Փակուղի


Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների պատասխան հանդիպումը դիտելու համար ինքը Թուրքիա կմեկնի միայն այն դեպքում, եթե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բացվի կամ մենք կանգնած լինենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին, ուղղակի ցնցակաթվածի մեջ է գցել մեր ոչ-բարով հարևաններին` թուրքերին և ադրբեջանցիներին: Ամբարտավան, լկտի, դարերով ուրիշների հետ սպառնալիքների ու զենքի լեզվով խոսող Թուրքիայի ղեկավարության համար Հայաստանի նախագահի կտրուկ հայտարարությունը, ակնհայտորեն, միանգամայն անսպասելի էր: Իսկ նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները, որ միշտ էլ աչքի են ընկել առավել ընդգծված պոռոտախոսությամբ, ճակատին մուրճի ծանր հարված ստացած և այդ հարվածից բառացիորեն շշմած եզի նման ոչ մի կերպ ուշքի չեն գալիս և չեն կարողանում հասկանալ, թե Հայաստանի նախագահն այդ ինչպե՞ս է «հանդգնել» Թուրքիայի հետ խոսել… «նախապայմանների լեզվով»: Խաշնարածային բթությանն ավելացած այդ շշմածության արտահայտությունն են հենց թեկուզ պաշտոնական Անկարայի լռությունը (որ հետևում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը) և Բաքվի խեղկատակների սանձարձակ մեկնաբանությունները: Առաջինները դեռ մինչև հիմա էլ պատասխան չեն գտնում և ձևացնում են, թե «ոչինչ չեն լսել», իսկ երկրորդներն անցնում են ամեն չափ ու սահման: Ահա և մոբիլիզացրել են իրենց ողջ քարոզչամեքենան, նաև իրենց դաշնակիցներին, որպեսզի Սերժ Սարգսյանին համոզեն` Թուրքիա մեկնելու հրավերը չմերժի: Որովհետև ինչքան էլ ձևացնեն, թե իբր իրենց համար մեկ է` Սերժ Սարգսյանը Թուրքիա կգնա, թե՞ չի գնա, հրաշալի հասկանում են, որ Հայաստանի նախագահի կողմից Աբդուլլա Գյուլի հրավերը մերժելը հավասարազոր է իր թուրք պաշտոնակցի հրապարակային նվաստացմանը: Ուստի փորձում են կողմնակի ճանապարհներով ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի նրան ետ պահեն իրենց համար նվաստացուցիչ այդ քայլից: Այդ կողմնակի ճանապարհներից մեկն էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ վերջերս կայացած հեռախոսազրույցն էր մեր Նախագահի հետ: Կարելի է չկասկածել, որ տիկին Քլինթոնն Անկարայի խնդրանքով հորդորել է Հայաստանի նախագահին` անհարմար վիճակի մեջ չդնել Թուրքիայի ղեկավարությանը: Դատելով Քլինթոն-Սարգսյան հեռախոսազրույցից հետո թուրքական և ադրբեջանական մամուլում հայտնված թրքավայել կծու, թունավոր, երբեմն նույնիսկ անպարկեշտ հրապարակումներից, կարելի է ենթադրել, որ Հայաստանի նախագահը անհողդողդ է իր դիրքորոշման մեջ և Հ. Քլինթոնի խնդրանքը հաշվի առնելու խոստում չի տվել: Այս հանգամանքն է°լ ավելի մեծ գրգռվածություն է հաղորդել թուրքերի ու ադրբեջանցիների վայրահաչություններին: Օգոստոսի 27-ին Թուրքիայի միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սինան Օղանը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ամբարտավանորեն ասել է. - Սերժ Սարգսյանը մոռանու՞մ է, թե ո՞ր երկրի հետ է նախապայմանների լեզվով խոսում: Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է շանտաժի կամ նախապայմանների լեզվով խոսել: Հետաքրքիր է, այդ ոչ-հարգելի պարոնը տեղյա՞կ է միջազգային իրավունքի սկզբունքներին, միջպետական հարաբերությունների կառուցման էթիկային, թե՞ ոչ: Չգիտի՞, որ ժողովուրդներն ու պետությունները, անկախ տարածքի մեծությունից, բնակչության թվից, ռազմական հզորությունից և այլ հանգամանքներից` լիովին հավասար են իրենց արժանապատվությամբ: Այդ ո՞վ է նրա բութ գլուխը մտցրել, թե Թուրքիան իրավու¯նք ունի Հայաստանին նախապայմաններ թելադրել, իսկ Հայաստանը, իբր, չի¯ կարող նրան նույն կերպ փոխադարձել: Թուրքիան հարևանների հետ նախապայմաններով խոսելու մենաշնորհի տե՞րն է: Մանավանդ որ` Հայաստանի նախագահը ամենևին չի դիմել շանտաժի: Նրա հայտարարությունն ընդամենը ընդգծում էր, որ Թուրքիան խախտում է Հայաստանի հետ առանց նախապայմանների միջպետական հարաբերությունները բնականոնացնելու առթիվ իր իսկ տված խոստումը: Որ դա այդպես է` մեկ անգամ ևս հավաստել է ոչ այլ ոք, քան նույն թուրք քաղաքագետ Սինան Օղանը` խնդրո առարկա հարցազրույցում. - Եթե հայերը ցանկանում են Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, ապա նրանք գիտեն այդ հարաբերությունները կարգավորելու համար մեր արած առաջարկությունները: Սա քաղաքական լարախաղացություն է. «նախապայման» բառի փոխարեն օգտագործում է «առաջարկություններ» բառը: Երևի հասկանում է, որ «նախապայման» ասելով ինքն իր երկիրը կդնի ծայրահեղ անհարմար վիճակում: Չէ՞ որ եթե թուրքերը մեզ հետ իրենց հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու խոստում տված էլ չլինեին` դա միջազգային իրավունքի հաստատագրված նորմ է: Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն էլ իր հերթին է լկտիացել. - Հայաստանի ներքաղաքական վիճակն այնպիսին է,-ոչ առանց հետին մտքի օրերս Բաքվում հայտարարել է նա,- որ Սերժ Սարգսյանը չի համարձակվում ստորագրել Ղարաբաղյան հակամարտության շրջանակային համաձայնագիրը…Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարեց, թե մինչև Հայաստանը չվերադարձնի Ադրբեջանի բռնազավթված տարածքները` Թուրքիան սահմանը չի բացի: Այնուհետև ամբարտավանորեն ավելացրել է. - Միևնույն է, Սերժ Սարգսյանն ստիպված կլինի սեփական գլխարկն ուտել, իր խոսքերից հրաժարվել և Թուրքիա մեկնել: Ոչ-հարգելի պարոնի այս հոխորտանքն էլ, անտարակույս, փորձում է շղարշել այն հույսը, թե Թուրքիայի անդրօվկիանյան բարեկամներն ամեն կերպ կջանան «կոտրել» Հայաստանի նախագահի համառությունը: Որքան մեր Նախագահին ճանաչում ենք` նրան «կոտրելն» անհնար է: Զարդուշտ Ալիզադեն այդ հարցում ուղղակի մի շատ մեծ «ղալաթ» է անում: Թեև չի կարելի անհիմն համարել Վաշինգտոնի վրա Ալիզադեի դրած հույսը: Դժվար է հավատալ, թե Վաշինգտոնն այնքան ազնվություն կունենա, որ հրապարակավ հանդիմանի իր դաշնակցին: Բացի այդ, ԱՄՆ-ը շատ լավ է ճանաչում թուրքերին և գիտակցում է, որ ճշմարտությունը Անկարայի ճակատին ասելու դեպքում հարցականի տակ կդրվի թուրք-ամերիկյան բարեկամությունը: Ուստի որևէ տարակույս լինել չի կարող, որ Վաշինգտոնը կշարունակի գործել ետնաբեմում, կփորձի ճնշում գործադրել թե° Անկարայի, թե° Երևանի վրա, որ գտնեն փոխադարձ զիջումների (դարձյալ` փոխզիջումնե՞ր) հնարավորություններ և հարցականի տակ չդնել Սերժ Սարգսյանի մեկնումը Թուրքիա: Ոչ Հայաստանի մեղքով, սակայն գործնականում առաջացել է փակուղային իրավիճակ: Ինչպե՞ս պետք է կողմերը հաղթահարեն այդ իրավիճակը և արդյո՞ք հաղթահարելու են` առայժմ պարզ չէ…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ