Լույսի ճարտարապետը


Դեպի Արարատ լեռը ոլորապտույտ ճամփաներով լողացող տոհմանավը, մերօրյա հետնորդների նախաձեռնող կամքով, յուրատիպ քարակերտ տապան որպես, ի վերջո հանգրվանեց քաղաքամայր Երևանի Աբովյան 17 հասցեում: ՀՀ մշակույթի և քաղաքաշինության նախարարությունների ու Ճարտարապետության ազգային թանգարան-ինստի տուտի համադաշնությամբ, ճարտարապետներ Աշոտ Գրիգորյանը և Արա Զարյանը իրենց հեղինակած հուշաքարով հավերժացրին զարմանալի բարեկրթությամբ ի վերուստ օժտված աստանդական ճակատագրի տեր տոհմի ամենահնչեղ 2 անունները` մեծանուն գրող Կոստան Զարյանի (1885-1969) ու նրա ճարտարապետ որդի Արմենի (1914-1994): Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ՀԽՍՀ վարստակավոր ճարտարապետ (1976) Արմեն Զարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի զուգակցումը «Արմեն Զարյան. ճարտարապետ, հետազոտող, մտավորական» երկլեզու նորընծա գրքի շնորհանդեսին, պատեհ առիթ դարձավ ամփոփ վերարժևորելու Իտալիա-Հայաստան «կամրջի» ճարտարապետին` որպես 2 ժողովուրդների քաղաքաշինության ու ճարտարապետության ուրույն պատմագիր, վերստին կարևորելու արդի քաղաքաշինա րարների համար ոլորտում ունեցած ծանրակշիռ ավանդը: Պետական ներկայացուցչական հավաքի մասնակիցներին Արմեն Զարյան արժանավոր հայորդու համակողմանի նկարագիրը մանրակրկիտ վերջնական ամբողջացման հասցվեց, երբ ցուցադրված լուսանկարների զուգահեռ ժապավենապտույտին հետևելով դիմահայաց մեծադիր պաստառին` ականջալուր եղան Արմեն Զարյանի ճարտարապետ որդու` Արայի հանգամանալից անդրադարձին հոր կյանքի ու գործունեության իտալական և հայաստանյան տարեգրությանը: Ծնված լինելով Կոստանդնուպոլսում` Արմեն Զարյանը հիանալի մասնագիտացման ուղի է անցել` Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանից հետո ուսանելով տեղի ճարտարապետական համալսարանում, գեղեցիկ արվեստների փարիզյան դպրոցում և Հռոմի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում: Շահելով Թանժերում կառուցվելիք 252 մենատներից բաղկացած «մարոկկաների» բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցանակը` 4 տարի (1950-1954) աշխատել է ճարտարապետ Մեսսինայի աշխատանոցում, որպես արվեստանոցի ղեկավար: Ճարտարապետ Մաինարդիի հետ նախագծել և իրականացրել է Հռոմի «Ավտոմոբիլ» ակումբի վարչական շենքը (1956-1959), ճարտարապետ Ստերբինիի հետ` «Սերաֆիկում» կաթոլիկ համալսարանի համալիրը (1961-1964), միևնույն ժամանակ` «Վիլլա Դ. Կաստելլո» մենատունը Հռոմի ԷՈՒՐ թաղամասում: 1963-ին Բրեչչիա-Ֆրատադոկիի հետ նախաձեռնել է միջնադարյան հայկական ճարտարապետության ուսումնասիրությունը: Հայրենադարձվելով Հայաստան (1963)` բեղուն գործունեություն է ծավալել «Երևաննախագիծ» ինստիտուտում (1963-1989): Արմեն Զարյանի նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի շենքեր, կոոպերատիվ տեխնիկումի 8 մասնաշենք: 1966-ին մրցույթով շահած նախագծով` գլխավոր պողոտան, 1974-ին I մրցանակ ստացած խմբային նախագծով` սկսվել է Երևանի կենտրոնի բարեկարգումը: Մեկ տասնյակից ավելի հիմնարար նախագծերին զուգընթաց «Լույսի» ճարտարապետը համահեղինակել է «Ամբերդ», «Գոշավանք», «Սանահին», «Անի» ու մի շարք այլ արժեքավոր մենագրություններ: Մասնակցել է մոտավորապես նույնքան միջազգային գիտաժողովների` նկատվելով ու բարձր գնահատվելով Իտալիայի ու Հայաստանի կառավարությունների, գործընկերների կողմից: Մարդկային, մասնագիտական ու քաղաքացիական արժանիքների մասին բազում հեղինակավոր վկայություններ գտնելով Արա Զարյանի պատկերավոր խոսքը լրացնող, նրա իսկ կազմած ստվարածավալ գրքում` հոբելյանական իմաստալից միջոցառումների անմիջական մասնակիցներն, անշուշտ, կմտապահեն կոնկրետ հասցեները Արմեն Զարյանի թողած քարեղեն հիշատակների և Աբովյան փողոցի 17 տան մոտով անցնելիս պատահական հետաքրքրասերներին կփոխանցեն թարմացած հուշը հոր հետ անմահացած որդու վաստակի: