Վերապատրաստման դասընթացներ բուժծառայողների համար


Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ներկա գտնվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստության համար համապատասխան դասախոսական կազմի վերապատրաստման ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմա նը: Դասընթացի հայ շրջանավարտները 12-ն են:

Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ ՀՀ ԶՈՒ ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն իրականացվում էր հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում և նպատակ ուներ բարելավելու վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող առաջին բուժօգնությունը:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին և շնորհավորելով դասընթացն ավարտողներին, ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասաց.

- Այս երեք ամիսների ընթացքում, օր ու գիշեր լինելով մեր զինծառայողների կողքին, ամերիկյան հրահանգիչների խումբը գիտելիքների ու փորձի փոխանակման հիանալի հնարավորություն ստեղծեց: Դասընթացը հաջողությամբ ավարտելով դուք դառնում եք հրահանգիչներ և ձեր փորձն ու գիտելիքներն եք փոխանցելու մեր ապագա բուժակներին և սանհրահանգիչներին` առաջին օղակում բուժապահովման կազմակերպողներին ու ցուցաբերողներին, որոնց արհեստավարժությունից և որակյալ գործունեությունից կախված են լինելու մեր զինծառայողներին բարձրակարգ, ժամանակին և ճիշտ բուժօգնության ցուցաբերումը»:

- Հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսիք կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին: Այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող և ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է,- իր հերթին նշեց դեսպան Միլսը:

Հավելենք, որ վերապատրաստման ուսումնական դասընթացը շարունակական է լինելու: