Բուհ ընտրելու չափանիշներ կա՞ն


Ողջ աշխարհում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը ոչ թե ժամանակի պահանջ է, այլ երազանքին հասնելու միջոց: Մեզանում, սակայն, դիպլոմ ունենալը խորհրդային տարիներից մնացած իներցիայի հետևանք է: Իսկ բարձրագույն կրթություն ստանալը բավականին թանկ վաճառվող «ապրանք»: Ու քանի որ դիպլոմ ունենալու պահանջարկը մեծ էր, պետական բուհերի կողքին սնկի նման աճեցին մասնավորները, որոնք սկսեցին ցանկացած տեսակի ու որակի «կրթություն» կոչվող ապրանք առաջարկել: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ պետական և մասնավոր բուհերի բազմազանությունը անհասկանալի խառնաշփոթ է առաջացրել` ավելի բարդացնելով դիպլոմավոր մասնագետների կյանքը: Հիմա եկել է բուհերը զտելու ժամանակը, որով արդեն վեց տարի է` զբաղվում է ՀՀ ԿԱ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:

Ինստիտուցիոնալ հավաստագրում ստացած բուհերի միջև առկա մրցակցային առավելությունների, բուհերի կողմից մատուցվող ծառայությունների և կրթության ոլորտում առկա թերությունների մասին է «Ավանգարդ»-ի զրույցը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն ԹՈՓՉՅԱՆԻ հետ:

- Նոր ուսումնական տարին է մեկնարկել, բայց արդյո՞ք այսօր արդեն տեսանելի է ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած և դեռևս չստացած բուհերի տարբերությունը: Այն որքանո՞վ է դիմորդին օգնել բուհերի միջև ընտրությունն ավելի առարկայական կատարել:

- Չեմ կարող ասել, որ այսօր ակնհայտ երևում են այդ առավելությունները: Հավանաբար պետք է ինչ-որ ժամանակ անցնի, որպեսզի դիմորդները կարողանան ընտրություն կատարելիս առաջնորդվել բուհի հավատարմագված լինել-չլինելու փաստով: Հավատարմագրման մեխանիզմը գործում է այն դեպքում, երբ դիմորդը դառնում է ուսանող և տեղեկանում է, թե ինչպիսի մասնագիտական կրթություն պետք է ստանա: Մենք այդ ճանապարհով ենք ուսանողին պահանջատեր դարձնում, իսկ բուհին պատասխանատվության ենթարկում: Ժամանակ պետք է անցնի, մինչև որ դիմորդները կարողանան ընտրություն կատարելիս իմանալ, թե որն է տվյալ մասնագիտությամբ տարբեր բուհերի կողմից մատուցվող կրթության տարբերությունը: Այսօր բազմազան և շփոթեցնող առաջարկներ կան, բայց մի կողմից մասնագիտությունների բազմազանութ յունը, մյուս կողմից տեղեկացվածության ցածր մակարդակը թույլ չեն տալիս, որ հավատարմագրման ռեալ ազդեցությունը երևա:

Ուսանողը բուհի հավատարմագրման առավելությունը տեսնում ու զգում է ուսման ընթացքում և հետագայում` դիպլոմ ստանալու ժամանակ:

Գործարարներն ասում են, որ բուհերը դեռևս չեն կարողանում շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ պատրաստել: Ստացվում է, որ այն, ինչ սովորել է նորաթուխ մասնագետը դիպլոմ ստանալու համար, վաղն իրեն պետք չի գալու: Արդյո՞ք բուհերի հավատարմագրումը կօգնի նման հարցեր ևս կարգավորել:

- Կրթության նախարարությունը քայլեր ձեռնարկում է այդ խնդիրը կարգավորելու համար: Այսօր աշխատատեղերն այնքան էլ շատ չեն, և գործատուն ընտրություն կատարելիս ձգտում է ամենատաղանդավորին և ամենալավ առաջադիմություն ունեցողին աշխատանքի ընդունել: Մյուս կողմից էլ բուհերը պնդում են, որ մինչ օրս գործատուն իրենց առջև հստակ պահանջ չի դրել: Ստացվում է, որ նախ բուհը պետք է հասկանա և մոդելավորի այսօրվա գործատուի վաղվա պահանջը և դրան համապատասխան մասնագետ պատրաստի: Դա դժվարացնում է պրոցեսը, քանի որ գործատուն էլ իր հերթին պետք է պլանավորի իր գործունեությունը և իմանա, թե առաջիկա տարիներին ինքն ինչ մասնագետի կարիք է ունենալու: Այդ է պատճառը, որ այս խնդիրն այսօր դեռևս լուծված չէ:

Մի կողմից գործատուն է բողոքում, մյուս կողմից` բուհը. արդյունքում երիտասարդ մասնագետն է տուժում, քանի որ ավարտական դիպլոմով մնում է փողոցում:

- Տպավորությունն այնպիսին, է, որ գործատուների միությունները և բուհերն իրար հետ չեն երկխոսում: Գուցե պատճառն այն է, որ մեր գործատուներն այնքան էլ առաջավոր տեխնոլոգիաներով չեն կազմակերպում իրենց բիզնեսը: Մյուս կողմից` բուհերը չեն կարող ամեն մի գործատուի պահանջին համապատասխան մասնագետ պատրաստել: Հարկավոր է գործատուների պահանջներն ընդհանրացնել և ապա նոր բուհի առջև դրան համապատասխան մասնագետներ պատրաստելու պահանջ դնել:

Հավատարմագրման ժամանակ չե՞ն դիտարկվում տարբեր բուհերի մասնագիտությունների կրկնությունները, քանի որ սա ևս խնդիր է:

- Մեր երկիրը, լինելով փոքր, ընտրել է շուկայական կառավարման համակարգը: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է, բայց ունենք այն, ինչ ունենք: Բոլոր բուհերին էլ թույլատրվում է ցանկացած մասնագիտությամբ մասնագետներ պատրաստել: Ուսանողներն էլ, մեծ ընտրություն չունենալով, ընտրում են այն ինչ կա` կարևորելով միայն դիպլոմ ունենալու հանգամանքը: Իրականում տարբեր բուհերի կողմից նույն մասնագիտությամբ կրթության ապահովումը մրցակցության ժամանակ է զտվում: Արտերկրում կան մասնագիտացված բուհեր, ինչը հեշտացնում է ուսանողի ընտրությունը, սակայն այդ հաստատությունները մրցակցում են ոչ թե շատ, այլ տաղանդավոր ուսանողներ ունենալու համար: Եթե մենք էլ կարողանայինք հասկանալ, թե տաղանդավոր ուսանողները որ բուհից են դուրս գալիս և ուր են գնում, մեզ համար էլ ավելի հասկանալի կլիներ, թե բուհերից որն է ավելի լավը:

Տաղանդավոր լինել, դեռ չի նշանակում հաջողակ լինել: Շատ են դեպքերը, որ միջինից ցածր կարողություններ ունեցող ուսանողն ավելի շուտ է իր տեղը գտնում կյանքում, քան գերազանց սովորողը: Եթե տաղանդավոր ասելով նկատի ունենք անգիր անելու կամ դասախոսների հետ «լեզու» գտնելու կարողութ յունը, այդ կերպ նույնիսկ գրագետ մասնագետ չեն դառնում: Ի վերջո բուհն էլ իր հերթին պետք է կարողանա տվյալ երիտասարդին օգնել բացահայտելու իր տաղանդը: Մեր բուհերը կարծես դա էլ չեն անում և փաստորեն «դակիչի» դերում են հանդես գալիս:

- Երբ բուհի ղեկավարությանը հարցնում ես, թե իրենց համալսարանը լա՞վն է, ասում է` «այո, այս տարի այսքան ուսանող եմ հավաքել»: Ինչպե՞ս է հավաքել` չգիտենք, բայց բուհը գիտի, որ եթե պահանջված չափով ուսանողներ ունի, ուրեմն բյուջեն կլրանա, կկարողանա մնացած խնդիրները լուծել և արդեն երջանիկ է: Բայց հարց է ծագում, թե հավաքած ուսանողներն ունե՞ն արդյոք լավ որակներ, հետո ի՞նչ կլինի այդ ուսանողների հետ: Այդ պատճառով էլ տպավորությունն այնպիսին է, որ կրթական շուկան չի աշխատում:

Բուհերն այսօր մի կողմից եղածը թարմացնելու խնդիր ունեն, մյուս կողմից նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս: Համաշխարհային փորձի ուսումնասիրությունն ի՞նչ է հուշում. նման համալրումները նոր մարտահարվերների առջև չե՞ն կանգնեցնում արդյոք նորավարտ մասնագետներին, ովքեր բավականին գումար են ներդնում կրթություն ստանալու համար:

- Այսօր աշխարհում արդեն կա այնպիսի մոտեցում, որ գործատուները ուշադրություն են դարձնում ոչ թե մասնագիտական հմտություններին, այլ մտածելու, տրամաբանելու, խոսելու, շփվելու, սեփական կարողությունները մատուցելու, պատասխանատվություն ստանձնելու հնարավորություններին: Քանի որ շուկան արագ է փոփոխվում, գործատուները համարում են, որ ավելի լավ է միջավայրում աշխատելու հմտություններ ունեցող մարդկանց ընտրեն, իսկ մասնագիտական հմտությունները տեղում կզարգացնեն: Մինչդեռ մենք առայժմ կենտրոնացած ենք միայն մասնագիտական ունակություններ ու համապատասխան դիպլոմ ունենալու վրա: