Ոչ թե ընդդեմ, այլ հանուն


Հայաստանի Ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ, լրագրող, հրապարակախոս, արձակագիր Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ «Աշխարհի կենտրոն Հայաստանս» գիրքն իրավամբ կարելի է այսօրվա իրականության արտացոլումը համարել: Հեղինակի ինքնատիպ ձեռագրով, խորը վերլուծություններով, դիպուկ մեկնաբանություններով, սուր դատողություններով հագեցած հարցազրույցների և հոդվածների համահավաք 3¬րդ գիրքն է սա: Ստեղծագործել սկսել է դեռ ուսանողական տարիներից: Անդուլ աշխատանքը տվեց իր արդյունքները: «Կրկնակի ղողանջ» պոեմի համար արժանացավ գրական առաջին մրցանակի: Վ. Մելիքյանի գրչին են պատկանում նաև «Աշնանային պարեր», «Մարդը քո կողքին» գրքերը, գիտական արժեք ներկայացնող մենագրություններ: Լրագրության ասպարեզում ևս երկար ճանապարհ է անցել` տարբեր տարիների աշխատելով տարբեր լրատվամիջոցների խմբագրություններում` որպես գրական աշխատող, բաժնի վարիչ, փոխխմբագիր: Շուրջ 30 տարվա փորձով իմաստնացած լրագրողը միշտ հավատարիմ է մնացել իր կոչմանը: «Քաղաքական անձեռոցիկներ», «Ախպերության երկիր Հայաստանս», «Հաշվենկատ խճանկարչություն», «Զոռբայության երկիր Հայաստանս», «Մենք ենք, մեր երկիրը», «Աբսուրդի երկիր Հայաստանս» խորագրերով հրապարակումները կլանում են ընթերցողին, իսկ դրանցում շոշափված խնդիրների մեկնաբանություններն ու տեսակետները` համոզում: Հեղինակին հաջողվում է հնարավորինս բացահայտել զրուցակցին` նրան հասցնելով անկեղծության: Լրագրողի սրատես աչքից չի վրիպում ոչ մի կնճռոտ հարց. նա քննադատում, հաճախ ընդվզում է հասարակության արատավոր երևույթների, անարդարության, անօրինականության դեմ: Սակայն երբեք գրիչն ի չարս չի օգտագործում` տուրք չտալով չարախոսությանը: Իսկ քննադատությունը ծնվում է սրտի ցավից, մտահոգությունից, իր երկիրն օրինական ու հզոր տեսնելու հայի ցանկությունից: Ժամանակի անիվն իր անկասելի պտույտն է կատարում: Փոխվում են արժեքները, դեմքերն ու դերերը: Ժամանակի հորձանուտում անփոփոխ է մնում մեր ընթացքը: Մեր իրականության խտապատկերը լավագույնս ներկայացված է գրքի վերջաբանում. «Օրերը մեկ¬մեկ, հոգսերը` զույգ-զույգ… գալիս ու անց են կենում` դառնալով ամփոփագիրը մեր կյանքի, արած ու չարած գործերի, փայփայած հույսերի ու չիրականացված երազանքների: Ամիսների դարսաձուլվածքում` մանավանդ աշխարհաքաղաքական թոհուբոհի և օրավուր խորացող տնտեսական, քաղաքական ու բարոյական ճգնաժամի պայմաններում օրենքի և իրականության անհամատեղելիությունն է, իշխանական խոստումների, սպասելիքների ու մեր միամիտ ապրածի տարաձայնության կռիվը: Ահա այսպես, անկախացած 20 տարի և դրան համարժեք 19 հազար 272 ժամյա սպասում, որ բարդակույտերով ծաղկած մեր 8 հազար 30 օրերը ուր-որ է կփոխարինվեն լույսի և հույսի շիթահեղեղով: Բայց… իրարից չտարբերվող օրերն ու ժամերը նորից ստիպում են լցվել դիմակայելու անվերջանալի ցանկությամբ ու համբերությամբ: Աշխարհիս դրվա՞ծքն է, թե՞ մեր բաժին բախտը, չգիտեմ: Գիտեմ, որ անցումային շրջանի անվերջանալիության մեջ կա մի ակնթարթ, որ գալիս է տարին մեկ անգամ, նույն ժամին, նույն գիշեր¬ցերեկվա հերթափոխի պահին ու բոլորը` երկրի նախագահ թե նախրապան, բարեգործ թե հանցագործ, պատգամավոր թե դատավոր, ղարաբաղցի թե գյումրեցի փոխվում, ձեռք են բերում նոր, բայց հնամաշ մասնագիտություն հաշվում են ու հաշվում, հաշվում են իրենց պարտավորություններն ու պարտականությունները, ունեցած¬չունեցածը, վայելածն ու վատնածը, կուտակածն ու պարտքերը… Կյանքը որքան դառը, նույնքան էլ քաղցր է, ու մեզ հայ են ասում, որովհետև մեզ համար երկուսն էլ մեկ է, միևնույն է, մենք մերժելու ենք բոլորին, դրսի ու ներսի մեծերին: Եվ դա անում ենք հանուն ԵՍ¬ի, քանի որ ամեն մեկիս մեջ մի Նապոլեոն է նստած: Սա ենք մենք, ու սա է մեր երկիրը, որտեղ ամեն ինչ մերն է ու մերը չէ այլևս: Հենց այսպես էլ շարունակում ենք համակերպվել մեր անկախ կախվածության հետ, քանի որ մեր իշաբեռ հոգսն անգամ անուշ է: Մենք էլ` նման մեր երկրին, տալիք¬առնելիք ունենք մեծ աշխարհի հետ, հաշիվ ունենք մաքրելու և առաջնահերթ` մեր սեփական ԵՍ¬ի հետ»: