ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆՈՎ


Ռուսական կինոյի և թատրոնի նշանավոր դերասանի այս ցանկության մասին վերջերս Երևանում հայտարարեց ոչ անհայտ Վենիամին Սմեխովը` միաժամանակ ասելով, որ անվանակոչության հարցն արդեն քննարկվել է Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ և արժանացել հավանության: Ուրեմն` համաշխարհային թատրոնի մեծ բարենորոգիչ Կոնստանդին Ստանիսլավսկու փոխարեն` Արմեն Ջիգարխանյան: Թե որքանով է համատեղելի այս համեմատությունը` թողնենք մասնագիտական քննարկումներին, բոլոր նրանց, ովքեր զբաղվում են Ստանիսլավսկու տեսության և ստեղծագործության հետազոտությամբ: Սակայն այստեղ խնդիրը միավորում է թատերականն ու բարոյականը… 70 տարիներից ավելի պատմություն ունեցող Երևանի ռուսական թատրոնը վաղուց ինտեգրվել է ինչպես ազգային, այնպես էլ ռուսական թատերական մշակույթին, ճանաչվել նախկին ԽՍՀՄ-ում և ներկա ԱՊՀ-ում` որպես ազգային սեփական ստեղծագործական հավատամքն ունեցող խաղացանկային թատրոն: Իր գոյության առաջին օրերից նպաստել է հայ թատերգության հանրահռչակմանը, ռուսերենով ներկայացրել Սունդուկյանի, Պարոնյանի, Շիրվանզադեի, Լևոն Շանթի, 20-րդ դարի հայ գրեթե բոլոր թատերագիրների ստեղծագործութ յունները: Այստեղ տասնամյակներ շարունակ աշխատել են ռուս բեմի այնպիսի նշանավոր վարպետներ, ինչպիսիք էին Գուրգեն Գենը, Վլադիմիր Դոբրովոլսկին, Իվան Գրիկուրովը, Նինա Եգորովան, Յուլիս Կոլեսնիչենկոն, Նիկոլայ Տեր-Սեմյոնովը, Լեյլա Խաչատրյանը, շատ ուրիշներ, ովքեր ձևավորել են այս թատրոնի պատմությունն ու կենսագրությունը, ստեղծել հարուստ ավանդույթներ: Թատրոնի փառավոր պատմության մեջ Արմեն Ջիգարխանյանի անունը հիշատակվում է միայն հպանցիկորեն: Մասնավորաբար ուշագրավ խոսակցության նյութ կարող է դառնալ նրա Ռիչարդը` Օֆելյա Ավետիսյանի բեմադրած շեքսպիրյան «Ռիչարդ Երրորդում»: Այլ կերպ արտիստը չի հիշվում Ստանիսլավսկու անվան թատրոնի պատմության մեջ: Իհարկե, ազգային կինոարվեստում անգնահատելի է նրա ներկայությունը. հայկական կինեմատոգրաֆում ստեղծել է 20-ից ավելի ինքնաատիպ կերպարներ: Ա. Ջիգարխանյանը նաև համաշխարհային կինոյի այն եզակի դեմքերից է, ով նկարահանվել է մի քանի հարյուր ֆիլմերում` այսպես սահմանելով անօրինակ ռեկորդներից մեկը… Բայց ի՞նչ կապ ունի Արմեն Ջիգարխանյանը Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ, ինչո՞ւ պետք է հենց այս թատրոնը կոչվի նրա անունով: Մանավանդ` նա Մոսկվայում ունի ստեղծած թատրոն, որը, չնայած իր չափազանց գավառականությանն ու ստեղծագործական նկարագրի մեռյալությանը` հենց իր թատրոնն է, որի մասին խոսելիս ռուսական թատերական մտքի ներկայացուցիչներն աշխատում են ձեռնպահ մնալ` չվիրավորելու համար նշանավոր դերասանին: Հարցի բարոյական կողմն առավել անհանգստացնող է դառնում այն առումով, որ Հայաստանը որբի գլխի տեղ դրած` մի շարք միջակ դերասաններ, առաջնորդվելով առաջին հերթին ռուսական մեծապետականությամբ` իրենց կամքն են թելադրում, իրենց որոշումներն ու ցանկություններն են փորձում պարտադրել: Անտարակույս, Վենիամին Սմեխովը հազիվ թե նման առաջարկությամբ հանդես գար, եթե Արմեն Ջիգարխանյանը նրան պատվիրակած չլիներ, եթե հայկականությունից հեռու ազգությամբ հայ ռուս դերասանին չմտահոգեր անմահանալու կիրքը, Երևանում իր անունը հավերժացնելու փափագը… Սակայն ինչո՞ւ է նա հիմա հանկարծ հիշել այդ մասին, երբ տարիներ շարունակ իր հոդվածներում ու հարցազրույցներում սուր քննադատության է ենթարկել ինչպես այլ հանրապետություններում, այնպես էլ Երևանում գործող ռուսական թատրոնները և առաջարկել է դրանք լուծարել: Նա բառացիորեն ոչինչ չի արել Ստանիսլավսկու անվան թատրոնի և հայ ժողովրդի համար` ակնհայտորեն մերժողական կեցվածք ընդունելով Հայոց Ցեղասպանության և Ղարաբաղյան շարժման նկատմամբ: Բայց «հաղթողներին», բնականաբար պահանջներ չեն ներկայացնում մարդկային նկարագրի ու պահվածքի համար… Պարզապես վիրավորական է, որ ապրելով հայրենիքից հեռու, շատ հաճախ ժխտելով հայրենիքի գոյությունը` ծերության տարիներին շատ գործիչներ կամենում են գոնե հայրենիքում անմահանալ` հավանաբար նաև վստահ լինելով, որ իշխանությունները կարող են դռներ բացել մեծերի քմահաճույքների առջև` այսպես գետնելով շատ արժեքներ, ոչնչացնելով շատ պատկերացումներ: Թող թյուր տպավորություն չստեղծվի, թե ես` թատերագետս, չեմ գնահատում Արմեն Ջիգարխանյանի դերասանական արվեստը: Քավ լիցի: Երբ ռուս թատերական քննադատությունը լռություն պահպանեց Արմեն Ջիգարխանյանի Խլուդովի (Մ. Բուլգակով, «Վազք») հանդեպ` ես հանդես եկա մեծ հեղինակություն ունեցող «ՁժԸՁՀ» հանդեսում ծավալում հոդվածով և գրեցի կատարման առանձնահատկության մասին… Պարզապես ստեղծվող իրողությունը չափազանց վիրավորական է բոլոր նրանց համար, ովքեր Երևանի ռուսական թատրոնի հանդեպ հարգանք են տածում: Վիրավորական է այս թատրոնը 46 տարի ղեկավարող Ալեքսանդր Գրիգորյանի համար, ում արհամարհելով` կամենում են կայացնել օրապակաս որոշում…