Ասք շաքարավազի և 76 քաջերի մասին


Օգոստոսի վերջին շաքարավազը կրակե շապիկ հագավ: Դե իսկ թանկացումների վերաբերյալ այդ բացատրությունը փրկարար օղակի դեր է կատարում տվյալ ոլորտը կարգավորելու կոչված պատասխանատուների համար. ոչ ոք չի կարող նրանց մեղադրել միջազգային շուկայում գների տատանումների համար: Բայց «փրկարար օղակ» արտահայտությունն այս պարագայում օգտագործելն այնքան էլ տեղին չէ. փրկօղակի կարիք ավելի շատ սպառողներն ունեն` հայրենի օլիգարխների անզուսպ ախորժակից և գռփելու նրանց անհատնում տենչը սանձելու կոչված չինովնիկների անգործությունից հոգիներն ազատելու համար: Բարձր տեխնոլոգիաների մեր դարում այլևս հնարավոր չէ մարդկանց սուտ, հնարովի պատճառաբանություններով խաբելը: Ահավասիկ, շաքարավազի մեկ տոննայի գինն օգոստոսին Լոնդոնի բորսայում կազմել է 801 ԱՄՆ դոլար: Ընդ որում, փետրվարին այն եղել է 819, իսկ հուլիսին` 812 ԱՄՆ դոլար: Այսինքն, ստացվում է, որ նույն բազմաչարչար շաքարավազը Լոնդոնի բորսայում փետրվար-օգոստոս ամիսների ընթացքում գնալով ոչ թե թանկացել, այլ էժանացել է: Պարզապես Հայաստանում ապրանքների գների տատանումները տնտեսագիտական որևէ օրենքի չեն ենթարկվում. այստեղ գործում է ինչքան կարող ես` թալանիր բորենական օրենքը: Այլ կերպ կոչել այն, ինչն այսօր առկա է մեր իրականությունում, պարզապես անհնար է: Իրականում ազնիվ գործարարը երբեք չարդարացված գին չի սահմանի իր ներկրած ապրանքի համար, ճիշտ գործարարի հոգեբանությունը շուկայում իր գերիշխող դիրքից օգտվելով և սպառողներին հնարավորինս շատ թալանելով` ունեցած հարստությունը բազմապատկելը չէ: Բայց անկախ ու ազատ Հայաստանում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ հույս կապելը պարապ գործ է: Որևէ ապրանքի թանկացման պարագայում ավելի ճիշտ է դիտարկել, թե ով է դրա ներկրողը: Իսկ բոլորին է հայտնի, որ մեզանում շաքարավազ ներկրողը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է. այլ կերպ ասած` շաքարավազի ներկրման մենաշնորհը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյանինն է: Ու երևի խորհրդարանի պատգամավոր լինելն էլ այս հայտնի գործարարին խիստ անհրաժեշտ էր իր բիզնեսի համար հուսալի տանիք ապահովելու, ոչ թե Հայաստանի զարգացմանը նպաստող օրինաստեղծ գործունեություն ծավալելու համար: Ի դեպ, ասում են` երբ ՀԱԿ-ը հրապարակեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը խախտող 76 օլիգարխների ցուցակը, գործարար պատգամավորը շտապել է չքմեղանալ` ասելով, թե ինքը կառավարման է հանձնել իր բիզնեսը: Հիմա, թերևս, հասկանալի պետք է լինի, թե ինչու ՏՄՊՀ-ն ի վիճակի չէ սաստելու օրինազանց գործարար-պատգամավորին և նրան ստիպելու շաքարավազի խելամիտ գին սահմանել: Լավագույն դեպքում, այդ խեղճ ու կրակ հանձնաժողովը նիստ կգումարի, մի քանի ժամ կքննարկի խնդիրը, հետո էլ մի քանի ամիս ուսումնասիրություններ կիրականացնի շուկայում… մինչ այս, մինչ այն` մարդիկ հոգսերի մեջ կմոռանան հանձնաժողովի մասին էլ, շաքարավազի մասին էլ, բայց գործարար¬ե րեսփոխանի քսակը կշարունակի տռզել: Եվ ընդհանրապես, այսպիսի սրտաճմլիկ պատմությունները միայն Սամվել Ալեքսանյանի անձեռնմխելիության մասին չեն: Նույնատիպ պահվածքով հարստահարողներ են նաև հիշատակված այն 76 օլիգարխները: Նրանցից ցանկացածի և նրանց հովանավորողների դեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ, տնտեսական մրցակցության մասին օրենքն էլ, վերջապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էլ անզոր են: Նրանց համար այլ արժեքային համակարգ ու սահմանադրություն է գործում. թալանիր` ինչքան կարող ես, քանի դեռ ուժդ պատում է: «Ասքը» գրի առավ Տարոն ՄԻՐԶՈՅԱՆԸ