ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵ՞Ն


Բարձրաստիճան ղեկավարների աշխատավարձերի չափերի մասին հրապարակումն, ըստ տեղեկությունների, նրանցից շատերի կողմից քմծիծաղով է ընդունվել: Դատավորներից մեկը բավական մարդաշատ մի հավաքի ժամանակ հայտարարել է, թե. «Բա ի՞նչ էիք կարծում, հո 50-60 հազար դրամ չպետք է ստանայինք»: Խնդիրն ավելի լուրջ արձագանքի է արժանացել գործադիրի որոշ ղեկավարների շրջանում, երբ պարզ է դարձել, որ, ասենք, Կենտրոնական բանկի ղեկավարը գրեթե եռակի ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան հանրապետության վարչապետը: Այս և մի քանի այլ անհամամասնություններն առիթ են դարձել, որ մինչև անգամ տարեվերջյան բյուջետային քննարկումներում ներառվի որոշ պաշտոնյաների վճարաչափերի վերանայման հարցը: