ԲԵՌԼԻՆԻ ՊԱՏԸ


Գերմանացիներն այս տարի տոնելու հոբելյան ունեն. 20 տարի առաջ կործանվեց Բեռլինի պատը` միավորելով մասնատված ամբողջությունը: Իսկ օգոստոսի 13-ն այդ պատի բարձրացման (1961 թ.) հերթական տարելիցն էր: Եվ հոբելյանի առիթով գերմանական առաջատար լրատվամիջոցները ցնցող մի փաստաթուղթ հրապարակեցին: Պատմաբաններից մեկը ՌԴ նախագահական արխիվներում պատահաբար (՞) հայտնաբերել էր եզակի` Նիկիտա Խրուշչովի ու Վալտեր Ուլբրիխտի հեռախոսազրույցի արձանագրությունը. Խրուշչովը միապաղաղ խոսում է եգիպտացորենի մասին, իսկ ԳԴՀ առաջնորդը խորամանկորեն իրեն հուզող հարցն է առաջ մղում: Արդյունքում նրան հաջողվում է ստիպել սովետական գենսեկին` հավանություն տալ` տեղադրելու բեռլինյան պատի առաջին հիմնաքարը: «MK»-ի լրագրողը, սակայն, հերքել է այս տեղեկատվությունը` վկայակոչելով իր հայթայթած գաղտնի արձանագրության պատճենը: Նրա հավաստմամբ` ԽՄԿԿ և ԳԴՀ Կենտկոմների առաջին քարտուղարների միջև նման զրույց իսկապես եղել է, բայց ոչ թե հեռախոսով, այլ անձամբ` 1961-ի օգոստոսի 1-ին, Կրեմլում: Առաջնորդները զրուցել են 2 ժամ 15 րոպե` թարգմանչի միջոցով, իսկ զրույցը ռուսերեն արձանագրել է կրեմլյան սղագրող Վ. Կոպտելցևը: Այդ արձանագրությունը վերջապես հստակ պատասխանում է այն հարցին, թե ով է ընդունել Պատը կանգնեցնելու որոշումը. Խրուշչո°վը: *** Արձանագրությունն ուշադիր կարդալու դեպքում դժվար չէ նկատել, թե որքան հանգիստ ու համարձակ է խոսում Խրուշչովը` մերթընդմերթ գրողի ծոցն ուղարկելով զրուցակցին և նույնիսկ թունդ բառեր օգտագործելով: Եվ հենց նա էլ առաջինը շոշափում է ցավոտ թեման. - Ես մեր դեսպանին խնդրել էի` Ձեզ շարադրել իմ պատկերացումներն առ այն, որպեսզի օգտագործվի Արևմուտքի հետ ստեղծված լարված իրավիճակն ու Բեռլինը շրջափակվի մետաղյա օղակով: Դա հեշտ է բացատրել. մեզ սպառնում են պատերազմով, և մենք չենք ցանկանում, որպեսզի մեզ մոտ լրտեսներ ուղարկեն: Այս բացատրությունը գերմանացիները կհասկանան: Այսինքն` Խրուշչովը հասկացնել էր տալիս, որ մտածելու ժամանակ չի մնացել ու այլընտրանք էլ չկա: Իսկ Ուլբրիխտը, ընդհակառակը, հուզվում է և պատասխանում անվստահ` ԳԴՀ-ում բավական շատ խնդիրներ են կուտակվել. - Վերջին երկու ամսում մեզ մոտ վաճառքում կարտոֆիլ չի եղել: Դա շատ վատ է: Բացի այդ, մեզանում աճում է յուղի սպառումը, և յուղը չի բավարարում: Մենք արդեն սկսել ենք սառեցնել աշխատավարձերը, սակայն դա չենք կարող բացատրել բնակչությանը… Խրուշչովը չի թաքցնում հեգնանքը. - Դե¯ որ գերմանացիները բանջարեղեն չունենան… Երբ երկու տարի առաջ ես ձեզ մոտ համագումարի էի եկել, ամեն ինչ լավ էր: Ի՞նչ է կատարվել: Չէ՞ որ դուք ցանկանում էիք 1961-62 թթ. հասնել ԳՖՀ-ին: …Այստեղից շատ ինժեներներ են փախել: Մտածեք. գուցե մենք մեր ինժեներների՞ն ձեզ տրամադրենք: Նրանք չեն փախչի… Մենք հածանավեր, ատոմային սուզանավեր ենք կառուցում, որոնք ավելի արագընթաց ու ավելի լավն են ամերիկյաններից: Նշանակում է` դա կարելի է անել: Ակնհայտ է, ձերոնք ասել են` մենք կհասցնենք: Չէ՞ որ մենք ձեզ վճարում ենք դրա համար, այլ ոչ թե ձրի ստանում: Այս պարագայում ես ավելի շատ մեղադրում եմ ԳԴՀ-ին. ուրիշ ո՞ւմ մեղադրենք: Չէ՞ որ արդեն 3 տարի մենք խոսում ենք այս հարցի շուրջ: Գուցե թարգմանի՞չն է մեզ վատ թարգմանում… Տնտեսական հարցերից նրանք սահուն անցում են կատարում գլխավորին. ինչպե՞ս կառուցել պատը: Խրուշչովն անզիջում է տրամադրված և խաղում է վա-բանկ. - Այն ժամանակ դուք գործում էիք Վարշավայի պայմանագրի, այլ ոչ թե միայն ձեր սեփական հետաքրքրությունների շրջանակներում: Ես գտնում եմ, որ մեր զորքերն այդպիսի օղակ պետք է ստեղծեն, բայց վերահսկելու են ձեր զորքերը: Նախ` դա պետք է արվի մինչև խաղաղության պայմանագրի կնքումը: Դա ճնշման միջոց կլինի, ցույց կտա, որ մենք այդ հարցին լրջորեն ենք վերաբերվում և եթե պատերազմ պարտադրեն` պատերազմ կլինի: Երկրորդ` դա ձեզ կօգնի` նվազեցնել փախուստը: *** ՈՒԼԲՐԻԽՏ.- Հիմա` սահմանի փակման մասին: Ո՞ր ժամկետն է հարմար նշանակել: Պոլիտբյուրոն որոշել է, որ բեռլինյան քաղաքապետությունն այս շաբաթ որոշում կկայացնի` բոլոր քաղաքաբնակների հաշվառման մասին: Դա գործնականում ոչ մեծ արդյունքներ կտա, բայց կհանգեցնի սահմանի փակմանը, կնախապատրաստի հետագա միջոցառումները: ԽՐՈՒՇՉՈՎ.- Քանի՞ նման անձինք կան ձեզ մոտ: ՈՒ.- Բեռլինում պաշտոնապես` 75 հազար մարդ, բայց իրականում` ավելին: Այս շաբաթ Էբերտը կդիմի ԳԴՀ ազգաբնակչությանը` խնդրելով նրանց մինչև իրավիճակի նորմալացումը հրաժարվել Բեռլին մեկնելուց: Միաժամանակ կդադարեցվի ավտոբուսային փոխադրակապը Բեռլինի հետ: Սակայն մարդիկ կհարցնեն, թե ինչու չի կարելի մեկնել սեփական մայրաքաղաք: Դա պետք է բացատրել: Խ.- Դա չի կարելի թույլ տալ. նրանք իրենց մայրաքաղաք մեկնելու հնարավորություն պետք է ունենան: ՈՒ.- Տեխնիկապես մենք այդ կարող ենք նախապատրաստել երկու շաբաթում: Խ.- Ավարտեք` երբ կցանկանաք. մենք կարող ենք համաձայնել ցանկացած ժամանակ: Այս երկխոսությունից հետո երկու առաջնորդներին մնում էր միայն պայմանավորվել «միջոցառման» տեխնիկական մանրամասների մասին: ԽՐՈՒՇՉՈՎ.- Հարկավոր է հրապարակել համատեղ հաղորդագրություն` որ սոցիալիստական երկրների հետաքրքրությունների շրջանակներում ԳԴՀ-ին խնդրվում է փակել սահմանը: Դուք այդ կանեք մեր խնդրանքով: Դա ձեր ներքին հարցը չէ, տնտեսական խնդիր չէ, այլ` համաքաղաքական մեծ խնդիր: ՈՒ.- Մենք համաձայն ենք այդ հարցը բացատրել մեծ քաղաքականության տեսանկյունից: Բայց հարկավոր է նախապատրաստվել տնտեսական միջոցառումների: Խ.- Ես ձեռնպահ եմ մնում` այլ կարծիք հայտնել: Մինչ սահմաններում նոր վարչակարգի ներդրումը դուք ոչինչ չպետք է բացատրեք, քանզի դա կավելացնի փախուստը և խցանումների կհանգեցնի: Հիմա մենք ձեզ ժամանակ կտանք` 1-2 շաբաթ, որպեսզի նախապատրաստվեք տնտեսապես: Այդուհետև խորհրդարանի նիստ կգումարեք և կհրապարակեք համապատասխան հաղորդագրությունը. «Վաղվանից տեղակայվում են պահակետեր, և երթևեկությունն արգելվում է: Ով ցանկանում է անցնել` դա կարող է անել միայն ԳԴՀ իշխանությունների թույլտվությամբ»: Այդժամ այնպիսի կարգուկանոն կհաստատվի, որ ընդհանրապես չի թույլատրվի մուտք` դեպի Բեռլին, այնուհետև նաև Արևմուտքի հետ ունեցած բեռլինյան սահման: Եթե այդ հարցը բարձրացվի հիմա, ապա տեղաբնակները կփորձեն հեռանալ: Այդ ժամանակ կարող են խցանումներ ստեղծվել Բեռլինի մատույցներում. ասել է թե` որոշակի ցուցարարություն կլինի: ՈՒ.- Դա ճիշտ եզրակացություն է: Խ.- Եթե սահմանը փակվի, ապա ամերիկացիներն ու արևմտագերմանացիները գոհ կլինեն: Դեսպան Թոմփսոնն ինձ ասել է, որ այս փախուստը տհաճություն է պատճառում արևմտագերմանացիներին: Ես տեխնիկական մի հարց ունեմ. ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունն այն փողոցներում, որոնց մի կողմը ԳԴՀ-ի կազմում է, մյուս կողմը` Արևմտյան Բեռլինի: ՈՒ.- Մենք որոշակի ծրագիր ունենք: Այն տները, որոնք ելք ունեն դեպի Արևմտյան Բեռլին, այդ ելքը մենք կորմնաշարենք: Մյուս վայրերում փշալարերով ուղեփակոցներ կտեղադրենք: Լարերն արդեն բերված են: Այդ ամենը կարելի է շատ արագ անել: *** Եվ ամեն ինչ կատարվել է այնպես` ինչպես որոշվել է և այն ժամկետներում, որոնք նշել է Խրուշչովը: Օգոստոսի 13-ի գիշերը, ժամը 1.05-ին Բրանդենբուրգյան դարպասների մերձակայքում կրակները մարել են: 6 րոպե անց Արևելյան Բեռլինի ռադիոն շտապ հաղորդագրություն է հեռարձակել` որ ԳԴՀ կառավարությունը նոր վարչակարգ է հաստատում` հանուն խորհրդային ճամբարի հուսալի պաշտպանության: Հիմա արդեն պատմաբանները կողմնորոշվել են, թե ում մեղադրել: - Խրուշչովն, անկասկած, առաջնորդն էր, խիստ ուսուցիչ, իսկ Ուլբրիխտը` հնազանդ աշակերտ,- ասել է պատմաբան, պրոֆեսոր Ուվե Լիսկովսկին: Չպարզաբանված է մնում այն հարցը, թե հատկապես ո՞ւմ մտահղացումն էր պատի կառուցումը: Քրեագիտության և հոգեբուժության բնագավառի ճանաչված ռուս փորձագետ Միխայիլ Վինոգրադովն անձամբ ծանոթ է եղել Խրուշչովին ու նրա ընտանիքին: Եվ աղմկահարույց այս արձանագրությանը ծանոթանալով, ասել է` - Խրուշչովը նույնիսկ չէր կարող այսպես խոսել: ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Ընդունված է հավատալ, որ պատմությունը ճշգրիտ գիտություն է: Սակայն դրա բոլոր խաչուղիներում ուշադիր հետազոտողները շատ հաճախ այնքա¯ն հակասություններ են հայտնաբերում… Վերարժևորումն Ստալինի՞ Անցյալ շաբաթ նորոգումից հետո բացվեց Խորհրդային Մոսկվա մայրաքաղաքի մետրոյի օղակաձև երթուղու «Կուրսկայա» կայարանի սպասասրահը: Եվ ուշադիր մոսկվացիների ու հյուրերի աչքերից վրիպել չէր կարող. ճակատային կամարի վրա վերականգնվել է Սովետմիության հիմնի առաջին տարբերակի երկու տողը. «Մեզ Ստալինն է աճեցրել` ժողովրդին հավատարիմ, աշխատանքի ու սխրանքների է մեզ ոգեշնչել»: Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունն այդ մակագրության վերականգնումը որակել է որպես «պատմական արդարության վերահաստատում», մինչդեռ իրավապահ ները կտրականապես դեմ են արտահայտվել£ - Եթե պատմական արդարության վերահաստատում ասվածն այս վրիպախոսությունն է, և եթե խոսքը վերաբերում է պատմական նկարագրի վերականգնմանը` միևնույն է, դա ծայրահեղ կասկածներ է հարուցում,¬ հայտարարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Օլեգ Օռլովը£¬ Ցանկալի էր իմանալ, թե դրան ինչպե՞ս կարձագանքեին առաջին հիմնի բառերը քանդակելու որոշում ընդունողները, եթե հանկարծ լսեին, որ դիցուք, Գերմանիան իր պատմական նկարագիրը վերականգնում է` ճարտարապետական կոթողների վրա ճանկախաչն (սվաստիկա) ու Հիտլերի անունը` վերաքանդակելով£ Շատ դիպուկ է իրավապաշտպանի մեկ այլ նկատառումը ևս. - Իսկ եթե խոսքն իսկապես պատմական արդարության վերահաստատմանն է վերաբերում, ապա` պարզապես սարսափելի կլինի£ Դա նշանակում է բացահայտ ու անպատկառ Ստալինի անվան ու գործի լիարժեք վերականգնման ազդանշան£