150 հազար դոլար` ձկնորսի ցանցում


Ճապոնացի ձկնորսն այդ անգամ երկրի հյուսիս-արևելյան ափերում ծովային կենդանիների փոխարեն արքայական պարկ գտավ կիսամաշ իր ցանցում: Պարկն էլ` ի˜նչ պարկ. բերնեբերան լիքը փողերով: Ծովը երբեք այդքան շռայլ չէր եղել, որքան Իվեյթ վարչական շրջանի Օֆունատո քաղաքում նրա հերթական ձկնորսությունն էր: Միայն ափ հասնելուց հետո նա ձկնորսանավում հայտնաբերել էր ամուր փաթեթավորված պարկը, որի մեջ ավելի քան 1000 արժեթուղթ կար, յուրաքանչյուրը` 10 հազար իեն արժողությամբ: Այդպիսով, ծանր աշխատանքով մի կերպ գոյություն պահպանող մարդը տիրացավ 11 միլիոն ճապոնական իենի, որը հավասար է շուրջ 150 հազար դոլարի: Հավանաբար գանձապարկը կորցվել է 7 ամիս առաջ Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի ժամանակ, որից ամենաշատը տուժել էր երկրի հյուսիս-արևելյան ծովափը: Քաղաքի իշխանությունների տվյալներով` 9 բալանոց երկրաշարժից զոհվել էր 20 հազար մարդ, և գտնվել էին փողերով ու թանկարժեք իրերով լեցուն բազմաթիվ արկղեր: Եվ բոլոր նրանք, ովքեր գտել էին այդ արկղերն ու տեղեկացրել իշխանություններին` առատորեն պարգևատրվել են: Եթե ձկնորսի ցանցով ջրից փրկված գանձի տերերն առաջիկա 6 ամիսներին չհայտնվեն, ապա հասարակ ճապոնացին կդառնա ամենաիսկական միլիոնատեր: