Վարվառա. «Բիլանն ու Սիրուշոն անհամեմատելի են»


Հանրահայտ երգչուհի Վարվառայի հայտնությունը բեմում ռուսական փոփ երաժշտարտադրության ոլորտում նոր փուլ ազդարարեց: Այն ժամանակ, երբ «Աստղային ֆաբրիկաների» ու այլ ռուսական նմանատիպ նախագծերի անթիվ շրջանավարտները իրենց միանման երգերով հոգնեցնում էին ռուս ունկնդրին: Վարվառան ռուսական ու համաշխարհա յին շուկա բերեց նոր երաժշտական ուղղություն: Նրա շնորհիվ ռուսական բեմից կրկին սկսեց հնչել որակյալ երաժշտութ յուն` համեմված ժողովրդաէթնիկական տարրերով ու ժամանակակից երաժշտական ոճերով: Շիկահեր գեղեցկուհին բազմազավակ մայր է, հոգատար կին ու տաղանդավոր երգչուհի: Նրա հիթերը պտտեցվում են աշխարհի տարբեր հեռուստառադիո եթերներով և զբաղեցնում են բարձր հորիզոնականներ բոլոր հիթ շքերթներում: Օրերս «Fashion Group» ընկերության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունեցավ կենդանի հնչողությամբ վայելելու Վարվառայի երկու մենահամերգ Գյումրիում և Երևանում: - Ինչպե՞ս է Ձեր տրամադրությունը, ինչպե՞ս եք զգում: - Շատ ուրախ եմ, որ կրկին Երևանում եմ: Տրամադրությունս շատ բարձր է: Երկու տարի առաջ երգիչ Անդրեի հրավերով եկա Հայաստան և մարզադաշտում երգեցի նրա մենահամերգին: Այդ օրվանից կարոտում էի Երևանը, հայ ժողովրդին, նրա ջերմությունը և այսօր կրկին այստեղ եմ: Դեռ այն օրվանից երազում էի մենահամերգներ ունենալ Երևանում և, ինչպես տեսնում եք, երազանքս իրականացավ: Նախորդ այցիցս շատ էի տպավորվել, իսկ ամենատպավորիչն Արարատն էր: Գուցե ձեզ համար սովորական է առավոտյան արթնանալ ու պատուհանից Արարատը տեսնել, բայց ինձ համար դա իրոք մեծ հաճույք էր: Առհասարակ, ամեն տեղ ուր լինում եմ, առաջինն ինձ հետաքրքրում է տվյալ երկրի պատմութ յունը, մշակույթն ու բնությունը: - Անընդհատ հյուրախաղեր ու շրջագայություններ: Արդյո՞ք ընտանիքը դրանից չի տուժում: - Իհարկե, շատ դժվար է ամեն ինչ ժամանակին հասցնել, և տարեցտարի ավելի է դժվարանում: Ստիպված եմ լինում երկար ժամանակով բացակայել տնից. երկրպագուները ավելանում են, հյուրախաղերի գրաֆիկը ընդլայնվում է և անչափ դժվար է դառնում աշխատանքն ու կարիերան համատեղել ընտանեկան կյանքի հետ: Այնուհանդերձ, փորձում եմ ընտանիքիս շատ ժամանակ տրամադրել և հեռու եմ պահում նրանց իմ աշխատանքային խնդիրներից: Դրանում ինձ օգնում են իմ աշխատանքային թիմի անդամները, ովքեր ցանկացած խնդիր փորձում են լուծել առանց ինձ անհանգստացնելու: Ընտանիքն իմ կյանքում իր տեղն ունի, աշխատանքը` իր: Բայց բնական է, որ ընտանիքս իմ զբաղվածության պատճառով մի քիչ տուժում է, բայց վստահ եմ, որ նրանք ինձ հասկանում են: - Ճի՞շտ է, որ մինչև հայտնի դառնալը` ուսանողական տարիներին, Ձեր ուսուցիչներից մեկը բազմիցս դուրս է հրավիրել է Ձեզ լսարանից և նույնիսկ Ձեր վրա կոշիկ է նետել: - Ճիշտն ասած, ճակատագրի բերումով դպրոցն ավարտելուց հետո սովորում էի Մատվեյ Օշերևսկու մոտ, ով մի շարք աղմկահարույց բեմադրությունների ռեժիսոր էր: Ուսանողական տարիներին մեր հարաբերությունները շատ լարված էին: Ես բազմիցս լացելով դուրս եմ վազել լսարանից, խոստանալով, որ էլ երբեք չեմ վերադառնա, իսկ նա էլ իսկապես իմ ետևից իր կոշիկներն էր նետում ու հիմար անվանում: Բայց այս ամենում, իհարկե, դրականն էլ կար, որովհետև յուրաքանչյուր արտիստ պետք է նման ճանապարհ անցնի: Երբ երգիչը բեմ է դուրս գալիս և իրենից ոչինչ չի ներկայացնում, պետք է մեկը, ով նրան խելք կսովորեցնի և կհասկացնի, թե ով է նա իրականում: Իմ դեպքում էլ այդպես եղավ և ուսուցչիս միջոցով հաղթահարեցի «աստղային հիվանդությունս», որը, հավատացեք, երբևէ չեմ ունեցել և վստահ եմ, որ չեմ ունենա: -Ասում են, որ վերջերս «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր եք ստացել Շվեյցարիայից և Մոլդովայից: - Այո°, ստացել եմ, բայց կտրականապես մերժել եմ, քանի որ նրանց առաջարկած պայմաններին համաձայն չէի: Նրանց երգերը ոչ մի կապ չունեին այն ոճի հետ, որում ստեղծագործում եմ և դեմ էին իմ սկզբունքներին: Իմ կարծիքով, «Եվրատեսիլը» երգիչներին կաղապարների մեջ է դնում, իսկ ես համաձայն չեմ դրան և ամեն ինչ անում եմ այնպես, ինչպես ես եմ նախընտրում: Բացի այդ, այն ինչ կատարվում է եվրատեսիլյան բեմում վերջին տարիներին, ուղղակի սարսափելի է: Այնուամենայնիվ, ամեն տարի հետևում եմ մրցույթի ընթացքին, քանի որ դա էլ իմ աշխատանքն է և ես պարտավոր եմ տեղյակ լինել մեր ասպարեզում կատարվող ամեն ինչի մասին: - Ի՞նչ կասեք այս տարվա «Եվրատեսիլի», մասնավորապես` Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոյի մասին: - Այս տարի մրցույթն ինձ ավելի դուր եկավ, քան նախորդ տարիներին: Այս տարի կային շատ լավ ու տպավորիչ համարներ, որոնք, ի դեպ, չգնահատվեցին: Պատճառը, հավանաբար, այն է, որ պետությունները գնահատում են արտիստին ոչ թե երգի, այլ իր ազգային պատկանելության համար: Կարծում եմ, Սիրուշոյի ելույթը շատ աշխույժ էր և առանձնանում էր մյուսներից: Ես դա ամենևին էլ չեմ ասում այն պատճառով, որ հիմա Հայաստանում եմ: Սիրուշոն անկասկած առանձնացավ մյուսներից իր համարի գունեղությամբ և բնական է, որ պետք է հայտնվեր լավագույն հնգյակում: Բացի Սիրուշոյից շատ եմ հավանել նաև Պորտուգալիայի ներկայացուցչի և ուկրաինացի Անի Լորաքի համարները: Ինչ վերաբերում է մեր երկիրը ներկայացնող Դիմա Բիլանին, ապա ասեմ, որ նրա համարը ինձ դուր չեկավ: Ճիշտ է, նրան շատ եմ հարգում, բայց պետք է օբյեկտիվ լինեմ: Նա շատ վստահ հանդես եկավ եզրափակիչում, բայց, այնուամենայնիվ, երգն ու բեմադրությունը ինձ անհասկանալի մնացին: Կարծում եմ, Բիլանի ու Սիրուշոյի երգերն անհամեմատելի էին: - Ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում դուք ասել էիք, որ ռուսական երգիչ-երգչուհիները և Դուք գտնվում եք տարբեր հարթությունների վրա, քանի որ նրանք վախենում են էքսպերեմենտներից և արդեն քսան տարի է` նույնն են երգում: Այդ դեպքում երգիչների ո՞ր խմբին եք Ձեզ դասում: - Չնայած ամեն ինչին, ես ռուս եմ ու ստիպված եմ հաշվի նստել այն ամենի հետ, ինչ անում են իմ գործընկերները: Սակայն դա չի նշանակում, որ ես պետք է դառնամ նրանց նման ու սկսեմ համեմատվել նրանց հետ: Մենք բոլորս տարբեր ենք, բայց և նույն ասպարեզի մարդիկ ենք ու նույն երկրի մշակույթի ներկայացուցիչները ամբողջ աշխարհում: Ես ընտրել եմ մի ոճ, մյուսները` ուրիշ: Իմ ընտրած ոճում ես կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ և այն ինձ կաղապարների մեջ չի դնում: Երևի հենց դա է իմ և մեր էստրադայի մյուս ներկայացուցիչների հիմնական տարբերությունը: Մեր արտիստներից շատերը աշխատում են միայն մեկ ուղղությամբ, այդ պատճառով էլ շատ շուտ անհետաքրքիր են դառնում: - Ո՞ւմ հետ եք ծանոթ հայկական շոու բիզնեսից և հաճա՞խ եք լսում հայկական երաժշտություն: - Հայ երգիչներից` Անդրեին, երգչուհիներից` Սոնային, ում հետ ծանոթացել ենք Մոսկվայում և ընկերություն ենք անում: Շատ եմ սիրում հայկական երաժշտությունը` հատկապես մաեստրո Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները և շատ կցանկանայի դրանցից մեկը կատարել: Ցավոք, դրանցից գրեթե բոլորն արդեն երգվել են հանրաճանաչ արտիստների կողմից: Շատ եմ սիրում հատկապես այդ երգերի Իոսիֆ Կոբզոնի մեկնաբանությունները: ...Շատ կցանկանայի մի քիչ էլ մնալ Երևանում, բայց գործերը շատ են: Անմիջապես երևանյան համերգից հետո կշարունակեմ շրջագայությունս արդեն իմ հայրենի պետության տարածքում, իսկ Հայաստանից կտանեմ շատ ջերմ ու բարի հուշեր և իհարկե հուշանվերներ, որոնք ինձ միշտ կհիշեցնեն ձեր արևոտ երկրի մասին:

Գրիգոր ԵՐԻՑՅԱՆ