Հնարավոր են նաև այլ ձերբակալություններ


Պատասխանելով «Ազգ» օրաթերթի հարցին, թե ովքեր կարող էին բռնություն գործադրած լինել ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի նկատմամբ և ինչպիսի զարգացումներ կան այդ ուղղությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշել է. - Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է: Դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Արցախում է գտնվում նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Իրականացվում են օպերատիվ մեծածավալ աշխատանքներ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: Գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Դեպքի վայր է մեկնել նաև Պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը: Նախաքննության շահերից և ձերբակալվածների ընտանիքների անդամների անվտանգությունից ելնելով առայժմ ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Նախաքննությունը շարունակվում է, առաջիկա օրերին հնարավոր են նաև այլ ձերբակալություններ: