Ռոմանտիկ ռետինե մահակ
Մահակը գերազանցապես հարվածնելու համար նախատեսված ձող է: Առավել ևս ռետինե մահակը, որին հոգնած պահին հենվել չես կարող` ինչպես փայտաշենի դեպքում: Ոստիկաններն էլ այդ «փափուկ» զենքը անհնազանդներին ցավեցնելով կարգի հրավիրելու նպատակով են կիրառում: Եվ որպեսզի դրանով հարվածողներն էլ գոնե խղճմտանք զգան, Մոսկվայի դիզայներ Դմիտրի Մորոզովը ինքնատիպ մի ձևավորում է մշակել:
Նրա ձևավորած ոստիկանական մահակը ամեն հարվածից հետո հարվածողի մորը հեռախոսագիր (SMS) է ուղարկում` «Մայրիկ, ես հարվածեցի մարդուն» բառերով:
- Ես որոշել էի հասարակական գործընթացների մասին մտածող ինչ-որ բան անել: Վերջին ժամանակներում հաճախ են հանդիպում ոստիկանության կողմից կատարվող բռնությունների մասին հաղորդագրություններ: Ոչ այն պատճառով, որ ես դժգոհություններ ունեմ ոստիկաններից. նրանցից ոչ մեկն ինձ չի նեղացրել ու չի ծեծել: Դա իմ արձագանքն է բռնություններին,- ասել է Մորոզովը:
Դժվար է ասել` կկիրառվի՞ արդյոք նրա այս նորամուծությունը: Բայց դիզայները հավաստել է, որ իր հայտնագործության նպատակը ոստիկանական բռնությունների հանդեպ ուշադրություն հրավիրելն է (տեղեկացրել է 360tv.ru-ն):