ԹԱՏԵՐԱԳԻՐԸ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ, ՎԻՊԱՍԱՆԸ Ալեքսանդր Արաքսմանյանի ծննդյան 100-ամյակը


Լրացավ հայ նորագույն գրականության ու թատրոնի ամենաինքնատիպ դեմքերից մեկի` Ալեքսանդր Արաքսմանյանի ծննդյան 100-ամյակը: Ժամանակակիցներն Արաքսմանյանին համարում են ամենագնա, ամենահաս, հանրագիտարանային գիտելիքների տեր: Նրա կենսագրական տվյալներն ամփոփող հանրագիտարանային հոդվածներում նշված է` արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող… Այս ամենին ավելացնենք նաև` հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ… Իրապես` բացառիկ անհատականություն, ով գրական և թատերական կյանքի հորձանուտում, հաստատեց իր ներկայությունն ու թողեց այնպիսի ժառանգություն, որը եզակիներից մեկն է մեր գրականության մեջ: Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) քաղաքում: Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց: Սովորել է Ստ. Լիսիցյանի մասնավոր դպրոցում: 1928-ին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում): 1943-ին փոխադրվել է Երևան, աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում: 1968-73-ին եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը: Սրանք համառոտ տվյալներն են` նրա հագեցած կենսագրության: 1930-ական թվականներին աշխատելով հայրենի քաղաքի թատրոնում որպես գրական մասի վարիչ` նա գրում է իր առաջին դրամատիկական երկը` «Կոմս Էմանուել» պիեսը, որն անմիջապես արժանանում է Վարդան Աճեմյանի ուշադրությանն ու բեմադրվում իր ստեղծագործական կենսագրության «ոսկե դարը» նշող Գյումրու թատրոնում: Մեր թատերգության մեջ առաջին անգամ էր հայացք հառվում գրողի կերպարին, նրա առասպելացված, արկածներով լի կենսագրությանը: Այս պիեսի հերոսը Միքայել Նալբանդյանն էր` հայտնի հեղափոխական-դեմոկրատը, ազգային գաղափարներով ապրող մարդը, ով դարձավ իր ժամանակի ամենանշանավոր անհատականություններից մեկը, իր կենսագրությամբ զարմացրեց և հիացրեց բոլորին: Ալեքսանդր Արաքսմանյանի ստեղծագործական հետաքրքրությունների մշտական ուղեկիցը դարձավ Միքայել Նալբանդյանի կերպարը, նա այս պիեսը հետագայում վերամշակեց, ստեղծեց նրա նոր տարբերակը, որը կոչվեց «Հյուսիսային ռապսոդիա»: Այս պիեսը 1979-ին բեմադրեց Հրաչյա Ղափլանյանը, իսկ Միքայել Նալբանդյանի դերում հանդես եկավ Խորեն Աբրահամյանը: Սակայն Նալբանդյանի կերպարի միայն դրամայի տիրույթում չդիտարկեց Արաքսմանյանը. 1945 թվականին նա հրատարակեց «Ճանապարհ դեպի Կամիշին» վեպի առաջին գիրքը, 1953-ին հրապարակ հանեց «Ազատությունն աքսորական» վեպի առաջին, 1955-ին` երկրորդ գրքերը: Սիրահարված Նալբանդյանի կերպարին` թատերագիր Արաքսմանյանը մի նոր պիես էլ ստեղծեց Զավեն Վարդանյանի հետ, իսկ իր ավագ որդուն էլ Էմանվել կոչեց` այսպես մշտաներկա դարձնելով Նալբանդյանի կերպարն իր կյանքում: Արաքսմանյանն առաջիններից մեկը խորհրդահայ գրականության մեջ` անդրադարձ է կատարել Հայկական հարցին, ներկայացրել նրա նալբանդյանական մեկնակերպը: Քսան գիրք է հրատարակել հայերեն լեզվով Ալեքսանդր Արաքսմանյանը, ինչը վկայում է նրա բեղուն գրչի մասին: Նրա գրքերը թարգմանվել են նաև այլ լեզուներով: Սակայն Արաքսմանյանի բեղմնավորության առհավատչյան նրա դրամատիկական երկերն են, որոնց շնորհիվ նա համարվում է ամենաբեղմնավոր հայ թատերագիրը, յուրատեսակ ռեկորդակիրը. թատերագրի պիեսները 27-ն են, բոլորն էլ բեմադրված: Ժամանակին նրա պիեսները ներկայացվում էին միաժամանակ մեկ տասնյակից ավելի թատրոններում, «Վարդեր և արյուն» պիեսը մեկ թատերաշրջանում բեմադրվել է 14 թատրոնում, «Երբ տանն աչքեր չկան» պիեսը` 12 թատրոնում: «Քո սրտի կրակը» պիեսը բեմադրվել է Մոսկվայի Լենկոմի թատրոնում, այն թարգմանվել է նաև լիտվերեն, չեխերեն, գերմաներեն, լեհերեն, վրացերեն: Ալեքսանդր Արաքսմանյանը հայ թատերգության մեջ «պատերազմական դրամայի» հիմնավորողն էր. Հայրենական պատերազմի առաջին օրերից թատրոնները բեմադրեցին նրա «Անտառները շարժվում են». «Արծվիկ», «Հրաբխի վրա» պիեսները: Արաքսմանյանն առաջինը մեր թատերական գրականություն բերեց ստալինյան բռնությունների թեման` գրելով «Վաթսուն տարի և երեք ժամ» պիեսը, որը ժամանակին մեծագույն հաջողությամբ ներկայացվեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում: Արաքսմանյանի պիեսներում հանդես են եկել հայ նորագույն թատրոնի գրեթե բոլոր նշանավոր դերասանները. Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Արուս Ասրյան, Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, ուրիշներ… Իսկապես երջանիկ ճակատագրի թատերագիր, ով արժանացել է Գաբրիել Սունդուկյանի անվան գրական մրցանակին, արվեստի վաստակավոր գորչի կոչման, ում ստեղծագործություններին ծանոթ էին խորհրդային բազմազգ թատրոնում: Ալեքսանդր Արաքսմանյանը մահացավ Յալթայում, 1982 թվականին, խորհրդային թատերագիրների սեմինարի ժամանակ` դառնալով տրամվայի կատարած վրաերթի զոհ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ