Աշխարհի չափ հին...


Այսպես կոչված «համաժողովրդական շարժման կենտրոնը» հունիսի 28-ին հրապարակեց իր գնահատականը` ԵԽԽՎ 1620 բանաձևին: Ինչո՞ւ` «այսպես կոչված»: Նախ այն պատճառով, որ երկրում համաժողովրդական շարժում, իբրև այդպիսին, գոյություն չուներ և չունի: Կար և կա տեր-պետրոսյանա կան արմատական ընդդիմություն, կան դրան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով միացած կամ հարող ուժեր, կան ներկա իշխանություն ներից արդարացի կամ անարդարացի դժգոհություններ ունեցող քաղաքացիներ, ովքեր մասնակցում են վերոհիշյալ «կենտրոնի» կազմակերպած բողոքի հանրահավաքներին և այլ միջոցառումներին` այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունները: Սակայն ակնհայտ է, որ «համաժողովրդական շարժում» արտահայտությունը մեծ չափազանցություն է: Ժողովրդի հիմնական զանգվածը անմասնակից և անհաղորդ է այդ «շարժմանը», ավելին` տագնապած է ՀՀ առաջին Նախագահի կողմից գլխավորվող այդ անհայտ ու անհասկանալի «կենտրոնի» անկանխատեսելի քայլերի հնարավոր հետևանքնե րից: Իսկ այն, որ այդ «այսպես կոչված կենտրոնը» ինքն իրեն զարդարում է «համաժողովրդական» փետուրներով` միանգամայն բնական է ու հասկանալի: Իրենց «գինն» են բարձրացնում, միամիտների աչքում փորձում են ներկայանալ իբրև ամբողջ ժողովրդի ցավ ու հոգսերով ապրող, նրան ամենից ավելի հուզող հարցերին լուծումներ որոնող խորհրդավոր մի կառույց: Աշխարհի չափ հին ու ծանոթ ձեռագիր է: Մարդկային հասարակության ողջ պատմության մեջ դեռ չի եղել որևէ մեկը, ով հրապարակ չի իջել «հանուն ժողովրդի»: Ցանկացած բախտախնդիր, ցանկացած իշխանատենչ ստահակ երբեք անկեղծ չի եղել այնքան, որ ասի` այ ժողովուրդ, ես շահագործու¯մ եմ քո միամտությունը, ես հիմարացնում եմ քեզ և ուզում եմ, քո հավատը պատվանդան դարձնելով` բարձրանալ իշխանության բուրգի գագաթը… Այսպիսիներին նկատի ունենալով է մեր ազգային մեծագույն հանճարը` Հովհաննես Թումանյանը, ժամանակին գրել. «Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, ովքեր խոսել են ու խոսում են ժողովրդի անունից, …միմիայն մարդկանց աչքին թոզ փչելու համար…և հանդես պիտի գան նրանք, ովքեր երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս ԴԻՐՔ ՈՒ ԱԹՈՌ ԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՄԲ… (ընդգծումը`-Ռ. Հ.)»: Եթե Թումանյանը մեր օրերում ապրելիս լիներ, անշուշտ, ժողովրդին ծառայելու կարգախոսներով հրապարակ իջածների մեջ չէր մոռանա հիշատակել նաև մեր նորօրյա գործիչներին, ովքեր «հանուն ժողովրդավարության» մղվող «պայքարի» տակ քողարկում են «ԴԻՐՔ ՈՒ ԱԹՈՌ ԳՐԱՎԵԼՈՒ» իրենց անթաքույց ու անպարագիծ հավակնոտությունը: Թումանյանը բառացիորեն խորշանք էր զգում բոլոր նրանցից, ովքեր «գալիս են որպես դատավոր` ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ պահանջելու », իսկ իրականում…դերասանություն են անում, խաղում են, իր բառով` «հալածված ու չհասկացված գաղափարական գործիչ», «նշանավոր հերոս», «նահատակ ու բարեգործ » և այլ բաներ, մինչդեռ «դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»: Հիմա, ավաղ, ժողովրդի անունը տարփողելուն ավելացել է նաև…«ժողովրդավարություն» գոռալը: Ընդսմին, փորձ է կատարվում ժողովրդավարության դասեր, տվյալ դեպքում` գնահատականներ տալ տասնամյակնե րի ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներին ու միջազգային կառույցներին: Հենց այդպիսի դասեր կամ գնահատականներ տալու մի ակնառու փաստաթուղթ է ինքն իրեն «համաժողովրդական շարժման կենտրոն» հռչակած կառույցի հունիսի 28-ի հայտարարությունը: Դրանում Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ընդունած թիվ 1620 բանաձևը, որը նվիրված է Հայաստանի վերաբերյալ նույն կառույցի ընդունած թիվ 1609 բանաձևի կատարման ընթացքին, դիտարկված է երկու կողմից` «դրական զարգացումներ» և «բացասական զարգացումներ»: Ըստ հիշյալ կենտրոնի` դրականն այն է, որ նախորդ բանաձևի կատարման ընթացքը համարվել է անբավարար և «Հայաստանի իշխանությունների գործողությունները կշարունակեն մնալ ԵԽԽՎ վերահսկողության ներքո` համապատասխան պատժամիջոցների գործադրման հնարավորության պահպանման պայմաններում»: Ողջունելի են Ա1+ հեռուստաընկերության համար «այս անգամ բաց, արդար ու հրապարակային մրցույթ անցկացնելու պահանջի ընդգրկումը», «քաղբանտարկյալների ազատման հետ կապված ավելի հստակեցված» պահանջները, բանաձևի այն պնդումը, որ «իշխանությունները չպետք է անհարկի սահմանափակումներ պարտադրեն ընդդիմության հանրահավաքների նկատմամբ»: Իսկ բացասականն այն է, որ «Եվրոպայի Խորհուրդն ապացուցեց իր անկարողությունը` Հայաստանի իշխանություն ներին պարտադրելու 1609 բանաձևի պահանջների կատարումը իր նախանշած ժամկետում»: Ոչ մի խոսք այն մասին, որ ԵԽԽՎ-ն հասկացել է, թե նախորդ բանաձևի պահանջների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը, ակնհայտորեն, բավարար չէր, ահա ինչու նոր ժամկետ սահմանվեց մինչև գալիք հունվար: Փոխարենը կատաղի դատափետման են ենթարկվել ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն, իսկ ամբողջ Եվրախորհուրդը մեղադրվել է անսկզբունքայնության մեջ. նրան հասցեագրվել է «աշխարհաքաղաքական և շահադիտա կան հաշվարկները ժողովրդավարության սկզբունքներին նվիրվածությունից գերակայելու», մարտի 1-ի իրադարձություն ները հետաքննող հանձնաժողովի ստեղծումը ողջունելու մեղադրանք, որովհետև, բա չեք ասի, իրենք «չեն ընդունում այդ հանձնաժողովի անկախությունը»: Ինչպե¯ս են Պրեսկոտն ու Կոլոմբիեն «հանդգնել» շրջանցել այդ հանձնաժողովին գնահատական տալը, ինչպե¯ս «չեն հասկացել», որ «առանց երկրորդ կողմի հավասարազոր ներկայացվածության որևէ հանձնաժողով չի կարող վստահություն ներշնչել»: Հարց է առաջանում` մեր ծայրահեղ ընդդիմությունն իրո՞ք շահագրգռված է, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասի րելու կոչված հանձնաժողովն իսկապես բացահայտի ճշմարտությունը: Ըստ իս` ոչ: Ահա ինչու դեռ ոչինչ չարած` սկսել է այդ հանձնաժողովի առայժմ անհայտ եզրահանգումների նկատմամբ անվստահություն սերմանելու աղմկարարությունը: Ահա ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը անթաքույց հասկացնում, թե իբր պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության` «քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելուց հետո»: «Քաղբանտարկյալներին» վկայակոչելն այստեղ ընդամենը սեփական դեմքը փրկելու հնարք է, ուրիշ ոչինչ: Իսկ իշխանությունների հետ երկխոսության պատրաստակամության «մեսիջը» իրականում այլ ենթատեքստ ունի, այն է` ձեռք քաշեք մարտի 1-ի դեպքերի մեջ անձամբ իմ մասնակցության ու մեղավորության հարցում խորանալուց, և ես պատրաստ կլինեմ ձեզ հետ խոսել երկիրը ճգնաժամից հանելու հնարավոր ելքերի մասին: Շատերի համար անհասկանալի է, թե ի՞նչ «քաղաքական երկխոսություն» կարող է լինել գործող իշխանությունների և հեղափոխական ճանապարհով իշխանությունը բռնազավթելու ձախողված փորձի հեղինակի միջև: Երևակայենք, թե Նախագահ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը նստել են դեմ-դիմաց: Ինչպե՞ս են իրար դիմելու: Նախագահը Տեր-Պետրոսյանին անվանելու է «պարոն պետական հանցագո՞րծ», իսկ վերջինս` «պարոն չընտրված Նախագա՞հ»: Անհեթեթություն է: Մինչև Տեր-Պետրոսյանն ազնվություն չունենա հրապարակավ ընդունելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը` նրանց միջև որևէ երկխոսություն անհնար է: Իսկ եթե նա այդ անի, ապա Տեր-Պետրոսյանի կողմից մոլորեցված և հեղափոխության առաջնորդված զանգվածները նրան իրավացիորեն կհարցնեն` 10-ամյա լռությունից հետո քո քաղաքական ասպարեզ վերադառնալու դիմաց ինչու՞ այսքան ծանր գին վճարեցինք… Եվ վճարեցինք մարտի 1-ի զոհերի արյունով, պետության միջազգային հեղինակությամբ, երկրում ստեղծված ահռելի ներքին լարվածությամբ: Քո այս կարգի «վերադարձը» դրան արժե՞ր…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ