ԿՅԱՆՔԸ` ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄ


Դժվար է լինել այնքան մեծախոհ, որ կարողանաս երբևէ հրաժեշտ չտալ մանկությանդ£ Դյուրին չէ հոգով իմաստնանալ այնքան, որ մանկությունդ քեզ ուղեկից լինի 6 տասնամյակներով չափվող կյանքիդ քառուղիներում... Իսկ հոբելյանը` որպես անցած կյանքը վերարժևորելու հերթական հանգրվան` ապրած տարիների նվաճումներն է ի մի բերում` նաև անցնելիք ճանապարհն ուղենշելով£ ԱՅՑԵՔԱՐՏ. Համլետ Շմավոնի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր. Ծնվել է 1950 թ. Սիսիան քաղաքում£ Արծաթե մեդալով ավարտել է միջնակարգը, իսկ 1974¬ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը£ Աշխատանքի է անցել ատոմային էներգետիկայի միավորման Երևանի մասնաճյուղում` զբաղվելով ատոմակայանի սարքավորումների հեռահար անվտանգության հարցերով£ 1985 թ. ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի ասպիրանտուրան£ 1993 թ. Ռուսաստանի Դաշնության պետական կոմիտեի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում£ 1998 թ. ընտրվել է ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, 2003¬ին` բնական և տարերային աղետների Եվրախորհրդի փորձագետների խմբի անդամ£ 2006թ-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում ռազմագիտություն մասնագիտությամբ: Շուրջ 120 գիտական աշխատությունների ու հոդվածների, նախադպրոցական և դպրոցական ծրագրերում ընդգրկված` արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությանն ուղղված հրապարակումների համահեղինակ է և հեղինակ` բանաստեղծությունների 4 ժողովածուների, 5 մանկական գրքերի£ Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար 2010թ-ին արժանացել է ՀՀ ԿԳՆ պատվոգրի և կրթության բնագավառում զգալի ավանդ ունենալու համար «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի կողմից արժանացել է «Կրթության զարգացման առաջավոր գործիչ» տիտղոսի: Մաթևոսյանների անդրանիկ զավակը թերևս հենց ծնողների խստապահանջությանն է պարտական իր ջանասիրության համար£ Սակայն պրպտող էությունը, շնորհիվ աշխատասիրության, հասնում է այնտեղ, որտեղ զուգամիտվում են գիտությունն ու մարդկային հուզաշխարհը£ Այնքան համեստ է Համլետ Մաթևոսյանը, որ չի սիրում իր մասին խոսել. նրա մասին պատմում են գործընկերները և իր գրքերն ու բանաստեղծությունները, որոնցում ներանձնական ինքնազննումն ու ինքնախռովքը սեփական հոգուց է բխում ու որպես խորհուրդ` հանձնվում թղթին£ Եվ այդ ամենը` նաև մանկական բանաստեղծությունների տեսքով` մանուկներին հասանելի£ Ճգնաժամային կառավարման բնագավառում նշանակալի ավանդ ներդրած Համլետ Մաթևոսյանի գործունեությունն ու կենսակերպը պատգամ են` ուղղված նախևառաջ զավակներին` ԵՊՀ շրջանավարտներ Արշակ որդուն և տնտեսագիտական գիտությունների թեկնածու Գայանե դստերը, Համլետ, Հայկ, Արեգ թոռնիկներին, որոնց մասին խոսելիս նրա աչքերը մեկեն գորովանքով են լցվում£ Այսօր էլ շարունակելով իր հայրենանվեր գործունեությունը, բազմավաստակ ռեկտորը հպարտությամբ ամենամեծ ձեռքբերում է համարում ԿԳ նախարարության հետ համատեղ աշխատանքը` նախադպրոցական և դպրոցական ծրագրերում արտակարգ իրավիճակների ժամանակ աղետներին դիմակայելուն միտված ուսուցման ներդրումը£ - Մեր բուհը ստեղծվել է 1992 թ. հունվարին` Հանրապետության կառավարության որոշմամբ` որպես վերապատարստման ինստիտուտ£ Նպատակ հետապնդելով իրականացնել ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում` արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության հարցերով, ինչպես նաև` ուսուցանել բնակչությանը, 2005 թ. այն վերանվանվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա£ Բուհը «ակադեմիա» անվանումը ստացել է ՀՀ կրթության մասին օրենքի համաձայն, քանի որ մենք պատրաստում ենք մասնագետներ միայն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում£ 2003¬ին իրավունք ենք ստացել որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել բարձրագույն կրթական ծրագրեր£ Մինչ օրս ակադեմիան պետական բյուջեից ֆինանսավորում է ստանում միմիայն կադրերի` ղեկավար կազմի ու մասնագետների վերապատրաստման համար£ Երբ ստեղծվեց մեր բուհը, ընդհանրապես չկար հայերեն լեզվով մասնագիտական գրականություն, չկար մեթոդական բազա£ Տարիների ընթացքում հաջողվեց լուծում տալ այդ խնդրին, և հիմա մենք ունենք բավական լուրջ գրականություն, որն արդյունք է մի ողջ կոլեկտիվի աշխատանքի£ Ակադեմիայում դասավանդում են բարձր որակավորում ունեցող դասախոսներ£ Վերապատրաստման գործընթացում ընդգրկվել են տարբեր վտանգների բնագավառների բարձրակարգ մասնագետներ£ Ուսուցման անչափ կարևոր բաղկացուցիչն եմ համարում մասնագիտական մտածողության ձևավորումը, որը արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն է ընձեռում£ Իսկ բուհում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է արդի մեթոդների կիրառմանը` տարաբնույթ խնդիրները լուծելիս£ Ի դեպ, փորձի փոխանակման նպատակով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ներգրավված է բազմաթիվ ծրագրերի, համագործակցում է տարբեր երկրների` Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ¬ի հետ` ընդօրինակելով նրանց առաջավոր փորձը£ Մաղթենք, որ այսուհետ ևս Համլետ Մաթևոսյանի կենսուղին նորանոր ձեռքբերումներով ու նվաճումներով նշանավորվի` որպես տրամաբանական շարունակություն` իր ապրած ընթացքի£ Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ - Սիրելի Համլետ Մաթևոսյան, անկեղծ սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում ենք Ձեր 60-ամյա հոբելյանը, մաղթում առողջություն ու երջանկավետ կյանք£ Երկար տարիներ աշխատելով կրթության բնագավառում, Ձեր անբասիր և ստեղծագործ աշխատանքով մեծ դեր եք խաղացել մեր հանրապետությունում ճգնաժամային կառավարման համակարգի ստեղծման ու զարգացման գործում£ Ձեր անունը, որպես հիմնադիր ռեկտոր, կգրվի Ակադեմիայի պատմության մեջ£ Ձեր կերպարով Դուք պարտավորեցնում եք լինել ազնիվ, նվիրյալ, մարդասեր, այսինքն` ՄԱՐԴ£ Մենք բոլորս երջանիկ ենք, որ վայելում ենք Ձեզ հետ աշխատելու հաճույքը£ Դուք լավ ընկեր եք, իսկական «փրկարար»... Խաղաղ, այսօրվա պես ուրախ ու տոնական թող անցնեն Ձեր կյանքի բոլոր օրերը£ Աստված Ձեզ պահապան... Սիրով` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կոլեկտիվ