Յուլյան մենակ չէ


 

Ու հազիվ թե առողջ բանականության տեր ովևէ մեկն անտարբեր կմնար Ուկրաինայի էքս-վարչապետուհու հետ բանտում կատարվածի հանդեպ: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը գործնական քայլով կապացուցի իր բացասական վերաբերմունքը: Նա որոշել է իր կառավարության նախարարներին խորհուրդ տալ ներկա չգտնվելու Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մրցախաղին` եթե Յուլյա Տիմոշենկոն ազատ չարձակվի (գրել է գերմանական SΘiegel շաբաթաթերթը): Դժվար չէ վերծանել կանցլերուհու «խորհուրդ տալ» արտահայտությունը: Բացի այն, որ բարձրաստիճան պաշտոնյայի` ընդվզումից ծնված խորհուրդները չեն կարող անհետևանք մնալ, ուկրաինական դեպքերը հազիվ թե չհարուցեին գերմանացի նախարարների վրդովմունքը: Այդ խորհրդից զերծ կմնա միայն ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը, ով պատասխանատու է և սպորտի ոլորտի քաղաքականության համար: Եվ ոստիկանապետը ծրագրել է ներկա գտնվել Խարկովում կայանալիք` Գերմանիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային հավաքականների մրցամարտին: Բայց միայն այն դեպքում, եթե դրանից առաջ իրեն թույլ տան հանդիպել Տիմոշենկոյի հետ:

Գերմանիայում այս առնչությամբ դժգոհությունը մեկեն չի արտահայտվել: Առժամանակ առաջ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը չեղյալ էր հայտարարել իր այցն Ուկրաինա` ընդվզելով Յուլյայի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ: Մամուլը փաստել էր, որ այդ որոշումը ևս համաձայնեցվել էր Մերկելի հետ: Վերջինս էլ հայտարարել էր, որ Գերմանիան բանակցում է` էքս-վարչապետուհուն իրենց երկրում բուժելու համար: Ուկրաինայի նախագահը, սակայն մերժել էր առաջարկը.

- Այսօրվա վիճակով ստուգելով այն փաստերը, որոնք իր հայտարարության մեջ նշում է Յուլյա Վլադիմիրովնան, չեն հաստատվում,- կիրակի օրը հեռուստաեթերում հայտարարել է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վադիմ Գորան:

Տարօրինակ է, որ արդարադատության ներկայացուցիչն օգտագործում է «փաստեր» բառը` հերքելով դրանց ճշմարտությունը. փաստը ո՞նց կարող էր չհաստատվել: Ավելի տարօրինակ է դատական բժիշկների որոշման ձևակերպումը` Տիմոշենկոյի մարմնին առաջացած կապտուկների առնչությամբ.

- Այդ կապտուկների մեխանիզմն ու տեղայնացումը խոսում է այն մասին, որ դրանք առաջացել են բութ կոշտ առարկաների ճզմման կամ այդպիսի առարկաներին բախվելու հետևանքով: Բայց ոչ մի դեպքում, ինչպես նա է ասում` որովայնին բռունցքով հարվածելու դեպքում: Եվ կարող էին առաջանալ ֆիզիկական ոչ մեծ ուժ գործադրելու արդյունքում:

Գորանն անպատասխան է թողել այն հարցը, թե արդյո՞ք Տիմոշենկոն ինքն է վնասել իրեն: Դա բացառելն իրենց ձեռնտու չէր, հաստատելն այլ հարց կարող էր ծնել` «Ի՞նչ «բութ կոշտ առարկայով» կարող էր կալանավորուհին վնասել ինքն իրեն»:

Հատկանշական է, որ դատաբժշկական զննությունը կատարվել է հեռակա. Տիմոշենկոն հրաժարվել է հանդիպել ուկրաինացի բժիշկներին: Հրաժարվել է` վախենալով, իսկ վախի պատճառները դժվար չէ կռահել: