«Քանակական տվյալները չեն որոշում Զինված ուժերի մարտունակությունը»


Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կիզակետում ՀՀ ԶՈւ զորահանդեսն է լինելու: Հանրությանը կներկայացվեն Անկախության ծնունդ քսանամյա մեր բանակի ձեռքբերումները: Երբեմն մեզանում համեմատություններ են անցկացվում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների կազանյան հանդիպմանն անմիջապես հաջորդած Բաքվի տխրահռչակ զորահանդեսի հետ: Ոմանք դա ընդամենը հերթական ցուցամոլություն և մեզ իբր ահաբեկելու անհաջող փորձ են համարում: Երևի չեն սխալվում: Բայց թշանամու ցուցամոլությունը կամ հաջողված պարծենկոտությունը մեզ պետք է որ չզբաղեցնի: Փոխարենը` մենք ունենք մե´ր պաշտ-պանվա ծության երաշխիքը` Հայոց բանակը, որն իր հոբելյանը հիրավի շուքով է նշելու: Ու որքան էլ ծայրահեղացված ու չարակամ դատափետումներ հնչեն, միևնույն է` չարախոսներն անգամ իրենց դավերը լարում են նույն մեր բանակի պարգևած անվտանգությունն ապավինելով: Միանգամայն օրինաչափ է այն հետաքրքրասիրությունը, թե ի՞նչ կերպ, ի՞նչ շուքով է Պաշտպանության նախարարությունը նշելու առաջիկա հոբելյանը: Եվ այդ հարցն էլ լրագրողներն ուղղեցին նախարար Սեյրան Օհանյանին` Տավուշ կատարած այցի ժամանակ: - Մենք հասարակությանը կներկայանանք 20 տարվա մեր պատրաստության շրջանակներում և ցույց կտանք, թե ինչպիսի պատրաստություն ունեն և´ մեր զինծառայող ները, և´ շարասյուները: Թե ի՞նչ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ենք այս տարիների ընթացքում ապահովվել: Կարծում եմ, որ հակադարձը Ադրբեջանի Հանրապետության զորահանդեսին կլինի պատշաճ կերպով: Բայց միևնույն ժամանակ էլ պետք է ասեմ, որ զորահանդեսով չէ, որ որոշվում է ԶՈՒ մարտունակության աստիճանը: Այսինքն` քանակական տվյալներով չի որոշվում ԶՈւ մարտունակությունը, մանավանդ, որ դա մենք ցույց ենք տվել նաև Արցախյան ազատամարտի ժամանակ: Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն արագ տեմպերով սպառազինվում է, մենք մեր սպառազինությունն արդիականացնում ենք, նաև բարձրացնում ենք մեր զինվորների պատրաստության աստիճանը, նրանց որակական հատկանիշները, որովհետև յուրաքանչյուր ոչ պատշաճ պատրաստված զինվորի ձեռքերում ցանկացած տեխնիկա դառնում է մետաղի ջարդոն,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ փաստեց Նախարար Սեյրան Օհանյանը: Զորահանդեսին առաջին անգամ կմասնակցեն նաև հոգևորականները: Ու դա կլինի թե´ անակնկալ, թե´ սպասված օրինաչափություն: Ուժ և հավատ. սրանք են ցանկացած պետականության կայացման լինելիության կարևորագույն 2 բաղադրիչները: Հոգևոր ծառայության մասին իր վերաբերմունքը նախարարը ներկայացրեց «Ավանգարդի» խնդրանքով: - Չնայած ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը ներդրվել է 1997- ից, մեր ազատամարտի փորձը ցույց է տվել, որ նրանք նաև այս վերջին պատերազմի ընթացքում շարունակել են այն բարի ավանդույթները, որ մեր ողջ պատմության ընթացքում ունեցել ենք: Զինվորի և հոգևորականի սերտ լինելը, նրանց կապը երևացել է ցանկացած պատերազմում: Նրանք կողք-կողքի, զենքերը ձեռքին` պաշտպանել են մեր հայրենիքը: Հոգևոր ծառայությունը մեզ համար անչափ կարևոր նշանակություն ունի: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում դաստիարակչական համակարգի մեջ հոգևոր դաստիարակության ներդրմանը և ընդլայմանը: Այնպես որ զինվորի և հոգևորականի միասնությունը խորհրդանշական է: Դա ամրապնդում է զինվորի մարտական ոգին, ինչը որոշիչ է եղել Արցախյան գոյապայքարի ժամանակ: Մեր հաջորդ հարցին, թե արդյո՞ք հաճախ են զինվորներն այս կամ այն հուզող հարցերով, մտահոգություններով դիմում գործող թեժ գծին, Նախարարը պատասխանեց. - Բացի նրանից, որ ՀՀ Զինված ուժերում կա թեժ գիծ, նաև յուրաքանչյուր զորամասում գոյություն ունի Պաշտպանության նախարարի փոստ: Հրամանատարության, մեր ղեկավարության կողմից ժամանակ առ ժամանակ բացվում են այդ փոստերը և բոլոր մտահոգիչ խնդիրները ներկայացվում են Պաշտպանության նախարարին: Այսօր այդ մտահոգիչ հարցերի մեջ տեղ են գտնում սոցիալական խնդիրներ, որոնք ուսումնասիրվում են մեր կողմից: Ինչպես նաև բարձրացվում են նրանց իրավունքների պաշտպանութ յան, արձակուրդներ ուղարկելու, արձակման իրավունքից օգտվելու խնդիրներ: Տեղում նույն հրամանատարության կողմից աշխատանքներ են իրականացվում խնդիրների լուծման ուղղությամբ, և մենք համապատասխան աջակցություն ենք ցուցաբերում: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն արդեն քանի տարի մեզ պարտադրում է ավելի զգոն և աչալուրջ լինել: Հակառակորդի կողմից հրադադարի հաճախակի խախտումների մթնոլորտում անգամ հայկական Զինված ուժերը պատվով են իրականացնում իրենց խնդիրը` հուսալիորեն պաշտպանելով մեր անվտանգությունը: Սահմանային առաջին գծում ավելի առարկայական ու համոզիչ էին հնչում Նախարարի խոսքերը. - Նախ` պետք է ասեմ, որ առաջին գծում հրադադարի խախտման խնդիր ՀՀ ԶՈւ առջև դրված չէ: Անկանոն կրակոցներին երբևիցե պատասխան չենք տալիս, իսկ դիպուկ կրակոցների դեպքում մենք փորձում ենք պատասխանել: Հրադադարի խախտման համար, կարծում եմ, որ Ադրբեջանի Հանրապետության վրա լուրջ ներգործություն պետք է ունենան առաջին հերթին այն միջազգային կառույցները, որոնք զբաղվում են ԼՂ հակամարտության խնդրով, իսկ երկրորդը, երբ հերթը հասնում է ՀՀ Զինված ուժերին, ապա, յուրաքանչյուր դեպք վերլուծելով, մենք արժանի պատժիչ գործողություններ իրականացնում ենք: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ղեկավարության, անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում պաշտպանության ամրապնդմանը, փորձում ենք ելքեր գտնել և´ պաշտպանութ յունն ամրապնդելու, և´ անհրաժեշտության դեպքում` նաև ներգործելու հակառակորդի վրա` այդպես կանխելով խաղաղ բնակչության վրա կրակի բացումը: Այդ բնակավայրերի պաշտպանությունը ՊՆ ղեկավարության և տեղի զորամասերի հրամանատարության ուղիղ խնդիրն է: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ստեղծված են ինժեներական կառույցներ, տարբեր տեսակի հողաթմբեր, փոս-ճանապարհներ, որ հնարավորինս անվտանգ լինի: Բայց, ցավոք սրտի, կան բնակավայրեր, որոնք կարող են հեռվից գտնվել կրակի ազդեցության տակ: Փորձում ենք արդեն հակադրել նրանց վրա ազդելու մեր կարողություններն իրենց տարածքում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ