ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՏՐՅՈՇԿԱ»


Մեր հասարակության` քաղաքականությամբ հետաքրքրվող հատվածը և նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր են հասարակական կյանքի նշված հատվածում տեղի ունեցող անցուդարձին, Հայ Ազգային Կոնգրես ասելով` Հայոց Համազգային Շարժում են հասկանում: Հետևաբար տպավորությունը, թե ՀԱԿ-ը ռուսական «մատրյոշկա» է հիշեցնում, նշված համեմատության շրջանակներում բավական դիպուկ է: Միևնույն ժամանակ կասկածելի է, թե (դարձյալ համեմատության կարգով) մեծ խաղալիքի մեջ ընդգրկված համեմատաբար փոքր խաղացողներն իրականում կա՞ն, թե՞ միայն մատրյոշկայի օրինակով է մեզ թվում, թե ՀԱԿ-ն իր մեջ աստիճանաբար փոքրացող ուրիշ շատ միավորների էլ է ընդգրկում: Իսկ տպավորություններից անկախ` Կոնգրեսում աստիճանաբար ավելի ցայտուն է դառնում սեփական կուսակցության դերակատարությունն ընդգծելու, կշիռը ծանր ու մեծ ներկայացնելու արմատացող միտումը: Հետզհետե ավելի հետաքրքիր դարձող այս մրցավազքում նույնիսկ ՀԺԿ-ն է ներքաշվել, որը թվում էր, թե երկրորդը լինելու խնդիրը երբեք էլ չի վիճարկի: Սակայն նրանք, ովքեր երկրորդը, երրորդը, հաջորդներն են և կամ նույնիսկ չեն էլ նկատվում, նման անհանգստություն չպետք է ցուցաբերեն, այս հարցի շուրջ տառապալից մտայնություններ չպետք է ունենան… Առաջատարը, որ անվերապահորեն ՀՀՇ-ն է, այդ ո՞ւր հասավ, որ իրենք էլ նրանից հետ մնացին: Չէ՞ որ ընդդիմադիր մանրակուլ մատրյոշկան, հակառակ «թեժ» խոստումներին, գրեթե անշարժ է: Եվ, բնականաբար, այլևս անկարևոր է դրա պարունակությունն ու ներքին դասավորությունը: Իր հերթին միավորում ներկայացող առաջատարի այսչափ անմխիթար վիճակն է°լ ավելի «պայծառ» գույներով է պատկերում մյուս երկու ընդդիմադիրների իրական վիճակը: Ընդ որում, Ժառանգության և Դաշնակցության հետնապան լինելու իրողությունը ոչ միայն պարզ դիտարկման արդյունք է, այլ հավանաբար ուրիշ ելք չունենալով` վերջիններս նույնպես սկսել են ընդունել իրենց այդ կարգավիճակը: Այսպես, ՀՅԴ-ն իր բարձրաստիճաններից մեկի շուրթերով օրերս ամրագրեց, որ ընդդիմադիր դաշտում Լևոն Տեր-Պետոսյանը գնում է առջևից, մյուսները` հետևից: Ինչ խոսք, հատկապես դաշնակցական գործչի պարագայում սա զարմացնող իրատեսության օրինակ է: Ուստի լիովին հասկանալի է թե° Ժառանգության անծայր համբերատարության շարժառիթները և թե° գործնականում` երևանյան ընտրություններում ՀԱԿ-ին սատարելու որոշումից խուսափել չկարողանալը:: Թեև իրավիճակը պարզ ու որոշակի է թվում, ու մի պահ նույնիսկ հանգուցալուծումն էլ է երևում, բայց ակնհայտ է միաժամանակ, որ ակամա եռաթև դարձած ընդդիմությունն այնքան էլ չի շտապում միավորվել: «Թեժ» աշնանամուտը համենայն դեպս ոչ այնքան խոստացվող համագործակցության առարկայացմամբ, այլ ուղիղ հակառակ տրամադրութ յուններով է առանձնանում: Նկատելի է, որ ընդդիմադիր եռանկյունու միավորման խնդիրն անորոշ ժամանակով հետաձգվում է: Ասել է թե` գոնե այս պահին միավորման հարցը հրատապ, օրակարգային չի համարվում, ինչն էլ լրացուցիչ հաստատում է, որ իշխանափոխության հերթական-սեզոնային պահանջն անգամ ՀԱԿ-ի համար առաջնահերթություն չէ: Ամեն ինչ կարծեք թե ավելի շատ հաջորդ խորհրդարանական ընտրություններին է մեծամասամբ միտված: Սա էլ իր հերթին է լիովին պարզորոշ դարձնում, թե եռանկյունին ինչու չի շտապում միավորվել: Թեպետ հիմա, թե մեկ տարի անց` եթե ՀԱԿ-ի կողքին ու նույն կեցվածքով ցանկացած չափի ևս երկու մատրյոշկա տեղ գտնեն, դրանից միայն խաղալիքների թիվը կավելանա: Չի բացառվում նաև, որ մեկ-միասնական խոշոր մատրյոշկա սարքվի, բայց այս մի տարբերակը ներկայում գրեթե անհավանական կարելի է համարել: