Ծրագրում են Մարսի վրա սպանախ և կաղամբ աճեցնել


Այնտեղ կատարվելիք առաջին օդաչուավոր թռիչքին նաև խոհարարներ ու այգեգործներ կընդգրկվեն: Տիեզերագնացների առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է այնտեղ բոստան հիմնելը: Փորձագետները գտնում են, որ աստղագնացների լավ տրամադրությունը և ուժերը պահպանելու համար անհրաժեշտ է համեղ ուտեստներով շոյել նրանց քիմքը: - Մարսում լինելու առաքելությունը կտևի 5 տարի: Այդ ընթացքում յուրաքանչյուր տիեզերագնաց կուտի մոտ 3175 կգ մթերք: Առաքելության հաջողությունը մեծապես կախված է սննդի որակից: Մենք քննարկում ենք կենսավերականգնողական համակարգի իրականացման հնարավորությունը. դրա հիմքում տիեզերքում գյուղմշակությունների աճեցնելն է և դրանց մի մասի հարմարվողականությունը Մարսում ապահովելը: Տիեզերքում սննդարդյունաբերության այս զարգացումն իսկական նորարարություն է,¬ ասել է ՆԱՍԱ¬ի լաբորատորիայի դոկտոր Մայա Կուպերը: ՆԱՍԱ¬ի մասնագետների կարծիքով` գյուղատնտեսական մշակաբույս աճեցնելն անհրաժեշտ է նաև այն պարզ պատճառով, որ բանջարեղենը արտազատում է տիեզերագնացների համար թանկարժեք թթվածին ու կլանում ածխաթթու գազ և նույնիսկ ջուրն է մաքրում: Անկշռելիության մեջ հնարավոր կլինի աճեցնել սպանախ, հազարաթերթիկ, լոլիկ, կանաչ սոխ, քաղցր բիբար, ելակ ու կաղամբ: Այս ամենն, իհարկե հետաքրքիր է, բայց այդ ծրագրի ճարտարապետներն այսօր խոսում են շուրջ 20 տարի հետո կատարվելիքի մասին: Այո, «գյուղատնտեսական» այդ թռիչքը ծրագրված է 2030 թվականից հետո: