ԲՐԱՎՈ´, ՄԱԵՍՏՐՈ


«Փոքրիկ Նապոլեոնի» թատերական արշավանքը

Հետպատերազմական ծանր տարիներին Կիրովականում անցած մանկության օրերի ամենասիրելի զբաղմունքը թատրոն-թատրոն խաղալն էր` 5 տարեկանից սկսած: Բնատուր արտիստիզմը նրան էր փոխանցվել գուցե տատից, ով տարված լինելով Գուստավ Ֆլոբերով` Ֆլոբեր էր կնքել անունը և ժառանգություն թողել իր սեղանի գիրքը` «Մադամ Բովարին»: Բայց այդպես էլ ներփակ կմնար, եթե ուսանողական արձակուրդներին Մոսկվայից տուն դարձող արվեստասեր բժշկուհի քույրը` Ամալյան, նրա առջև չբացեր թատրոնի զարմանահրաշ աշխարհի դռները: «Վենետիկյան երկվորյակներ»-ից ստացած վառվռուն տպավորությունները` բեմի ձևավորումից սկսած մինչև սյուժետային մանրամասներ, պարզապես դաջվեցին մտապատկերում: Թատրոնն այդուհետ նրա էությունն էր: Իր մշտական տեղն ուներ Կիրովականի միակ դրամատիկական թատրոնի դահլիճի առաջին շարքում: Տասնմեկ տարեկան էր, երբ մի փառատոնի ժամանակ նրան նկատեց ժյուրիի նախագահ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Կարապետյանը, ով փոքրիկ տղայի հարմար դերակատար էր փնտրում Բալզակի «Խորթ մայրը» բեմադրության համար: Ծնողների անդրդվելի ընդդիմության պատճառով ծածուկ հաճախեց փորձերին` քրոջ «գլխավոր հովանավորությամբ»: Շուտով քաղաքում հայտնվեցին նոր ներկայացման ազդագրերը, որոնցում այն ժամանակ նշվում էին բոլոր մասնակիցների անունները: Հարևաններից մեկը նկատում է, հարցուփորձում հորը (ով քաղաքի միլպետն էր), թե ինչ առնչություն ունի Ֆ. Շահվերդյանն իրենց հետ: Եվ... Թույլ են տալիս խաղալ պրեմիերան` չփչացնելու համար տղայի ծննդյան օրը: Գնում են նայելու իրենց «փոքրիկ Նապոլեոնին» (Բոնապարտի հետ կապ չուներ), բայց կտրուկ արգելում են հաջորդ քայլն անել: Բայց նա շարունակում է փոքր դերեր խաղալ թատրոնում (Թոմի, Մանկլավիկ...): Երբ Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելուց հետո քույրն աշխատանքի է նշանակվում Երևանի բժշկական ինստիտուտում, ընտանիքով տեղափոխվում են Երևան: Ծնողները զուր էին կարծում, թե, ի վերջո, թատրոնից կկտրվի: Գնում է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի թատերական խմբակ, որը վարում էին ԵՊՀԹ դերասան Արշավիր Ղազարյանն ու նրա կինը` Պարզանուշ Պարոնյանը: Այստեղ էլ ընկերանում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Կամոյի անվան դպրոցում 11-րդ դասարանն ավարտելուց հետո ամբողջ թատերախմբով տեղափոխվում են Կանազի մշակույթի տուն: Ոչ մի կերպ չէին ուզում իրարից ու Արշավիր Ղազարյանից բաժանվել, բայց երկու տարի անց կյանքը տարբեր ճամփաներով տարավ նրանց: Լևոնը համալսարանից հետո ուսումը շարունակեց Լենինգրադում, ինքը ԵՊՀ մաթեմատիկական կիբեռնետիկայի բաժնում 3 տարի սովորելուց հետո, միևնույն է, դիմեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ` հենց որ ռեժիսորականում ընդունելություն եղավ: Ընդունվում է Վավիկ Վարդանյանի կուրս: Վերջինս էլ 22 տարեկանից նրան «մկրտում» է Վահե անունով:

Աճեմյանի օրհնությամբ

20 օրից, ցավոք, իր մահկանացուն է կնքում հայ մեծանուն թատերագործիչը, և Վահե Շահվերդյանը մասնագիտանում է հրաշալի մանկավարժ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում, ում աշխատաոճը էապես տարբերվում էր մյուսներից: Սունդուկյանի «Ամուսինները» դիպլոմային բեմադրությամբ հրաշալի դպրոց է անցնում Մայր թատրոնում` Մեծն դերասանապետ Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ` ժամանակի երևելի արտիստների խմբի հետ հաստատված համախոհությամբ:

Ապա, Կիրովականի թատրոնն անմխիթար վիճակից դուրս բերելու նպատակով` Մշակույթի նախարարության հրահանգով ու Աճեմյանի հեռատես կամքով, մեկնում է հարազատ օջախ:

- Դու մկրտվեցիր,- ասում է Աճեմյանը:- Ես օրհնում եմ քեզ և ասում` անպայման գնա, քեզ ինքնուրույն աշխատանք է պետք: Ես գիտեմ, որ դու կբարձրացնես թատրոնը:

Աճեմյանի լենինականյան սկզբնաշրջանի պատմություններով գոտեպնդված` ստանձնում է Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Շուրջը հավաքելով երիտասարդների` օրնիբուն համատեղ աշխատանքում հղկվում է ինքը, հասունացնում խենթ համախոհների ունակությունները: Կարճ ժամանակում բեմ են բարձրանում Դումբաձեի «Մի´ վշտանա, մայրիկ» և Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը»` յուրովի ազդարարելով սեփական գեղագիտության ձևավորման մեկնարկը: Հյուրախաղերն Արցախում, Թբիլիսիում, ՀՀ շրջաններում ամրապնդում են երիտասարդացած թատերախմբի ինքնավստահությունը, ճանաչում բերում: 1979-ին Կիրովականի թատրոնում Շիրվանզադեի «Քաոս», Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը», Չխաիձեի «Ազատ թեմա», Սարգսյանի «Հորովել», Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (բեմադրիչ` Մ. Կոտոյան) ներկայացումները դիտած մայրաքաղաքային հանձնախումբը միահամուռ արձանագրում է աբելյանցիների վերընթացը:

- Երևում էր, որ լավ ռեժիսոր է դառնալու,- մտաբերում էր Շահվերդյանի ուսանողական շրջանը Ռուբեն Զարյանը,- բայց կարող էր լավ ղեկավար չլինել: Երիտասարդ գեղարվեստական ղեկավարն այժմ անում է մի բան, որ Հայաստանի ոչ մի թատրոնում ոչ մի ռեժիսոր չի կարողացել անել:

Չմարող ֆանատիզմով նոր բարձունքներ են նվաճվում` նույնիսկ 88-ի ավերիչ երկրաշարժով չկասեցվելով: Խորեն Աբրահամյանը քանիցս դիմում է Մշակույթի նախարարության միջնորդությանը` Վահե Շահվերդյանին Մայր թատրոն բերելու անհետաձգելի պահանջով: Ստեղծագործական ճգնաժամում հայտնված թատրոնում երերում էր Աբրահամյանի կազմակերպչական հեղինակությունը` բորբոքելով ժամանակի անվանի արվեստագետների դժգոհությունը, բուռն պաշտոնական քննարկումների տեղիք տալիս: Դրանցից մեկում Վ. Շահվերդյանի պաշտպանական հանգամանալից ելույթի ներգործուն ուժը թշնամանք հրահրեց Աբրահամյանի հեղինակության գահավիժումը կասեցրած գործընկերոջ հանդեպ: Մինչ օրս էլ դա չներվեց հատկապես անտրեպրիզասերիալային գեղագիտության ներկայիս գլխավոր տեսաբանի կողմից` վրեժխնդրության մոլուցքի վերածվելով: Ավա´ղ, հայ թատրոնի հարամնա քուրմերից մեկը` Խորեն Աբրահամյանն ինքը, չկարողացավ հաղթահարել եսակենտրոն որոշ մոլություններ: Եվ ձախողման դատապարտվեցին իր իսկ առաջարկով Հայաստանի գլխավոր բեմում Վահե Շահվերդյանի ձեռնարկած բեմադրությունները: Ու այդ ամենի հանրագումարում, փաստորեն, լուծարվեց ստեղծագործական եռամյա պարապուրդի մատնված Մայր թատրոնը: Այդուհանդերձ, գոնե մինչև վերջերս, Շահվերդյանից ավելի հարմար թեկնածու չգտնվեց` այն վերստին ապրեցնելու: 1996-ից ստանձնեց Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը: Աստիճանաբար` Աբրահամյանի ձեռնարկած ամերիկյան «չարաբաստիկ հյուրախաղերից» հետո տարեցտարի, ցավոք, մանրադրամի վերածվեցին աբելյանցիների խոշոր ձեռքբերումները: Բայց ուրիշ ելք չկար. կկործանվեր Հայաստանի առաջին թատրոնը:

Գահընկեցության «սունդուկյանական ախտանիշը»

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի դեմ թեժացած լայնամասշտաբ հարձակումը ակնհայտորեն ամլացման է մղում 12 տարիների դժվարին տքնանքով նոր որակ ցուցանած, բայց երիտասարդ ուժերով համալրման կարոտ դերասանախմբին: Նրանց կատարողական վարպետությանն օտարազգի արվեստագետների տված բարձր գնահատականները միտումնավոր չարակամությամբ նսեմացվում են յուրայինների կողմից` նպատակ ունենալով արժեզրկել Շահվերդյան արվեստագետի գլխավոր դերակատարությունը Մայր թատրոնի վերընձյուղման գործընթացում:

Համազգային շարժման հորձանքով իշխանության գահաթոռին հայտնված մանկության ընկերոջ` Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը շահարկվելով` խթանում է ոմանց երևակայությունը: Թե´ Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար, թե´ ԵԹԿԻ ռեկտոր նշանակվելը, թե´ Գուգարքի շրջանից ԱԺ առաջին գումարման պատգամավոր առաջադրվելն ու թիվ 132 ընտրատարածքում ընտրվելը բխեցվում են միմիայն սրանից` բացառելով սեփական գործերով ձեռք բերած արժանավորությունը: Քանի դեռ Տեր-Պետրոս յանը պետության առաջին դեմքն էր, այդ գործոնը քաղցր-մեղցր հաճոյանքների անսպասելի ժայթքումներով էր ողողում Շահվերդյանին: Նույն հոգեբանության ու մտածողության թելադրանքով` այնուհետև վերածվեց սևամաղձ հրաբխային լավայի: Լեդիմակբեթյան բարդույթով տառապող փառատենչները գտնելով ազդեցիկ հովանավորներ` բեմում ստեղծագործելու փոխարեն ավելի ու ավելի տարվեցին ցեխաշպրտմամբ: Գայթակղվեցին նաև սեփական կազմակերպչական ու մասնագիտական կարողություն ների կոնկրետ դրսևորումներով Շահվերդյանի հետ մրցակցելու հավակնություններ չունեցողները: Համ-ընդհանուր դարձող իրարանցումը ձնագնդի հանգույն ծավալվեց` «վերևների» նախաձեռնած «բարեփոխումների» հովանու ներքո` զգալիորեն ջլատելով ստեղծագործական խմբի արդեն խարխլվող համախոհությունը: Եվ Սունդուկյանի անվան թատրոնի 85-ամյա կենսագրության մեջ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկած «գահընկեցության սինդրոմի» հիվանդագին դրսևորման հերթական զոհը, փաստորեն, Վահե Շահվերդյանը դարձավ: Ու ժողովրդի կողմից շնորհված մայրության ոչ պաշտոնական իրավունքից համառ հետևողականությամբ սկսեցին զրկել փորձադաշտի վերափոխված ազգային ակադեմիական թատրոնը` անհայր կազմալուծվող երբեմնի ընտանիքը: Այսօր արդեն ամենքին է հայտնի, թե ինչով ավարտվեցին թվացյալ «բարենորոգումները»: Այնուամենայնիվ, ոչ մի կերպ չհամակերպվելով Հայաստանի առաջին պետթատրոնի` տասնամյակներով ձևավորված բարձր համարման կորստի հետ, թատերապաշտներից շատերը հույսեր են տածում Տիգրան Գասպարյան-Արմեն Էլբակյան գեղարվեստական երկմիասնության փրկարար ներուժի հանդեպ:

... Իսկ Շահվերդյա՞նը: Դժվարությամբ մաքառեց: Արարելով հաղթահարեց լայնամասշտաբ դավաճանության համակողմանի ավերածությունները: Չչարացա´վ: Մնաց հրաշալի հանդիսավար ու հանդիսատես, մանկավարժ ու գեղագիտական առաջնորդ: Իր չծերացող ստեղծագործական մտքով և անսանձ երևակայությամբ բազմավաս տակ թատերաշինարարը պարապուրդի չմատնվեց: Ընդհակառակը, առանց խնայելու առողջության փշրանքները, կամա-ակամա, տարբեր թատրոններում արած արդիաշունչ բեմադրություններով հարուստ նյութ տվեց «Բեմադրությունը` Վահե Շահվերդյանի» երկհատորյակի 3-րդ հատորի համար: Շահվերդյանական ստեղծագործական քուրան դեռ հուրհրատում է, անսպառ ասելիքի նորանոր արտասովոր բեմակերպարներ կռում: Ուստի անկարելի է ամբողջացված համարել նույնիսկ 3-րդ հատորը:

Բրա´վո, Մաեստրո...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ