Պատասխանները շատ դաժան պետք է լինեն


 

Պատերազմը դեռ չի ավարտվել. օրեր առաջ նորից ու կրկին ցավալիորեն բախվեցինք այս իրականությանը: Նախորդ շաբաթ Տավուշի մարզի սահմանային գոտում գլխապտույտ արագությամբ զարգացող իրադարձությունները վերստին ստիպեցին զգաստանալ: Շուրջ 40 րոպե գնդակոծվող Դովեղ գյուղի մանկապարտեզը, Այգեպար- Մովսես ճանապարհահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների արդյունքում 3 պայմանագրային զինծառայողների կորուստը, ապա և սահմանամերձ գյուղերի վրա շարունակվող կրակահերթերը` խաղաղ պայմաններում, դուրս են մարդկային տրամաբանության սահմաններից: Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Ի՞նչ է ուզում այս անգամ ապացուցել Բաքուն: Եվ վերջապես ի՞նչ են տալու ԵԱՀԿ ներկայացուցիչների հերթական դիտարկումները սահմանագծում, երբ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողություններն ավելի քան բացահայտ են: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը քաղաքագետ Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ և ռազմական փորձագետ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

Հրանտ Մելիք-Շահնազարյան. - Նախևառաջ ուզում եմ նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության ուղղությամբ Ադրբեջանի գլխավոր խնդիրը ստեղծված ստատուս քվոյի և առաջին հերթին միջազգային ձևաչափի փոփոխությունն է, որն այսօր ուղեկցվում է բանակցային գործընթացով: Խոսքը Մինսկի խմբի մասին է: Ադրբեջանում իհարկե հասկանում են« որ այդ կառույցի գլխավոր նպատակն այլևս ոչ թե հենց հակամարտության կարգավորումն է, այլ նաև դա մի ֆորում է, որտեղ գերտերությունները համաձայնեցնում են իրենց քաղաքական գործընթացները մեր տարածաշրջանում:

Իրականությունն այն է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը վաղուց անցել է այս սահմանը և ավելի տարածվում է Միջին Ասիայում, Կասպից ծովի ավազանում, Մերձավոր Արևելքում և այլն:

Եվ կարծես թե այն ֆորմատը, որ ստեղծվել է մեր տարածաշրջանում, բավական ձեռնտու է թե´ Ռուսաստանին, թե´ Արևմուտքին, ու թե նույնիսկ հարակից շրջաններին: Այդ է պատճառը, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիան փորձում է ամեն կերպ լինել այդ ձևաչափի մեջ և ներգրավվել տարածաշրջանային հարցերի քննարկմանը, որովհետև այդ տարածքն ընկալում է որպես իր կենսական շահերի գոտի: Եվ ոչ պիտանելիությունն ու անգործությունն ի ցույց դնելու նպատակով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է լարել իրավիճակը թե´ ՀՀ պետական, թե´ Արցախի Հանրապետության սահմաններում` դրանով իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական նոր խմբի անհրաժեշտության մասին գաղափարն առաջ տանելով: Բացի այդ փորձում են ամեն կերպ ապահովել միջազգային հնչեղությունը: Եթե մենք ուշադրություն դարձնենք այն ժամանակացույցին, երբ խախտվում է հրադադարի ռեժիմը և դիվերսիոն խմբեր են ուղարկվում մեր տարածք, կտեսնենք, որ միշտ այդ պահերին տարածաշրջանում կա´մ բարձրաստիճան քաղաքական գործիչներ են գտնվում Արևմուտքից կամ որոշակի գործողություններ ու կա´մ քննարկումներ են իրականացվում` Արցախյան հակամարտության հետ կապված: Վերջին դեպքերը համընկան Լոնդոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի հանդիպմանը: Բացի դրանից, Եվրատեսիլն այսօր Ադրբեջանին պահում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նրանք փորձում են օգտագործել հարմար առիթը` հնարավորինս լարելու իրավիճակը և ցույց տալու, որ հակամարտությունը սառեցված վիճակում չէ, ինչպես ներկայացնում են միջազգային միջնորդները: Ահաբեկման գործողություններն այս անգամ ուղղված են ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության դեմ: Բաքվում կարծում են, թե Ադրբեջանում եվրոպացիների ներկայությունը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում գտնվելը որոշակի առումով կարող է հայկական կողմին զսպել` պատասխան գործողություն իրականացնելիս: Այսինքն փորձում են օգտագործել եվրատեսիլյան հյուրերին, մասնակիցներին` իբրև կենդանի վահան` իրենց ապօրինություններն ու հայ հասարակությանը վախեցնելու, ճնշելու, ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Չեմ կարծում, որ հայկական կողմը կդառնա նման քաղաքականության գերին, և իրավիճակը կարող է շատ կտրուկ սրվել:

Արծրուն Հովհաննիսյան. - Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահահատվածում տեղի ունեցած դեպքը միանշանակորեն դիվերսիա է` իրականացված ադրբեջանական Զինված ուժերի կողմից: Մասնագիտական տեսանկյունից, պետք է ասեմ, որ սա լիովին տեղավորվում է ադրբեջանական ղեկավարության դատողության և բանակի գործողությունների փիլիսոփայության մեջ: Անակնկալ հարձակում անզեն մարդկանց վրա, անասնագողություններ և այլն: Դիվերսիոն խմբի ներթափանցման խորությունն այնքան մեծ չէ, ինչը զարմացնում է շատերին: Իսկ իրականացման վարպետությունը ընդհանրապես շատ հեռու է անհրաժեշտ մակարդակից` հաշվի առնելով նաև այն հանգամանքը որ հարձակման ենթարկված խաղաղ մարդկանցից ոչ բոլորին է հաջողվել սպանել: Եթե այդ խումբը փորձեր հարձակում կատարել դիրքապահների կամ ընդհանրապես զինված խմբի վրա` վստահ եմ, որ պատկերը բոլորովին այլ կլիներ: Ինչպես իրենց բախտակից շատ ընկերներ, կմնային մեզ մոտ: Ադրբեջանական կողմի քայլերն, իհարկե, մի քանի նպատակ են հետապնդում. մի կողմից` բարձրացնել սեփական բանակի ու ժողովրդի ոգին, ցույց տալ իբր իրենց զորեղությունը, թե ինչպես են անզեն տղաների վրա հարձակվում գիշերը, թե իբր սահմանի հսկողության հետ կապված խնդիրներ ունենք և այլն: Այստեղ ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու` կա նաև մեզանում նախընտրական վիճակի հանգամանքը. ինչո՞ւ չէ, նաև շուտով սկսվելիք գարնանային զորակոչը, որը ևս կարևոր հանգամանք է: Որպես կանոն` նրանք միշտ էլ այս ժամանակներում ակտիվանում են:

- Ո՞րն է սահմանագծում անցկացվող դիտարկումների տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, երբ ամեն ինչ բացահայտ է: Երբ մարզի բնակիչներն են հավաստիացնում, որ հրադադարի խախտման դեպքերը շարունակվել են նաև միջադեպից հետո: Ի՞նչ արդյունք եք ակնկալում ԵԱՀԿ- ի հերթական դիտարկումներից:

Ա. Հովհաննիսյան.- Դեպքը իհարկե բացառիկ է, վերջին շրջանում արդբեջանական Զինված ուժերի քայլերն արդեն ցնցում են նաև համաշխարհային հանրությանը: Միջազգային կառույցների կողմից կատարված դատապարտումներն ու գնահատականները, ցավոք նորից աչքի չեն ընկնում հստակ հասցեականությամբ, իսկ դատապարտման մեխանիզմներն ավելի քան գործուն չեն: Մոնիթորինգից հետո լավագույն դեպքում ինչ-որ զեկույց կլինի և վերջ, սակայն դա շատ քիչ արդյունք կարող է տալ:

Հ. Մելիք-Շահնազարյան. - Միջազգային ուժերի մասնակցությամբ իրականացվող գործողությունները հաճախ ոչ արդյունավետ են և համարժեք չեն այն մարտահրավերներին, որոնց առջև այսօր փաստացի կանգնած են ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը: Ինձ համար անհասկանալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որը շատ ընդհանուր է, ամորֆային և կարծես ոչ մի կոնկրետ խնդիր չի մատնանշում: Ոչ մի առաջարկ ու պահանջարկ կարծես թե չկա: Նույնը վերաբերում է մոնիթորինգի խմբի գործունեությանը: Ակնհայտ է, որ դրա անցկացման վայրերում երբևէ չի լինի այնպիսի գործողություն, որը կարող է հետագայում դատապարտելի լինել միջազգային հանրության կողմից: Փոխարենը` փաստ է, որ գյուղերը ռմբակոծվում են: Ամեն օր կրակահերթեր կան հայկական գյուղերի վրա: Մենք խոսում ենք միայն Դովեղ գյուղի մասին, բայց պարզ դարձավ, որ ռմբակոծվել են նաև Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Համենայնդեպս, միջազգային դիտորդական առաքելությունները, եթե իրականացվեին առանց պայմանավորվածությունների և ավելի երկարաժամկետ լինեն, ոչ թե մեկ ժամով գնան սահմաններ` լրագրողների ուղեկցությամբ և վերադառնան, կարծում եմ` շատ ավելի արդյունավետ կլինեն և կբացահայտեն իրականությունը: Չնայած ստեղծված իրավիճակում այդ իրականությունը բացահայտելու մեծ խնդիր չկա, որովհետև ամեն ինչ արդեն ակնհայտ է և ակնառու: Սակայն ավելի ճիշտ գնահատականների և իրավիճակին իսկապես ներազդելու ռեալ քայլերի անհրաժեշտության խնդիր ունենք:

- Պատասխան ի՞նչ քայլեր կձեռնարկի հայկական կողմը:

Հ. Մելիք- Շահնազարյան . - Ես վստահ եմ, որ կլինի պատասխանը« և ինձ համար շատ հաճելի է հասարակության պահանջատիրությունը: Պահանջում են մեկի դիմաց տասը, մեկի դիմաց հարյուր զոհեր և կամ ազատագրել այն տարածքները, գյուղերը, որտեղից ռմբակոծվում են մեր ռազմական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Սակայն դրա հետ միասին ուզում եմ կոչ անել հանրությանը, որ նման հարցերում պետք չէ շտապողականություն դրսևորել: Որովհետև, այնուամենայնիվ, դրանք ռազմական գործողություններ են, և առկա է վտանգ` թե´ այն գյուղերի բնակչության, և թե´ այն զինվորների համար, ովքեր պիտի իրականացնեն այդ պատժիչ գործողությունները:

Ա. Հովհաննիսյան. - Անխոս, մեր պատասխան քայլերից նրանք արդեն ունեն զոհեր, որոնց մասին կարող են լռել. անտեսելով քաղաքացիների իրավունքներն ու ոտնահարելով ծնողների զգացմունքները` կեղծել: Կարող են այդ դեպքերը ներկայացնել որպես ինքնասպանություն, դրա համար ինչ-որ մեկին անգամ մեղադրել ու դատել: Մեր գործողությունների արդյունքները դեռ երևալու են: Իհարկե նրանք նորից սառնարաններում դիակները օրերով կպահեն, կհայտարա-րեն տարբեր տարերային ու տեխնածին աղետների զոհերի մասին, իսկ վերջում լկտիաբար կհայտարարեն, որ եթե անգամ ամեն մի հայի դիմաց սպանվի 10 ադրբեջանցի` ամեն ինչ արդարացված է:

- Այս պարագայում միգուցե սխալ է ենթադրություններ անել, սակայն ըստ Ձեզ` իրադարձությունների ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում:

Հ. Մելիք- Շահնազարյան. - Մինչև այսօր խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում պահպանվել է հակակշռի և հավասարազոր պատասխանների շնորհիվ: Երբ մի պահ թուլացնում ենք պատժիչ մեխանիզմների գործողությունը, հակառակորդն ակտիվանում է և փորձում է թելադրել իր կամքը: Այսօր ցավոք սրտի համապատասխան արձագանք մեր կողմից դեռ չի եղել, ինչը նաև պատճառ է դարձել Ադրբեջանի ավելի ակտիվացման: Խոսքս նաև Արտաքին գործերի նախարարության մասին է, որն, ինչպես ես տեղեկացա, ինֆորմացիան ստացել էր սոցիալական ցանցերից և լրատվական կայքերից:

Ի տարբերություն այն գերատեսչությունների, որոնք ավելի ակտիվ պետք է լինեին, ՀՀ նախագահի ելույթը համարժեք էր այն մարտահրավերին, որ այսօր կա:

Ա. Հովհաննիսյան. - Իրադարձությունները, ավելի կոնկրետ մեր պատասխանները, ինչպես արդեն հայտարարեց մեր երկրի Նախագահը` շատ դաժան կարող են լինել իրենց համար: Պիտի լավ հասկանան, որ մեր վրա զենքով չեն գալիս: Նրանք այդ մասին կարծես մոռացել են...

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ