Գործելաոճն ու մտածելակերպը պետք է փոխվի


Պարզվում է` Հայաստանի անկախացումից հետո պլանային տնտեսությունից շուկայականին անցումը բավական կորստաբեր է եղել: Ոլորտի փորձագետները 1990-ից մինչ 90-ականների վերջն ընկած ժամանակահատվածն անվանում են տնտեսության շոկային թերապիայի տարիներ, երբ պետության որդեգրած «մի խանգարիր» տարբերակի արդյունքում կորցրեցինք այն ամենն, ինչ ժառանգել էինք պլանային տնտեսությունից ու սկսեցինք պետական մակարդակով եղածը փոշիացնել: Արդյունքում վաճառքի հանվեց այն ամենը, ինչը հնարավոր էր` գործարաններ, ոլորտներ և գրեթե իսպառ ոչնչացվեց հայրենական տնտեսություն ասվածը: Սեփական արտադրություն ունենալը դիտվեց ոչ կարևոր, քանի որ ավելի հեշտ էր դրսից պատրաստի ապրանք ներկրելը, քան արտադրելը: Այս խելահեղ «առևտուրը» շարունակվեց մինչև 2011 թվականը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակայնորեն խոստովանեց, որ արմատական լիբերալության գաղափարը, որով առաջնորդվում էին մինչ այդ, սխալ է:

Հայսատանի տնտեսության ֆիասկոյի, անցյալում թույլ տրված սխալների, ներկա իրավիճակի և տնտեսության առողջացման համար անհրաժեշտ հրատապ քայլերի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Մի՞թե այդքան երկար ժամանակ էր հարկավոր` հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ Խորհրդային Միությունից ժառանգության ստացած տնտեսութ յունը չէր կարելի նման կերպով փոշիացնել և ոչնչացնել տեղական արտադրությունը:

- Աշխարհի փորձն ուսումնասիրելու արդյունքում իշխանությունները նույնպես հանգեցին այն եզրակացության, որ զարգացող պետությունները, որոնք ավելի լուրջ մոտեցում են ցուցաբերում իրենց երկրի տնտեսության զարգացման ապագային, տեղական արտադրության խրախուսման քայլեր են ձեռնարկում:

2011 թ. կառավարությունը հայտարարեց, որ իրենք նույնպես պետք է օժանդակեն տեղական արտադրության զարգացմանը. ընդունեցին մի շարք, այդ թվում` արտահանման խթանման ռազմավարության վերաբերյալ որոշումներ: Ձեռնարկվեցին քայլեր, որոնց շնորհիվ ներկայումս փորձում են արտադրության վերածննդին ուղղված որոշ քայլեր իրականացնել:

2011-ին արդյունաբերության 11 առանձին ոլորտներ, որոնց այս ընթացքում ավելացան ևս երկուսը, պետք է պետության աջակցությամբ փորձեին ոտքի կանգնել: Թեթև արդյունաբերության համար, օրինակ, ընդունվել է 2014-2024 թթ. ընդգրկող զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2014-2016 թթ. եռամյա գործողությունների ծրագիր, որի հիմնական մասն այդպես էլ չի կատարվել:

- Ինչո՞ւ:

Կառավարությունն ընդունեց որոշում, բայց դրա կատարումը դրվեց բյուրոկրատական ապարատի վրա: Ես եկել եմ այն եզրակացության, որ այստեղ համակարգային մոտեցման խնդիր ունենք. պետական բյուրոկրատական ապարատում աշխատող ցանկացած պաշտոնյա առաջին հերթին մտածում է ոչ թե իր ոլորտի հաջողության, այլ վերևների հետ կապված իրենց փոխհարաբերություններում ավելորդ լարվածություն չստեղծելու մասին: Բյուրոկրատական այս աշխատաոճի հետևանքով է, որ պետությունը չի կարողանում հաջողության հասնել: Բավական գումարներ է ծախսում, բայց` անարդյունք: Գործարարի և չինովնիկի համար ժամանակի արժեքը տարբեր է: Գործի մարդու համար ամեն մի րոպեն կարևոր է, սակայն պետական պաշտոնյաների դանդաղկոտությունը թույլ չի տալիս ժամանակին խնդիրը լուծել և առաջ շարժվել:

- Նման իրավիճակում ընդհանրապես հնարավո՞ր է տնտեսության զարգացման մասին երազել, էլ չեմ ասում` խոսել ու հստակ քայլերով առաջ շարժվել: Ո՞րն է ելքը:

- Դիտարկենք, դիցուք, Թուրքիայի օրինակը. պետությունը մշտապես կանգնած է իր գործարարի կողքին, խթանում է և´ արտահանումը, և´ ցածր տոկոսա-դրույքներով վարկերի տրամադրումը: Եվ մեր աչքի առաջ այն պետությունը, որն ընդհանրապես թեթև արդյունաբերություն չուներ, սկսեց զարգանալ և այսօր միջազգային ասպարեզում լուրջ առաջընթաց է արձանագրել: Այսինքն, պետությունը ոչ միայն գումարով է օգնում, այլև գործարարին պարտադրում է աշխատել, գտնում է նոր շուկաներ, պայմաններ է ստեղծում գործարարի արտադրանքը ներկայացնելու համար և այլն: Թուրքիայի փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այնտեղի չինովնիկի առջև հստակ խնդիր է դրված` արդյունք ունենալ: Բնականաբար, այնտեղի պետական պաշտոնյան ուզի թե չուզի` պետք է ռիսկի դիմի արդյունք ունենալու համար: Մեզ մոտ տրամաբանորեն հակառակ պրոցեսն է:

Դառնանք Հայաստանի խնդիրներին. որտե՞ղ է իշխանությունը դանդաղկոտություն ցուցաբերում, որի արդյունքում էլ կորցնում ենք ժամանակ, և ներդրված գումարներն արդյունք չեն բերում:

- Օրենսդրական դաշտի կարգավորումը բավական դանդաղ է ընթանում: Եթե վերցնենք միայն օրենքների փոփոխությունները, ապա օրինագծեր կան, որոնք 4 տարի է` չեն ընդունվում, քանի որ հրատապ ընդունման ցանկում չեն: Ստացվում է, որ գործարարը տարիներով պետք է սպասի: Ես եկել եմ այն եզրակացության, որ եթե պետությունը ուզում է օգնել իր գործարարներին և արդյունաբերողներին, ապա պետք է հատուկ հիմնադրամներ ստեղծի, քանի որ բանկերի տրամադրած գումարների տոկոսադրույքները բարձր են, իսկ ընթացակարգերն էլ բավականին խրթին: Բացի այդ, իմ կարծիքով տնտեսության զարգացման համար պետք է ստեղծվի արագ արձագանքման շտաբ, ինչպես պատերազմի ժամանակ է ստեղծվում. այսօր պատերազմ է նաև տնտեսական ճակատում, և պետք է քայլեր ձեռնարկվեն` այդ դաշտում հաղթանակներ արձանագրելու համար:

- Եթե նման որոշում կայացվի, արդյո՞ք Հայաստանն ի վիճակի է արտաքին շուկա մուտք գործելու քայլեր ձեռնարկել` ներկայիս արագ փոփոխվող աշխարհում: Մենք ունե՞նք այդքան ռեսուրս, գիտելիք և այլն:

- Համաշխարհային բանկի տվյալներով նախկին ետխորհրդային և սոցերկրներից երեք պետություն է, որ կարողացել է պլանային տնտեսությունից անցում կատարել ազատ շուկայական հարաբերությունների և առաջ անցնել` Լեհաստանը, Էստոնիան և Հայաստանը: Դա հպարտանալու տեղիք է տալիս, քանի որ հայ ժողովուրդն, իրոք, գործարար ջիղ ունի, բայց պետության դանդաղ աշխատող բյուրոկրատական ապարատի պատճառով չենք կարողանում ավելի մեծ հաջողության հասնել:

- Ինչո՞ւ Էկոնոմիկայի նախարարությունն ավելի ճկուն ու արագ չի գործում:

Էկոնոմիկայի նախարարությունը, պետք է «մենամարտի» մնացած` Կրթության, Ֆինանսների և այլ գերատեսչությունների հետ, ինչի համար պետք է ունենա հատուկ կարգավիճակ: Բայց նման կարգավիճակ չունենալով` այն չի կարողանում ոլորտի խնդիրները հրատապության ռեժիմով բարձրացնել, լուծումներ առաջարկել ու իրականացնել:

Մեզ մոտ ուզում են մի կողմից պահպանել բյուրակրատական ապարատը, մյուս կողմից` տնտեսություն զարգացնել: Ամենագլխավոր հարցը, որն ուզում եմ բարձրացնել, այն է, որ տնտեսությունը զարգացնելու համար պետք է պատասխանատվությունները փոխվեն, կարգը փոխվի: Այսինքն` էկոնոմիկայի նախարարի մտածելակերպը և գործելակերպը պետք է բարեփոխվեն:

- Ես հասկացա, որ մենք բավականին խորը փոսում ենք, որտեղից դուրս գալը դժվար է լինելու: Եվ ինչպես ասում են` «մինչև առուն ջուր գա…»:

- Ես ներկայացրեցի այն փակուղիները, որոնք կան, բայց այս վիճակը չի կարող երկար տևել: Ես լավատես եմ, քանի որ առաջընթաց կա: Եթե համեմատում ենք տարիներ առաջվա մեր գործարարների վիճակն ու գրագիտությունը ներկայիս գործարարների հետ, տեսնում ենք, որ այստեղ լուրջ առաջընթաց կա, փոխվել է նաև արտադրվող ապ-րանքների որակը: 25 տարվա համար սա լուրջ առաջընթաց է, որը լավատեսություն է ներշնչում: Եթե բյուրակրատական քարացած մեխանիզմները դառնան ավելի ճկուն` ամեն ինչ լավ կլինի: