Պատանի երաժշտագրոհայինները


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահը դասական երաժշտության դաշնամուրային ներշնչված նվագով հպարտության անսպասելի զգացումով է համակում հավաքվածներիս: Անսպասելի, քանզի Շումանի, Շոպենի, Վերդիի, Լիստի, Ռախմանինովի, Խաչատրյանի ու Գրիգի հանրածանոթ ստեղծագործությունների կատարողական վարպետությամբ են հանդես գալիս երաժշտական դպրոցի 4-7-րդ դասարանների աշակերտները: Ասենք, միջազգային հեղինակավոր փառատոնե րից մրցանակային հարուստ ավարով վերադարձած պատանի երաժիշտ կատարողներից միայն «Հռոմ-2008» դաշնակահարնե րի XVIII միջազգային մրցույթի II մրցանակին արժանացած Նարա Ավետիսյանն է, ով ներկայացնում է Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ն (ուսուցիչ` պրոֆ. Կարինե Օհանյան): Մնացած 9 շնորհալիները Սպենդիարովի անվան երաժշտադպրոցի սաներ են: Տնօրեն Սամվել Սահակյանի ուրախության պոռթկումներն ու իր սաներին արժեքավորող ռեպլիկները Նաիրայի, Սպարտակի, Գրիշայի, Սոնայի, Անուշի ելույթների ընթացքում ներողամտությամբ է ընդունում հանդիսասրահը: Առաջին անգամ ստանալով ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությունը` «սպենդիարյանցիները» վերջապես կարողացել են հաղթահարել կողմնակի խութերն ու ոչ միայն արդարացրել, այլև գերազանցել նրանց միջազգային ասպարեզ դուրս բերողների սպասելիքները: Միայն «FLAM-2008» XIX միջազգային երաժշտական փառատոնում (Ֆրանսիա) 4 մրցանակ են շահել: Ամենևին` ոչ բարեբախտաբար: Ականջ դրեք գլխավոր մրցանակին արժանացած Ժորա Սարգսյանի նվագին, Լիստի N 8 «Հունգարական ռապսոդիա»-ի մատուցման արտիստիկ արտահայտչականությամբ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի 6-րդ դասարանցի սանը Բորիս Բերեզովսկի կամ Օլլի Մուստոնեն դառնալու վստահություն է ներշնչում: Դաշնակահարներին իրենց կատարողական ունակությունների կոնկրետ դրսևորումներով չեն զիջում Սելմերի անվան սաքսոֆոնահարների միջազգային մրցույթում (Լվով) III մրցանակի արժանացած Հարություն Հարությունյանն ու դիպլոմանտ Դավիթ Մելքոնյանը: Պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի սաները նվագում են նախորդ մրցույթում հանրահայտ «Յամահա»-ից ստացած 2 գործիքներից մեկով: Հատկապես տպավորիչ է Ռունչակի «Մենության ձայնը» տարաոճ ստեղծագործության անթերի վերարտադրումը Հարությունի սաքսոֆոնանվագով: Մրցութային այս բարդ երաժշտակտավի կատարմամբ էր, որ 53 մասնակիցներից առանձնացվեցին 7-ը: Միջազգային երաժշտասպարեզ «իջեցված» հայկական առաջին «դեսանտի» փայլուն հաջողությամբ խանդավառված տիկին Հասմիկ Պողոսյանը ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրերի շնորհմամբ խրախուսում է պատանի «երաժշտագրոհային ներին» կրթած մանկավարժներին: Պաշտոնական մշակութային քաղաքականությունն ուղղորդող Կարո Վարդանյանը անկեղծորեն կիսում է հաղթարշավի բերկրալի ուրախությունը: Ուրեմն, պատանի երաժիշտները, մնալով պետական ուշադրության կենտրոնում, կարող են զարգացնել իրենց հավատընծա ունակությունները հաջորդ մշակութային արշավանքների թեժ պայքարում չընկրկելու համար:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ