ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


«Նոր ժամանակներ» կուսակցությունը, նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ անունից, ս/թ հունիսի 30-ին նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել ՆԻԿՈՅԱՆԻՆ` հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Նիկոյան. Շնորհակալություն ենք հայտնում Ձեր կողմից ս/թ հունիսի 19-ին մեզ ուղարկված Ժ/Հ-Ե-003 թվակիր նամակի համար, որով Դուք առաջարկում եք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահին կամ լիազոր ներկայացուցչին մասնակցել ՀՀ ԱԺ` 2008թ մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: Ինչպես արդեն հայտնի է, մեր մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը /ԵԽԽՎ/ իր լիագումար նիստում ս/թ ապրիլի 17-ին ընդունեց 1609 բանաձևը, որում ՀՀ իշխանություններին կոչ արեց անհապաղ նախաձեռնել 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ու դրանց հանգեցրած հանգամանքների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննություն: Ս/թ հունիսի 25-ին ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևի կատարման վերաբերյալ նոր բանաձև` 1620, որում մի քանի կետերով անդրադարձ կա նաև Ձեր ղեկավարած հանձնաժողովին: Մասնավորապես 4.5 կետում նշված է. «Հաշվի առնելով, որ հետաքննող հանձնաժողովն ընդամենը վերջերս է կազմավորվել, Վեհաժողովը չի կարող այս պահին գնահատել անկախության, թափանցիկության և վստահելիության չափորոշիչները: Վեհաժողովը նաև հարկ է համարում նշել, որ հանձնաժողովի ձևաչափը և կազմն ինքնին չեն երաշխավորում հանձնաժողովի անկախությունը և անկողմնակալությունը, ուստի նաև` դրա վստահելիութ յունը հայաստանյան հանրության տեսակետից» : «Նոր ժամանակներ» կուսակցությունն ամբողջությամբ կիսում է ԵԽԽՎ-ի տեսակետներն ու մտահոգությունները, հետևաբար Ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության որոշման հարցը հետաձգում է մինչև ս/թ սեպտեմբերը: Մյուս կողմից էլ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ գալիք ամիսներին մեր երկիրը լինելու է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի ներքո, և այդ համատեքստում կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելելու են Հայաստան` տեղում հետևելու 1620 բանաձևի պահանջների կատարման ընթացքին, ինչի արդյունքում ներկայացվելու են համապատասխան զեկույցներ, ուստի «Նոր ժամանակներ» կուսակցությունը նույնպես ուշի-ուշով կհետևի Ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում իր մասնակցության հարցը կորոշի` նաև այդ աշխատանքների արդյունավետության աստիճանից ելնելով: Մաղթում ենք Ձեզ արգասաբեր գործունեություն` պարզելու հայտնի դեպքերի ժամանակ 10 անձանց սպանության պատճառներն ու բացահայտելու նրանց, ովքեր մարդկանց դեմ հրազեն և հատուկ միջոցներ կիրառելու հրաման են տվել»: «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայություն