Մահ իմացյալը նախընտրեցին


«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` - Հունիսի 29-ը մեր հերոսապատման օրերից է, ինձ համար հատկապես: Մարդիկ մարտնչելով` առավելագույնն են արել: Չմոռանանք ազատամարտի մասնակիցների կարգավիճակը, զինվածության տեսակը: Այս օրը ինձ համար ոչ թե ողբի, սգո, այլ հերոսների հիշատակի խնկարկման օր է: Ես այդպես եմ այդ օրը նշում: Մեռնելու ենք բոլորս. բայց այդ տղաները այնպիսի անուն թողեցին, որ նրանց դարերն են հիշելու: …Հանձնվել էր Շահումյանը: Խուճապը սարսափելի էր: Մարտից մի քանի ժամ առաջ տղաներին ասացի, որ նահանջելու տեղ չունենք: Ջոկատը Շահումյանից նահանջել և մեզ էր միացել Մարտակերտում: Թշնամին գալիս էր հեղեղի պես, թշնամին շատ էր: Այդտեղ ինքնազոհողություն էր պետք, ինչը կատարվեց հունիսի 29-ին: Մարդիկ ցույց տվեցին, որ կմեռնեն, բայց չեն նահանջի: Տղաները լավ զինված են եղել, մինչև վերջին փամփուշտը կրակել են: Ունեին նահանջի ճանապարհ. մեր դիրքերից շատ հեռու չէին` 1-1,5 կմ, որը կարող է 10 րոպեում հաղթահարել ամենասովորական վախկոտը: Բայց տղաները չնահանջեցին` նախընտրելով մահ իմացյալը: …Նախարարը մեր մարտական ընկերն է: Նա ամեն ինչ գիտե, ամեն ինչ տեսել է: Չնայած այդքան զոհերին, մենք նորից 1915 թ. օրը չընկանք. մեզ ոչխարի պես չմորթեցին: Մենք ապացուցեցինք, որ շատ լուրջ ժողովուրդ ենք: Պատերազմ չենք ուզում, բայց մեզ վրա հարձակվողներին անպայման կուղարկենք այնտեղ, որտեղից նրանց պապերը եկել են: * * * Այսպիսին է հայի տեսակը. խաղաղ ժամանակ ոչ ջերմ փոխհարաբերությունների մեջ եղողները նույնիսկ, ազգի ճակատագրի վտանգման պահերին` միակուռ նվիրումով համախմբվում են և հարկ եղած դեպքում աներեր քայլերով ընթանում անմահության արահետով:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ