Պաշարատես ոզնին


Նկարներում նա գրեթե միշտ իր փշերով միրգ, հատապտուղ է կրում: Ու շատ երկրներում այս գազանիկն աշխատասիրության ու պաշարապահության խորհրդանիշն է: Այս կարծիքը հավանաբար տարածվել է հին հռոմեական պատմաբան Պլինիտոս Ավագի նկարագրությունից` «Ոզնին ձմռան համար ուտելիք է հավաքում: Նա գլորվում է գետնին թափված խնձորների վրա, դրանք ամրացնում իր փշերին և մեկ հատ էլ վերցնում է բերանն ու տանում ծառի խոռոչ»: Ավելին, հին ժամանակներում գյուղերում հավատում էին, թե ասեղակիր այս կենդանիները գիշերները դաժանաբար կթում են կովերին` մինչ նրանցից արյուն կհոսի: Գյուղացիներն ու անգամ անասնաբույժները համոզված էին, որ այդպես է, և նախիրի մոտ ոզնի տեսնելիս` տեղում սպանում էին: Ժամանակակից բնախույզները պարզել են, որ ոզնին միջատակեր է, ձմռան պաշար չի հավաքում և ծառ չի բարձրանում: Իսկ կաթ, իհարկե, հաճույքով խմում են ոզնիները, բայց` եթե կաթը լցված է ինչ¬որ ամանում: Նրանք միջատներ, օձեր ու մկներ են որսում: Ծանրաշարժ ասեղակիրը իժերի հետ պատերազմելիս կայծակնասլաց է դառնում. նետվում ու կրծում է օձի ողնաշարը: Հետաքրքրական է, որ օձերին նա խժռում է թունագեղձերով հանդերձ: Այսինքն` թույնը նրան չի վնասում: Իսկ խնձորը նրան ուտելու համար պետք չէ: Կենդանաբանները գտնում են, որ մրգերի թթուներով ոզնիները փորձում են իրենց փշերը մաքրել մակաբույծներից: Տներում ոզնի պահողները հաստատում են այս կարծիքը` ասելով, որ իրենց փշավոր հոգեզավակները սիրում են իրենց մեջքի ասեղներին, օրինակ` ծխախոտի քնթուկներ ամրացնել: