Թե ինչպես ծնվեց «ՊԱՐԸ»

«Սովորեք աչքերով լսել, ականջներով տեսնել...»

Հայաստանի նկարիչների միության 3 ցուցասրահները, անկախ ամառային հյուծիչ տապից, մարդաշատ էին: Դրանցից մեկում` վերնահարկում գեոֆիզիկոս Սարգիս Հովելյանն առաջին անգամ էր ներկայանում կերպարվեստասերներին կիսաթանկարժեք և գունավոր քարերի, կարծրացած փայտի յուրատիպ համադրությամբ ստեղծած իր 2 տասնյակից ավելի նկարներով: Թե´ հանրապետական, թե´ «Պարը», թե´ «Քարե ծիածանը» ցուցահանդեսները գեղագիտական տեսահայեցողական վայելքի զգալի ներուժ էին պարփակում` դատելով այցելուների անմիջական դիտարկումներից: Այդուհանդերձ, թեմատիկ արտասովոր գրավչությամբ և ժանրային տարատեսակությամբ համընդհանուր ուշադրության կենտրոնում կերպարվեստագետների 3 սերունդներին կամրջող «Պարն» էր: Եվ «ԱՎԱՆԳԱՐԴԸ» զրույց ծավալեց ցուցահանդեսի նախագծի հեղինակ, տասնամյակների բեռը ուսերից թոթափած եռանդուն կազմակերպիչ Գևորգ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ (Գոգա) հետ:

- Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր անցած ճանապարհի, ստեղծագործական տարեգրության բովանդակային սերուցքը:

- Ծնվել եմ Երևանում, 1947-ին, նկարչի ընտանիքում: Դեռ մանկուց կապ եմ ունեցել թանգարանի հետ: Ծնողներս մեր պատկերասրահում էին աշխատում: Ամբողջ օրս նրանց աշխատավայրում էր անցնում: Հայրս` ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդգես Բաղդասարյանը, հայտնի ռեստավրատոր էր, ԽՍՀՄ-ում առաջիններից, ովքեր սովորեցին Գրաբարի մոտ, ապա ուղարկվեցին տարբեր հանրապետությունների կերպարվեստապահոցներ: Աչքերս բացել եմ` լաքի, ներկի հոտն եմ շնչել: Հայրս տանն էլ էր աշխատում: Իմ մեջ էլ վաղուց ի հայտ եկավ նկարելու ձիրքս: Այդուհանդերձ, երևի միայն նկարիչ դառնալու մասին չէ, որ մտածել: Լավ բռնցքամարտիկ էի, միութենական մրցումների մրցանակակիր: Այնքան ճկուն ու խանդավառ էի պարում, որ ընկերներս ինձ Թվիստ Գոգա էին «մկրտել»: Ձիասպորտն էլ իմ անկասելի տարերքներից էր: Ուզեցի արվեստաբան դառնալ: Բայց, երբ կլանվեցի կերպարվեստի պատմությամբ, ծանոթացա նկարիչների կյանքին, որոշեցի նկարիչ դառնալ: Ընդունվեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարան: Ավարտելուց հետո չկամեցա ինստիտուտ դիմել: Հորս աշխատակցելով` բավականին փորձ էի ձեռք բերել և ժամանակի վատնում համարեցի բարձրագույն կրթությունը:

- Ստեղծագործելու ունակ մարդը, եթե տիրապետում է իր արվեստի արհեստի այբուբենին, անհատական աշխատանքով, ինքնակրթությամբ, մտահորիզոնի ընդլայն մամբ, կենսափորձի հարստացմամբ կարող է ինքնուրույն աճել, հասունանալ:

- Լիովին համամիտ եմ: Մեր մեծերն ասում էին. «Սովորեք աչքերով լսել, ականջներով` տեսնել»: Երիտասարդական ցուցահանդեսի աշխատանքներից երբ առանձնացնում էին լավագույնները, իմ արած դիմանկարն էլ ընտրեցին: Ապա միայն իմացան, որ Վարդգեսի որդին եմ: Մասնակցեցի մի շարք հանրապետական ու միութենական ցուցահանդեսների: Շուտով դարձա Նկարիչների միության անդամ: Ասենք, դա չափանիշ չէ: Ռեմբրանդտը, Վան Գոգը, Պիկասոն նկարիչների միության անդամ լինելով չեն ճանաչվել: Գեղանկարչությանը զուգահեռ 20 տարի ռեստավրացիայով եմ զբաղվել, հիմա տղաներիցս մեկն է իմ գործը շարունակում, մյուսը Լենինգրադում թենիսի հայտնի մարզիչ է:

- Ինչպե՞ս ծնվեց «Պարը»:

- 90-ականներին տեղափոխվել էինք Լենինգրադ: Եվ, երբ վերադարձանք Երևան, կյանքը կարծես թե որոշակի բարեփոխվել էր, բայց մշակութային առօրյան էապես դժգույն էր: Մտածեցի` իսկ ինչու՞ կարծրատիպերից դուրս թեմատիկ ցուցահանդեսներ չկազմակերպել: Առաջարկեցի ձիերի թեմայով ցուցադրություն. ոգևորվեցին նկարիչներից շատերը: Հովանավոր գտա` ԲՏԱ բանկի կառավարիչ Նուր Բակբերգենովին, ով կնոջ հետ ձիավարությամբ էր տարված: Ինքս էլ մանկուց ձիերի մոլի երկրպագու, վարժ հեծյալ եմ, ձիերի մոտ 200 գրաֆիկական նկարներ եմ արել: Վերջին 2-3 տարիներին միայն ձիերով եմ զբաղվել: Ղազախստանի դեսպանատունը հրավիրեց ձիերին մեծարող իրենց ապրիլվերջյան շքեղաշուք ձիատոնին... Նրանց մոտ ձին, մասնավորապես Ախալթեքյան ազնվացեղ գեղեցկուհին, համընդհանուր պաշտամունքի առարկա է` նախագահից մինչև հասարակ մահկանացու: Իրենց ձիերի թանգարանին 2 նկար եմ նվիրել, 10-15 գործ` Աշխաբադի պատկերասրահին: 2012-ն էր: Լավ գիտեի մեր նկարիչներին, ովքեր ձիեր են նկարել, առաջարկեցի, հավաքեցինք նկարները: Մեծ հետաքրքրություն առաջացրեցին «Ձիերը»: Ձեռնարկեցի «Սերունդներին»: Կերպարվես տագետների մի քանի գերդաստաններ չկարողացա ընդգրկել` ցրվել էին աշխարհով մեկ: Միևնույն հարկի ներքո կողք կողքի ներկայացան 17 գերդաստան` հայր և որդի, պապ ու թոռ, նույնիսկ ծոռ: «Ձիերի» 2-րդ ցուցահանդեսը, կարծես ինքնաբերաբար, առաջնահերթություն դարձավ: Նախորդին մասնակցածները նոր աշխատանքներով ներկայացան: Հայտնիներից ոմանք, ցավոք, քմահաճ պասսիվություն ի հայտ բերեցին. կարծում եմ, հասարակության գեղագիտական դաստիարակության, մշակութային կյանքի գունեղացմանը մեծապես վնասում է անձնավորված մոտեցումը կոլեկտիվ նախաձեռնություններին:

- Ինչու` «Պար»:

- Ի նշան ընդվզման` մեզանում մեծ պահանջարկ վայելող անարվեստ պարային նախասիրությունների դեմ... Խոստովանեմ, որ «Պարի» գաղափարին քամահրանքով վերաբերվողները զարմացան, թե որքան հեղինակներ համախմբվեցին այդ թեմայի շուրջ` 54 նկարիչների 86 տարաժանր աշխատանքներ:

- Ձեր մտահղացած էքսպոզիցիայով այցելուները շուտով արտասովոր պարահանդեսում գտնվելու զգացողություն են ունենում: Դեռ մուտքի աստիճաններից չիջած` տպավորվում են դիմահայաց պատին տեղադրված մեծադիր կտավի` հանրաճանաչ Սեյրան Խաթլամաջյանի բալետային «Փորձի», դասական արտահայտչականությամբ: Իրենց վառվռուն գուներանգներով առավել շեշտադրում են պարուհիների առօրյա հոգնության կիսախավարը «Փորձի» 2 կողմերում զետեղված, խորհրդանիշներով գերհագեցած Ձեր վրձնած եռանկարի «Օրն» ու «Ամպերի պարը»: Սամվել Ղազարյանի բրոնզաձույլ «Իսպանական պարի» կենտրոնական տրամադրությունն ու ասելիքը բնութագրական մանրամասներով լրացնում են Դավիթ Աբրահամյանի 4 գունագեղ նկարները, Վիկտոր Հովհաննիսյանի «Մանուել դը Ֆալա. կրակների պար» կտավը: «Յարխուշտայի» իրենց ընկալումներն են, ասես, կարևորում Անդրանիկ Սուսերցին և Դավիթ Ստեփանյանը, որոնց խրոխտ առնականության «հարևանությամբ» ցայտունանում է վարդագույնի նրբերանգներով ներկայացող «Նազանի» ու «Նազելիի» հեզաճկուն նազանքը: Արմեն Առաքելյանի դիմակավոր դոմինոների բրոնզաձույլ «Սիրո պարի» պարահանդեսային մթնոլորտը թանձրացնում են Հրանտ Կարախանյանի վառ թատերային «Դիմակահանդես» շարքը և Աննա Ադիյանի «Տանգոն»: Երևակայական պարապտույտը մի պահ խաղաղվում է, քնարական բանաստեղծականությամբ ցայտում Աշխեն Քուրդյանի «Հոգի» և Ռուդոլֆ Խառատյանի «Ձոն» կտավներին դեմ հանդիման...

-Ընդ որում, առաջին անգամ է Հայաստանի ժողովրդական արտիստը մասնակցում այս հարկի ներքո կազմակերպվող ցուցահանդեսի` իր դրսևորած պրոֆեսիոնա լիզմով չզիջելով ՀՆՄ անդամներից շատերին: Առաջին անգամ Նկարչի տան ցուցահանդեսի մասնակից եղավ նաև «Վիդեոարտի» հիմնադիր ներկայացուցիչը` մոդեռն արվեստագետ Համլետ Հովսեփյանը: Մեզանում վերապահությամբ են ընդունում, բայց աշխարհում սովորական երևույթ է «Վիդեոարտի» ներկայությունը ցանկացած ցուցահանդեսում: Կարծում եմ, «Պարով» «սառույցը կոտրվեց»: Այս տեսակով զբաղվող շատ հայաստանցի նկարիչներ այսուհետ կկարողանան ներկայանալ խմբակային թեմատիկ ցուցադրություններով: Չէ՞ որ ժամանակին, երբ խորհրդային պահոցներից դուրս չէին բերվում ավանգարդիստները, մեզ մոտ Կանդինսկի էր ցուցադրվում, Շագալ, Կուրբե... Թե Օրբելուն պարտական ենք Էրմիտաժի պահոցների եվրոպական բացառիկ նմուշներին հաղորդակցվելու համար, ապա Դրամբյանը մեր պատկերասրահը հարստացրեց ռուսական կերպարվեստի եզակի նմուշներով: Գոհացուցիչ է «Պարի» հանրային ընդունելությունը. թվում էր, թե ամառային հանգստի, անասելի շոգի գործոններով մեծ ռեզոնանսը պետք էր բացառել: Հիմա արդեն պատրաստվում եմ 5-րդ ցուցահանդեսին` «Մերկ կինը» («Նյուե» ինչպես նկարիչներն են ասում):

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ