ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՐԹԱՊԱՀԸ»


 

Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգությունը, երբ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայ երեք զինծառայող էր զոհվել, առիթ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդես գալ հայտարարությամբ.

- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին վերջին հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Նման անիմաստ գործողություններն ուժի կիրառումից զերծ մնալու կողմերի պարտավորությունների խախտում են, ինչպես նաև հակասում են 2012-ի հունվարի 23-ին նախագահներ Սարգսյանի և Ալիևի համատեղ հայտարարության ոգուն: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտում են ցանկացած զոհ և կրկին հայտարարում, որ հակամարտության լուծման խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Միջնորդները կոչ են անում կողմերին հարգել 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը և զերծ մնալ պատասխան միջոցներից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի թեժացմանը:

Նման հայտարարությունը մեկ անգամ ևս վկայում է, որ Հայաստանը գործ ունի անտարբեր ու ամբողջապես կողմնակալության մեջ թաթախված մի խումբ մարդկանց հետ, ովքեր ամեն անգամ Հայաստան և Ադրբեջան են գալիս մի լավ ուտել-խմելու, արևելյան հյուրասիրությունը վայելելու և ադրբեջանական կողմից տրվող «նվերներով» գրպանները լցնելու համար:

Միայն անհոգի ու դիվանագիտական-բարոյական ըմբռնումներից շատ արագ գահավիժած անձինք կարող էին նման հայտարարություն տարածել, որն, ըստ էության, անբարոյականության մի նոր ապացույց է:

Այս մարդիկ ներկայացնում են աշխարհի երեք հզոր երկիր և պատվիրակված են իրենց երկրների կողմից: Հետևաբար պարտավոր էին կատարվածի մասին անմիջապես իրենց նախագահներին զեկուցելով` պարտադրել, որ հանդես գային ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, անհապաղ հրավիրվեր համանախագահող երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում Իլհամ Ալիևի հետ, նրա առջև պայման դրվեր` մեկընդմիշտ վերջ տալ նման սադրիչ գործողություններին, քանի որ Ալիևը ստորագրել է համատեղ հայտարարությունը: Բայց ահա համանախագահներն այնքան են դառնում ցինիկ ու բարոյազուրկ, որ կատարվածը խստորեն դատապարտելու փոխարեն` կողմերին կոչ են անում հարգել հրադադարը: Ստացվում է, որ կատարվածի մեջ մեղավոր է նաև Հայաստանը, որ Դովեղ գյուղում տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունը կրում է նաև Հայաստանը... Ահա համանախագահողների և Անդրեյ Կասպրչիկի բարոյականության, ավելի ճիշտ` անբարոյականության, դրսևորումը. ահա համանախագահող երկրների դիրքորոշումը:

Հատկապես այս հայտարարությունը պիտի հիմք հանդիսանա, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հանդես գա համապատասխան հայտարարությամբ, խնդիրն անհապաղ բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Գիտենք, որ մեր այս հորդորներին ոչ ոք չի արձագանքելու, գիտենք, որ դիվանագիտական կառույցներն էլ բավարարվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ցինիկ հայտարարությամբ և լռություն են պահպանելու: Տեղին է հիշել ռուս վերլուծաբանի կարծիքը.

- Ադրբեջանին ձեռնտու է  պահպանել լարվածությունը Հայաստանի հետ սահմանին  և շփման գծում, քանի որ նա ձգտում է հայկական կողմին հասկացնել, թե եղած իրավիճակն իրեն ձեռք չի տալիս:  Նման միջադեպերն օրինաչափ են  և դեռ կլինեն: Հայ-ադրբեջանական դիմակայությունը շատ կրկնվող տարրեր ունի: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դժվար է ասել` կապվա՞ծ են դրանք  որոշակի քաղաքական գործընթացների հետ, թե՞ ոչ: Բռնկումներ լինում են, օրինակ, նախագահների մակարդակով բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ: Երբեմն դրանք կապված են հակամարտության կողմ- երկրների ներքաղաքական իրավիճակի հետ, իսկ երբեմն էլ զուտ ռազմական էպիզոդներ են, որոնք Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ զորամասերում կարգապահության պատճառով են տեղի ունենում,-հայտարարեց Կարավաևը` ընդգծելով, որ Դովեղի նման միջադեպերը կարող են հետագայում ևս կրկնվել:

- Մինչ այժմ տեղական բռնկումներից, շփման գծում դիվերսիոն գործողություններից հետո ոչ մեկի համար լուրջ հետևանքներ չեն եղել: Միջնորդները միշտ բավարարվել են հայտարարություններով, որոնք կարելի է հերթապահ համարել: Քանի որ կա պայմանավորվածությունների, սկզբունքների, հայտարարությունների և շատ այլ բաների հսկա քանակություն, որոնք ընդունվել են, սակայն չեն կատարվում: Եվ այդ հերթական հերթապահ հայտարարությունն էլ տեղ կզբաղեցնի դրանց կողքին` փոշոտվելու համար: Պետք է իսկապես կարդալ այս կարծիքն ու վերջապես ելնել կարծրատիպերի դեմ: Այլապես անհնար կլինի կանխել նոր սադրանքները: