Խոսքի ազատությո՞ւնը, թե՞ բարիդրացիությունը


Զարգացման շրջապտույտում է շվեդական Aftonbladet թերթի աղմկահարույց հրապարակումը` սպանված պաղեստինցիների օրգաններն իսրայելցիների կողմից վաճառվելու մասին: Հրատարակության ղեկավարությունը խոստովանել է, որ լրագրողական այդ հետաքննության հիմքում չհաստատված տեղեկատվություն է, սակայն Թել-Ավիվը պահանջում է շվեդական կառավարության պարսավանքը` մամուլի գործունեությանը: «Նրանք գողանում են մեր երեխաների օրգանները» վերնագրով վիճահարույց այդ հոդվածը պատմում է, որ իսրայելա-պաղեստինյան զինված բախումների ընթացքում` 90-ական թթ. սկզբում, իսրայելցի զինվորականները հանում էին սպանված երիտասարդ պաղեստցիների օրգանները` վաճառելու նպատակով: Այս հավաստիացումը հիմնավորվում էր 1992 թ. սպանված 19-ամյա պաղեստինցի Բիլյալ Ահմեդ Հանեմի օրինակով: Լրագրող Դոնալդ Բոստրոմը տեսել է նրա խփվելը, և պատմել, որ մահացու վիրավորված այդ պատանուն տարել են իսրայելցի զինվորները: 5 օր հետո դիակը վերադարձվել է, և հանգուցյալի ընտանիքը համոզված է, որ նրա ներքին օրգանները հեռացված են… Հրապարակումը կարող էր և այդքան կրքեր չբորբոքել, եթե Թել-Ավիվն այդքան բուռն չարձագանքեր. օգոստոսի 23-ին Իսրայելի իշխանությունները նույնիսկ բարձրաձայնել են` շվեդիացի լրագրողներին մուտքի թույլտվություն չտալու իրենց մտադրությունը: - Շվեդական մամուլի հայտարարությունը զայրացուցիչ է. մեզ ներողություններ պետք չեն, մենք սպասում ենք պարսավանքի,- ասել է վարչապետ Բինյամին Նետանյախուն` այդ սադրանքը համեմատելով միջնադարյան զրպարտության հետ` թե իբր հրեաները սպանում են քրիստոնյա երեխաներին, որպեսզի խմեն նրանց արյունը: Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտն, Իսրայելի վրդովմունքն ընդհանուր առմամբ հասկանալով հանդերձ, հրաժարվել է դատապարտել լրագրողների արարքը` բացատրելով, որ խոսքի ազատությունն ամրագրված է իրենց Սահմանադրությամբ: Նա նաև հիշեցրել է, որ հակասեմիտիզմի դատապարտումն այն եզակի հարցն է, որի շուրջ իրենց խորհրդարանը միակամ է: Ուշագրավ է, որ Բիլդտը չի ընդառաջել իսրայելյան իշխանությունների պահանջին անգամ այն պարագայում, երբ նույնիսկ սպառնալիք է հնչել` չեղյալ հայտարարել նրա առաջիկա այցն այդ երկիր: Իսրայելը որոշել է բոյկոտել շվեդական բոլոր տեսակի ապրանքները` ներառյալ և բարձրահարգ կահույքը: