ԵԿԱՆ, ՏԵՍԱՆ ՈՒ ՍԻՐԵՑԻՆ


Թավիշն ասես ավելի հյութեղ էր դարձել ծաղկաձորյան այն լանջին, ուր բանակել էին արիտունցիները: Այս անգամ էլ հայրենիքի չգիտակցված կարոտը նախնյաց օրրանն էր բերել նրանց` մայրենախոս դարձնելու, հայեցի հոգիները պեղելու ու անմեղ սրտերում նիրհող հայաստանաբախ ռիմթերը զարթնեցնելու: Ճակատագրի քմահաճությամբ սփյուռքահայ դարձած հայ զավակներն այս անգամ էլ ականջալուր եղան «Արի տուն» կանչին, և յուրաքանչյուրն իր հոգուց սիրո մի ծվեն անթեղեց Հայրենիքում: Իրենք Հայաստանը ճանաչեցին, Հայաստանն էլ կարոտած մոր սիրով գուրգուրեց ամեն մեկին` նրանց ընդունած հյուրընկալ ընտանիքների անդամների և, իհարկե` Սփյուռքի նախարարության աշխատակիցների ջերմությամբ: 1160 հայորդիներ ու դստրիկներ` աշխարհի 44 երկրերից, եկան, տեսան, ճանաչեցին և սիրեցին աշխարհի այն անկյունը, որից օտարվել էին` ոչ իրենց կամքով: Եկան, տեսան, որ այստեղ ամառն ուրիշ բույր ունի ու հասկացան, թե ինչու…

Հերթական ամռան հետ ավարտվեց հերթական «Արի տուն»-ը: Իրականում, որպես հայրենաճանաչության կանչ, չի ավարտվում: Ամեն հրաժեշտը հաջորդ տարի այն վերստին նորոգելու նախադուռն է. Սփյուռքի նախարարության համար` հաջորդ տարվան նախապատրաստվելու,իսկ ծրագրին մասնակցածների համար` ավելի հաճախ Հայաստան գալու: Եվ օգոստոսվերջյան այդ երեկոն ևս հրաժեշտ էր` նոր հանդիպումների վճռականությամբ: Հանդիսավոր արարողությանը խնամքով էին նախապատրաստ վել 12 երկրներից ժամանած շուրջ 65 երիտասարդները և Հայրենիքում սովորած երգ ու պարով, ասմունքով ասես քողարկում էին իրենց հուզմունքը` դա փոխանցելով ներկաներին:

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը փոխանցելով արիտունցիներին, նախարարի տեղակալ Սերժ ՍՐԱՊԻՈՆՅԱՆՆ ասես բոլոր հայաստանաբնակների անունից է ասում.

- Այս 14 օրերի ընթացքում դուք խորապես ճանաչեցիք ձեր Հայրենիքը` իր հարուստ մշակույթով և ավանդույթներով: Հիշե´ք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատգամը` տանը խոսե´ք հայերեն: Դա է հայ մնալու միակ պայմանը: Բարո´վ էիք եկել ձեր Հայրենիք: Մենք անհամբերությամբ կսպասենք ձեր հաջորդ գալուն` որպես մեծ վաստակի տեր հայորդիներ ու հայուհիներ:

Մինչ հանդիսության սկսվելը փոխնախարարը լրագրողների խնդրանքով մանրամասնել էր, որ նախնական ծրագրով նախարարությունը նախապատրաստվել էր ծրագրի 8 փուլերում ընդունել 1100 երեխա, սակայն ցանկացողներն ավելի շատ էին եղել: Ստիպված` մերձավոր սփյուռքից ստացված հայտերը մերժվել էին` այդուհանդերձ հյուրընկալելով 1160-ին:

- Հայապահպանությանը նպաստող և հայրենաճանաչության այս ծրագիրը, որն իրավամբ վայելում է ՀՀ կառավարության, անձամբ երկրի Նախագահի համակրանքը, պետք է ավելի ընդլայնի իր շրջանակները: Որովհետև միակ անբավարվածությունը, որ լսում ենք մասնակիցներից, այն է, որ ծրագրի շրջանակնե րում Հայրենիքում գտնվելու 2 շաբաթը քիչ է: Նրանք խնդրում են ավելի երկար ժամանակահատված: Ինքնին հասկանալի է, որ համաշխարհային ճգնաժամը, մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը մեզ թույլ չի տալիս ցանկության չափ ընդայնել «Արի տուն» ծրագրի շրջանակները, բայց պիտի հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահին, վարչապետին, որ բյուջեի սուղ միջոցներից տարեցտարի ավելացնում են հնարավորություններ, որպեսզի ծրագիրը հավուր պատշաճի կայանա,- պատմում է Ա. Սրապիոնյանն ու հավելում.

- Երկու շրջափուլերում էլ` և´ ճամբարային, և´ հայ հյուրընկալ ընտանիքներում ապրելու ընթացքում, արիտունցիները հայրենիքում առկա հայկական միջավայր են փնտրում` ազգային խոհանոց, կենցաղ… Դրան գումարած նաև` «Արի տուն» ճամբարում կազմակերպվող լեզվի ամենօրյա և երգուպարի ուսուցումը նպաստում են, որ նրանք իրենց արմատներին վերադառնան: Նույնիսկ խառն ամուսնություններից ծնվածներն այս ճամբարից հետո անվերապահորեն իրենց հայ են հայտարարում: Այստեղից վերադառնալով` փորձում են իրենց միջավայրում էլ հայկականություն գտնել կամ հաստատել:

- Ի՞նչ պատկերացումներով են Հայոց տուն գալիս երեխաները և ի՞նչ հոգեվիճակով են հեռանում,- հարցնում եմ Սփյուռքի նախարարության աշխատակցուհի, պատանիների հետ ստեղծագործական աշխատանքի հարուստ փորձ ունեցող Լաուրա Ավետիսյանին:

- Գալիս են տարբեր երկրներից` տարբեր պատկերացումներով: Բայց կարծես մեկեն փոխվում են հայկական միջավայրում, ուր ամեն ինչ գրավում է նրանց: Եվ մեկնում են` հայերենով, Հայաստանով հարստացած: Քիչ չեն այն երեխաները, ովքեր հատուկենտ հայերեն բառեր են իմանում, բայց սիրով և հեշտությամբ սովորում են թե´ երգերի ու բանաստեղծությունների տեքստերը, թե´ մեր ազգային պարերը: Ամենակարևորը` Հայաստանին սիրահարված են հեռանում` նորից հետ գալու ակնկալիքով:

Այս ամենը տեսնելով, չես կարող չհամոզվել, որ օտարության մեջ հայի ինքնության պահպանությանը միտված «Արի տուն» ծրագիրն իսկապես ծառայում է իր նպատակին: Այս երեխաները դառնում են մեր յուրօրինակ դեսպաններն` իրենց ապրած երկրներում: Նաև աշխարհասփյուռ իրենց հասակակիցներին են ճանաչում. այստեղ ընկերանում են, ինչը հետագայում մեծ բարեկամության է վերածվում: Արդեն քանի˜-քանի զույգ, այստեղ ծանոթանալով, հայկական ամուր ընտանիքներ են ստեղծել:

Ավանդույթի համաձայն` «Արի տուն» ծրագրի վերջին փուլի ավարտը ևս ազդարարվեց հրաժեշտի խորհրդանշական խարույկով: Հանց հայոց օջախի անշեջ կրակ` այդ խարույկից արձակված լույսն ու ջերմությունը շա˜տ երկար, գուցեև ամբողջ կյանքում ուղեկցելու են դրա շուրջ հավաքվածներին: Զի նրանք արդեն այլ հույզերով էին հեռանալու հայրենիքից: Տարանուն զգացմունքներով, բայց նույն զգացումով` իրենք Հայրենիք ունեն, որտեղ սպասում են իրենց: Ու այդ սպասումը պարտավորեցնո´ւմ է…

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ