խոսել ՀՀՇ-ի մասին, չկան նաև Արամ և Տիգրան Կարապետյանների «թվացյալ» կուսակցությունները: Ինչ-որ հույսեր է ներշնչում «Ազատ դեմոկրատներ»¬ը, որի մասին առայժմ միայն խոսակցություններ են լսվում, մինչդեռ հանրությունը սպասում է այդ քաղաքական ուժի գործնական հայտնութ յանը… Իսկապես` բարդ ու աննախընթաց իրավիճակ, որը մեկ անգամ ևս հուշում է, որ Հայաստանում շատ հաճախ սխալ պատկերացումներ են ձևավորվել քաղաքական կուսակցութ յունների և նրանց գործունեության մասին: Անցնող տարիների ընթացքում շատ քիչ քաղուժեր են մտահոգվել ծրագրային-հայեցակարգային գործունեության մասին և ամեն ինչ կենտրոնացրել են ընտրությունների շուրջ: Սակայն, հետազոտելով տարածաշրջանի, ինչպես նաև հարևան Ռուսաստանի քաղաքական իրողությունները, տեսնում ենք, որ վիճակը գրեթե նույնն է մեզ շրջապատող բոլոր երկրներում. ամենուրեք քաղաքական դաշտը գտնվում է լճացման մեջ` տակավին չառաջադրելով նոր ու հետաքրքիր հայեցակարգեր: Հենց միայն Ռուսաստանում այսօր ստեղծված նախընտրական իրականությունը, իշխող կուսակցության հանդեպ ընտրազանգվածի թերահավատ վերաբերմունքը, ոչ ծրագրային կուսակցություն ների քաղաքական պոպուլիզմը ճգնաժամի վառ դրսևորումներն են…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ