«Ոսկե ծիրան»-ի քաղցրահամը


«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շուրջ, կազմակերպիչների հեռատես ջանադրությամբ, հետաքրքրութ յունը օրավուր սրվում է: Նախահոբելյանական եռուզեռում ներգրավված մոտ 800 լրագրողներին մանրակրկիտ ներկայացվում է համաշխարհային կինոշուկայի արդի միտումները և հայկական կինոյի զարգացման կոնկրետ ուղիները առավելագույն լիարժեքությամբ բացահայտելու անթաքույց նպատակամղվածությամբ մտահղացված բազմազան ծրագրերի բովանդակությունը: Հայկական «Ծիրան»-ի «քաղցրահամը» կինոաշխարհի երևելիների մասնակցությամբ և հնարավոր լավագույն ժապավենների մրցակցությամբ ու արտամրցութային պարզ ցուցադրություններով միայն արժանիորեն չի կարող գնահատվել : Եվ, կայացման անցած կարճատև ճանապարհը առաջին հոբելյանի առիթով իմաստավորելու, ձեռքբերումների կարևորությանը արվեստասեր հանրութ յանը լիովին հաղորդակից դարձնելու շրջահայացությամբ, կինոփառատոնի կազմկոմիտեն առաջնահերթ «Ծիրան»-ային իրարանցմամբ է համակել զանգվածային լրատվամիջոցներին: Առանց պրոֆեսիոնալ ընդգրկուն լուսաբանման անհնար է ոչ միայն միջազգային, այլև` տեղական կինոհանրությանը, ողջ արվեստասեր հասարակությանը հավաստել «Ոսկե ծիրան»-ի իրադարձա յին նշանակությունը: Ստացված 454 ֆիլմերից խստահայաց ընտրության արդյունքում մնացել են 166-ը, որոնցից 53-ը ներկայացվելու են մրցութային ծրագրերում: Արտամրցութային 8 ծրագրերում ներառվածներով ոչ միայն ենթադրվում է ամբողջացնել ներկայիս համաշխարհային կինոէկրանի բազմաշերտ նկարագիրը, այլև` կինոլեզվով խորացնել փոխըմբռնումը տարբեր ազգերի ֆիլմարտադրողների միջև, խթանել համագործակցությունը ի նպաստ որակական նոր վերելքների: Ռուս անվանի կինոգետ Կիրիլ Ռազլոգովի մայիսյան եռօրյա սեմինարները կինոլրագրողների, քննադատների և ուսանողների համար հուլիսի 6-20-ը շարունակելու են հանրահայտ կինոքննադատ Փիթեր վան Բյուերենն ու «Փառատոն» օրաթերթի խմբագիր Անդրե Վարդենբուր գը (Նիդեռլանդներ): Դասընթացների ամենաուշիմ մասնակիցներն իրավասու կլինեն լուսաբանելու 7-օրյա կինոտոնը «Զրուցակից» շաբաթաթերթի տեխնիկական աջակցությամբ լույսընծայվելիք երկլեզու «Ոսկե ծիրան» օրաթերթի (8 էջով) էջերում, որի խմբագրակազմում մեկտեղված են 6-ական լրագրողներ արտերկրից ու Հայաստանից: Ակնկալվում է նաև մյուս բոլոր շահագրգիռ լրագրողների բանիմաց համագործակցությունը: ՀԹԳՄ նորաբաց հանդիսասրահում կազմակերպվող մինչմեկնարկային ցուցադրությունները, կարծում եմ, նպաստավոր կլինեն այս առումով: Անաչառ բարյացակամությամբ ձևավորված ընդհանուր գնահատությամբ կարելի կլինի օժանդակել «Ոսկե ծիրան»-ի միջազգային հեղինակության ու հայկական կինոարվեստի վերելքին միտված գործունեության արդյունավետության էլ ավելի բարձրացմանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ