Մենամարտ ճակատագրի դեմ


Մի օր էլ, տեսնելով, թե ինչ կարոտով է նայում մյուս երեխաների հեծանիվներին` նրան հեծանիվ նվիրեց: Երեկոյան իր դուռը թակեց Նունեն` ձեռքին իր նվիրած հեծանիվը.

- Ես կխնդրեմ` ազատեք ինձ ձեր նվերներից:

- Ներս մտեք, հո հարթակում չենք խոսելու:

Նունեն ներս մտավ:

- Դուք կարծում եք, որ եթե փող ունեք` ձեզ ամեն ինչ կարելի՞ է… Կարծում եք ձեր էժանագին նվերներով կարո՞ղ եք շլացնել ինձ, գնել…

- Ես ձեզ ոչինչ չեմ նվիրել…

- Իսկ այս հեծանի՞վը…

- Դա ձեզ չեմ նվիրել, այլ Արմենչիկին:

- Միևնույն է, չհամարձակվեք:

- Լսեք, եթե ես հաջողակ եմ, դա չի նշանակում, որ սրիկա եմ: Ձեզ շլացնելու, առավել ևս` գնելու խնդիր չունեմ: Ես ընդամենը ցանկանում եմ ինչ-որ կերպ օգտակար լինել իմ հայրենիքին ու հայրենակիցներիս: Կարող եք հետաքրքրվել` իմ օբյեկտներում աշխատողները ամենաբարձր աշխատավարձն են ստանում Հայաստանում: Կասեք` դա՞ էլ եմ ձեզ շլացնելու համար անում… Այո´, ես ձեզ նման զենքը ձեռքիս չեմ կռվել Հայրենիքի համար, սակայն դա չի նշանակում, որ Հայրենիքը ձեզանից պակաս եմ սիրում:

- Դուք դեղեր եք բերում մորս…

- Այո, և ոչ միայն ձեր մորը… Հավատացեք, դա ևս ձեզ շլացնելու համար չեմ անում: Ինչ վերաբերում է հեծանիվին` պետք է միայն տեսնեիք, թե երջանկությունից ինչպես էին շողում ձեր որդու աչքերը: Ինչո՞ւ եք երջանկությունից զրկում երեխային: Առանց այն էլ ճակատագիրն արդեն նրան հարվածել է` զրկել է հորից, ինչո՞ւ մի ավելորդ անգամ ևս ցավ պատճառել նրան:

- Ձե՞զ ինչ: Դա ձեզ չի վերաբերում… Չհամարձակվեք ձեր քիթը խոթել իմ կյանք,- բղավեց Նունեն:- Վերցրեք այս հեծանիվը…

- Խնդիրը հեծանի՞վն է, լավ,- ինքը Նունեի ձեռքից վերցրեց հեծանիվը ու մոտենալով պատուհանին, բացեց այն ու դուրս նետեց, հետո շրջվելով ասաց,- խնդիրը վերջացավ, հանգստացա՞ք, հիմա էլ ի՞նչ կա…

Նունեն շփոթված լռեց.

- Եթե ավելացնելու բան չունեք` ցտեսություն,- մոտենալով դռանը և դուռը բացելով զայրացած ասաց ինքը:

Նունեն անխոս դուրս եկավ:

Ինքը զայրացած էր, որոշեց այլևս երբեք չառնչվել Նունեի ընտանիքի անդամների հետ, հեռու պահել իրեն: Դիտմամբ առավոտյան վաղ էր դուրս գալիս տնից, վերադառնում էր ուշ գիշերով: Ողջ ժամանակը նվիրում էր բիզնեսին, իսկ այստեղ շատ խնդիրներ էին առաջացել. ժողովուրդը գնողունակ չէր, ինքը տուժում էր, անհրաժեշտ էր նոր բան հնարել, անհրաժեշտ էր խնայել, սակայն աշխատավարձները իջեցնել չէր ցանկանում: Հետո հայտնվել էին շատ չինովնիկներ, որ կարծում էին եթե ինքն այնքան հարուստ է, որ կարողանում է ամենաբարձր աշխատավարձ վճարել, իրենց էլ պիտի ավելի շատ կաշառք տա: Ինքը ինչքան կարողանում էր` պաշտպանվում էր, բայց անհաջող: Բացի այդ` մրցակիցներ էին հայտնվել, որ նեղում էին իրեն: Հետո իշխանափոխությում եղավ, ավելացավ հարկային բեռը, հարկերը հավաքում էին թե անցած, թե գալիք ամիսների համար: Անհրաժեշտ էր ելք գտնել: Ստիպված իր խանութների մի մասը վաճառեց մրցակիցներին, սակայն դա միայն հետաձգեց վերջնական կրախը: Ինքը տենդագին ելք էր որոնում ստեղծված իրավիճակից: Խանութների վաճառքից ստացված գումարը բիզնեսի մեջ ներդնելը այլևս անիմաստ էր: Գնեց նոր բնակարան: Ու արդեն մտածում էր իր բիզնեսով նորից Մոսկվա վերադառնալ: Անհաջողությունները շեղել էին իրեն Նունեից էլ, նրա ընտանիքի անդամներից էլ: Մի անգամ էլ ուշ տուն վերադառնալով հարթակում տեսավ Նունեին: Անկասկած իրեն էր սպասում: Նունեն բարևեց, ինքը պատասխանեց սառը: Դուռը բացելով արդեն ներս էր ցանկանում մտնել, երբ Նունեն հարցրեց.

- Դեռ բարկացա՞ծ ես:

- Չհասկացա,- իրոք չհասկացավ ինքը:

- Ես կարծես թե չափը անցա այն օրը, ուղղակի բարկացած էի:

- Հետո՞:

Նունեն շփոթված նայեց իրեն.

- Ցանկանում եք ներողությո՞ւն խնդրել, կարիք չկա:

- Հասկացեք, ես չէի ցանկանում ձեզ վիրավորել, ուղղակի այդպես ստացվեց, կարող եմ ենթադրել, թե ինչ մտածեցիք իմ մասին…

- Նունե, ամեն ինչ կարգին է, ուղղակի լինում են հպարտ մարդիկ, լինում են` շա˜տ հպարտ: Դուք պատկանում եք վերջիներիս թվին: Այն օրը ես հասկացա դա: Հասկացա և ընդունեցի: Այնպես որ` ամեն ինչ կարգին է, ու հիմա խնդրում եմ ներել ինձ, շատ հոգնած եմ, ինձ հանգստանալ է պետք:

Հանկարծ բացվեց Նունեի բնակարանի դուռը և այնտեղից դուրս վազեց փոքրիկ Արմենը:

- Կարեն քեռի,- փարվելով իր ոտքերին գոչեց նա,- թե իմանաս ինչքան եմ կարոտել քեզ, ո՞ւր էիր, ես ու մաման անընդհատ քեզ էինք սպասում:

Նունեն շփոթված գլուխը կախեց:

- Զբաղված էի,- գրկելով երեխային ու համբուրելով նրա այտը` պատասխանեց ինքը,- մեծերը մեկ-մեկ զբաղված են լինում:

- Էս Էդուլիկը վերցրել է հեծանիվս ու չի տալիս…

- Ոնց թե չի տալիս,- հարցական նայելով Նունեին հարցրեց ինքը:

- Հա, ասում է, որ գտել է…

- Դե, եթե գտել է, ուրեմն դու ես դրսում մոռացել…

- Չէ, ես տուն եմ բերել, հաստատ հիշում եմ…,- լացակումած թնկթնկաց երեխան:

Ինքը նայեց գլխիկոր կանգնած Նունեին…

- Կարեն քեռի, Էդուլիկին կասես չէ՞, որ հեծանիվս տա, ախր ինքը ուրիշ հեծանիվ էլ ունի, իսկ ես չունեմ: Խնդրում եմ, ասա հեծանիվս տա:

- Կասեմ,- Նունեին նայելով ասաց ինքը,- անպայման կասեմ:

Նունեի բնակարանի դուռը բացվեց. այս անգամ Նունեի մայրն էր:

- Բարև Կարեն, ինչ-որ չես երևում, հո բան չի՞ պատահել:

- Չէ, Աշխեն Հայրապետովնա, ուղղակի գործերն են շատ, ինչպե՞ս եք ձեզ զգում:

- Լավ, քո բերած դեղերն օգնեցին, բայց արդեն վերջանում են:

- Ոչինչ, ես վաղը նորը կբերեմ:

- Շնորհակալ եմ, որդիս, ինչ ենք կանգնել հարթակում, ներս մտեք` թեյով հյուրասիրեմ:

- Չէ, արդեն ուշ է,- Նունեին նայելով սկսեց ինքը:

Նունեն շփոթված ու գլխիկոր կանգնած էր: Հետո հայացքը բարձրացնելով նայեց իրեն և կամացուկ ասաց,

- Իրոք, համեցեք. շատ ուշ չէ: Մայրիկի թեյին ոչինչ չի հասնի:

Փոքրիկ Արմենը երկու ձեռքով քաշելով իր ձեռքից փորձում էր ներս քաշել իրեն: Ինքը ակամա հետևեց նրանց: Երեկոն հրաշալի անցավ, ճիշտ է` Նունեն իրեն շատ պասիվ էր պահում, բայց նրա մայրը, Արմենչիկը շատ ջերմ էին: Արմենը ոչ մի կերպ չէր ցանկանում քնել: Քնեց միայն մի պայմանով, որ ինքը քնելուց առաջ հեքիաթ պատմի:

Ինքը կարծում էր, որ այդ երեկոյից հետո ամեն ինչ կհարթվի իր և Նունեի հարաբերություններում, սակայն Նունեն առաջվա նման սառն էր ու անտարբեր: Իսկ բիզնեսն իրենն էր պահանջում: Ստիպված նորից մեկնեց Մոսկվա: Նախկին ծանոթներից մեկի հետ մի մեծ խանութ բացեց. խանութը ծանոթի անունով էր, սակայն ինքը իր փայն ուներ եկամուտից: Երբ վերադարձավ, իմացավ, որ Նունեի մայրը մահացել է: Մոռանալով ամեն ինչ` թաղման ծախսերն ու հոգսերն իր վրա վերցրեց: Այդ օրերին փոքրիկ Արմենին նույնպես իր մոտ վերցրեց: Երբ ամեն ինչ մնաց անցյալում, մի երեկո թակեց Նունեի դուռը: Դուռը բացելով` Նունեն հարցական նայեց Կարենին:

Կարենը ներս մտավ, առաջացավ, հետո էլ հավաքելով համարձակությունն` ամուսնության առաջարկություն արեց Նունեին.

- Ես քեզ երբևիցե ինչ-որ բան հուսալու առիթ տվե՞լ եմ,- սառը, արհամարհական տոնով հարցրեց Նունեն:

- Չէ,- շփոթված պատասխանեց ինքը,- բայց դա ի՞նչ նշանակություն ունի… Ես ընդամենը խնդրում եմ քեզ դառնալ իմ կինը, որդուդ սիրում եմ հարազատ որդուս նման, ես լավ հայր կլինեմ նրա համար, քեզ նույնպես սիրում եմ…

- Բավական է, դու ինձ վիրավորում ես…

- Բայց ինչո՞վ, միթե մեղք է սիրահարվելը…

- Սիրահարվելը մեղք չէ, ուղղակի քո վերաբերմունքն ինձ համար վիրավորական է: Կարծում ես, որ եթե լավ ես վերաբերվում որդուս, նվերներ ես գնում, մորս թաղման հետ կապված հարցերում օգնեցիր ինձ, կարող ես վարվել հետս ինչպես կկամենա՞ս…

- Բայց ի՞նչ եմ արել ես…

- Դու համարձակվել ես ենթադրել, թե այդ ամենով գնե՞լ ես ինձ: Կարող եմ պատկերացնել, թե ինչ ես մտածում. դե, իհարկե, ջահել, հարուստ տղամարդ եմ, ինչպես կհամարձակվի այս քնձռոտը մերժել ինձ: Ուրեմն իմացիր` ես քեզ մերժում եմ…

- Նունե, դու սխալվում ես…

- Վերջ, էլ չեմ ցանկանում լսել քեզ, քեզ տեսնել էլ չեմ ցանկանում: Հեռացիր իմ կյանքից, հեռացիր մեր շենքից,- գոռաց Նունեն:

Ինքը այլայլված դուրս եկավ: Վիրավորված ու զայրացած էր: Որոշեց ընդմիշտ իր կյանքից դուրս շպրտել Նունեին: Հաջորդ օրը տեղափոխվեց իր նոր բնակարանը և հայտարարություն տվեց հին բնակարանը վաճառելու մասին: Քանի որ իր պահանջած գինը բավականին ցածր էր շուկայականից, բնակարանը արագ վաճառվեց: Փորձեց մոռանալ Նունեին: Ընդունվեց պետական աշխատանքի: Նախկին սրամիտ, կատակասեր, հաջողակ երիտասարդից ոչինչ չէր մնացել: Ինքը հիմա մռայլ, սակավախոս ու չարն էր դարձել: Նոր բնակարանում գրեթե չէր շփվում հարևանների հետ, աշխատավայրում` նույնպես: Հայաստանում կորցրել էր եկամտի աղբյուրները, հիմա ապրում էր Մոսկվայից ուղարկվող փողերով: Երևանը փոքր քաղաք է, ժամանակ առ ժամանակ փողոցում, սրճարանում պատահաբար հանդիպում էր իր նախկին աշխատակիցներին ու հարևաններին և զգում էր, որ նրանց վերաբերմունքն առաջվանը չէ, ու ամեն անգամ հիասթափված ու վիրավորված շարունակում էր իր ճանապարհը: Դեռ փող ուներ, դա օգնում էր արագ կարերիա անել, սակայն կյանքից, աշխատանքից այլևս հաճույք չէր ստանում, Նունեին, նրա արհամարհական մերժումը չէր կարողանում մոռանալ: Ամեն օր մտովի կռվում էր հետը: Մի երեկո էլ հանկարծ հնչեց հեռախոսազանգը. Նունեն էր.

- Կարեն…

- Նունե՞:

- Կարեն, կարող ե՞ս գալ:

- Ու՞ր:

- Մեր տուն:

- Ինչ-որ բա՞ն է պատահել…

- Արմենս հիվանդ է, քեզ է ուզում… մի քանի օր է` ջերմությունը չի իջնում…

- Բժշկի դիմե՞լ ես…

- Հա, դեղեր են գրել, բայց ոչինչ չի օգնում…

- Լավ, մի քանի րոպեից Ձեր տանը կլինեմ:

Մոռանալով ամեն ինչ` ցնորվածի պես դուրս նետվեց, ճանապարհին մտավ խանութ, հյութ ու միրգ, խաղալիքներ գնեց ու տասնհինգ րոպեից սեղմեց Նունեի բնակարանի զանգի կոճակը: Երեխան, իրոք, տաքությունից վառվում էր: Գրկեց նրան: Երեխան բացեց աչքերը և իրեն տեսնելով` ժպտաց ու կամացուկ ասաց.

- Կարեն քեռի, եկա՞ր: Թե իմանաս ինչքա˜ն եմ կարոտել քեզ: Էլ չես գնա, չէ՞:

- Չեմ գնա, Արմենչիկ ջան: Տես` քեզ համար ինչ խաղալիք եմ բերել,- փափուկ նապաստակը մեկնելով երեխային` ասաց ինքը:

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ