ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՆՈՐ ԱՆԵԼԻՔՆԵՐ


Չնայած առանձին քաղուժերի ոչ «ստանդարտ» պահվածքից ոմանք արտահերթ ընտրությունների «հոտ են առնում», այնուամենայնիվ` առաջիկա համապետական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի գարնանը: Հինգերորդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի սահմանված ժամկետներում և նույնքան կանխատեսելի կազմ կարող է ունենալ: Արտահերթությունների ակնկալիք, ակներևաբար, չունի անգամ արմատական ընդդիմութունը: Համենայն դեպս, արտահերթ ընտրությունների մասին ՀԱԿ-ՀՀՇ-ականները միայն անընդհատ խոսում են, բայց այս ուղղությամբ որևէ նպատակային քայլ կարծես չեն էլ պատրաստվում անել: Այս գործելաձևը նույնիսկ խիստ իրատեսականության արդյունք կարելի էր համարել, եթե այսչափ չքողարկվեր տարատեսակ վերջնագրերով: Արմատականններն ուղղակի ինչ-որ ժամանակացույց են հրապարակել, որով իշխանություններից են պահանջում, որ մինչև սեպտեմբեր կամավոր իրենց զիջեն իշխանությունը: Ընդհանուր առմամբ, ներքաղաքական զարգացումների հեռանկարն աննախադեպ կանխատեսելի է դարձել: 1996 թվականից մինչ այսօր դեռ երբեք իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները, մեր երկրում գործող ու գոյություն ունեցող կուսակցությունների` միմյանց նկատմամբ վերաբերմուն քը, նրանց սեփական հնարավորություններն ու հավակնություններն այսչափ հաշվարկելի ու կանխատեսելի չեն եղել: Նույնիսկ ՀԱԿ-ՀՀՇ-ն ոչ միայն սադրանքի, այլ անգամ անակնկալի այլևս ընդունակ չէ: Այս առումով խիստ հատկանշական է, որ արմատականները մինչև սեպտեմբեր ոչ թե ընդհանրապես ընտրություններ են պահանջում, այլ հատկապես` Նախագահի ընտրություններ: Տրամաբանությունը հհշականների արկածախնդրության չափ պարզ է: Նրանք ոչ միայն առաջիկայում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ու ներուժ չունեն, այլ նաև բացահայտում են, որ Նախագահի ընտրությունների պահանջը հնարել են` լոկ իրենց քաղաքական ապագան վերակառուցելու ժամանակ ունենալու նկատառումով: Համոզվելու համար բավական է ուսումնասիրել արմատականների, մյուս բոլոր քաղաքական ուժերի հնարավորություններն ու վարքագիծը, համադրել վերջին ընտրությունների արդյունքները: Իսկ թե որքանով են դրանք արտացոլել քվեատուների կամքը` տվյալ պարագայում բոլորովին էլ կարևոր չէ, քանի որ առաջիկա ընտրությունները ևս լինելու են մեկ քայլ առաջ` դեպի այն ժողովրդավարությունը, որն ուզում է տեսնել մեր երկրում Արևմուտքը: Ուստի, նախ արձանագրենք, որ անխուսափելիորեն խորհրդարանական ընտրությունները նախորդելու են նախագահականին: Հետևաբար, վերջինիս վերաբերյալ բոլոր կանխատեսումներն առավել հիմնավոր կլինեն, երբ հինգերորդ գումարման Ազգային ժողովը փաստացիորեն ձևավորված լինի: Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 22 կուսակցություններից ու մեկ դաշինքից միայն հինգ կուսակցությունների հաջողվեց հաղթահարել 5 %-ի արգելանքը: Ապագա խորհրդարանում էլ կուսակցությունների թիվն ավելին չի կարող լինել` տրամաբանորեն: Խնդիրն այն է, որ կառավարություն ձևավորելու, իշխանություն լինելու այսօրվա «կոալիցիոն» բանաձևից Հանրապետականը հակված է հրաժարվել: Հենց նախագահական ընտրությունների համար ցանկալի նախադրյալներն ապահովելու նպատակով ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է` բացարձակ մեծամասնութ յան կառավարություն ունենալու համար: Եվրոպայում կոալիցիաներն առավել հաճախակի են ձևավորվում, քանի որ բոլոր կուսակցությունների նկատմամբ վստահությունը պակասում է գրեթե հավասարապես, բայց նրանք նույնքան հավասարաչափ էլ ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում և պահպանում են իշխանություն լինելու նախադրյալները: Մեր երկրում առայժմ ճիշտ հակառակն է. օրինաչափորեն` տեղական, համայնքային ղեկավարներն առավելապես իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: Մինչդեռ շատ կուսակցութ յուններ իշխանություն ունենալու համար ոչ թե նախ տեղական, համայնքային ղեկավար պաշտոններին են հավակնում, այլ համբերահատ` միանգամից նախագահ են ցանկանում ունենալ ու, բնականաբար, տապալվում են: Փաստ է, որ հանրապետության 915 համայնքներում գյուղապետերից ու քաղաքապետերից 566-ը հանրապետականներ են: Այս օրերին ավելի քան հարյուր համայնքներում ընթացող տեղական ընտրություններին մասնակցող թեկնածուների մոտ 65 % - ը նույնպես ՀՀԿ-ականներ են: Համեմատելու համար հավելենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից միայն յոթ տասնյակն են «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներ, մոտ վեց տասնյակը ներկայացնում են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունից են երկու տասնյակը: Անկուսակցական համայնքապետերը, որոնց թիվը բավական մեծ է, հիմնականում դարձյալ ՀՀԿ համակիրներն են: Հանրապետականներն արդեն հեռատեսորեն հուշում են, որ Ազգային ժողովում խմբակցություն ունենալու համար անգամ խոշոր կուսակցությունները պետք է ջանքեր գործադրեն: Իսկ, որ պատգամավորական տեղերի համար պայքարում ադմինիստրատիվ ռեսուրսի ու տեղական ղեկավարների համադրված աշխատանքը կարող է ցանկալի արդյունք ապահովել, անկասկած է: Սա նշանակում է, որ ապագա ԱԺ-ում իշխանական ու ընդդիմադիր ուժերի ներկայացուցչական պատկերը, ամենայն հավանականությամբ, կունենա 70/30 տոկոսային հարաբերակցությունը: Արդեն այսօր քաղաքական հեռանկարային` քսանամյա ծրագրեր նախագծող հանրապետական իդեոլոգները առավել նպաստավոր են համարում 60/40 հարաբերակցությունը: Սա քաղաքական դաշտի նախընտրելի տարբերակն է, որն առավել մոտ է ժողովրդավարական համարվող պատկերին: Այս հարաբերակցության ու համապատասխան քաղաքական մշակույթ ձևավորելու դեպքում, իշխանություն -ընդդիմություն հերթափոխը կարող է 2017-18-ից սկսած շատ ավելի կանխատեսելի դառնալ և պետական շինարարությունը զերծ պահել կտրուկ անցումներից: Հանրապետական կուսակցությանը դժվար թե քաղաքական ուժերից որևէ մեկը կարողանա էական հակահարված տալ կամ խանգարել իրագործելու այս ծրագիրը: Բացի համապատասխան ներուժի բացակայությունից, չի լինի նաև նման ցանկություն, քանի որ քաղաքակիրթ քաղաքական դաշտ ձևավորելու բավական բարենպաստ պայմաններ են հասունացել բոլորի համար: Ակնհայտ է, որ այս համատեքստում հաջողության հասնելու շանսեր չունեցող կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին կարող է միայն մարտավարական նշանակություն ունենալ: ՀԱԿ-ՀՀՇ-ն, եթե մնա ներկայիս տեսքով, պահպանի իշխանությունը գրավելու և քաղաքական կյանքին մասնակցելու մյուս բոլոր տարբերակները մերժող հավակնությունները` 2012-ին դարձյալ չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: 2013-ին արմատականները Նախագահի մրցունակ թեկնածու չեն էլ ունենա, եթե անգամ 68-ամյա ԼՏՊ-ն առաջադրվի էլ: Նույնիսկ երազած իշխանափոխության դեպքում իշխանությունը պահելու հնարավորությունները ՀԱԿ-ՀՀՇ-ն արդեն անվերադարձ սպառել է, քանի որ կորցրած ադմինիստրատիվ ռեսուրսը կարող է վերականգնել բացառապես «առնետավազքի» միջոցով: Իսկ վերադարձը հհշական քաղաքական քաոսին ընդհուպ մինչև կործանարար կարող է լինել ոչ միայն իր, այլ նաև պետության համար: Նոր բան ունենալու համար ՀԱԿ-ՀՀՇ-ն ստիպված կլինի ինչ-որ նոր բան անել:

ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ