Վերնագիրը` գայթաղկիչ, բայց դատապարտելի


 

Լրատվամիջոցների սայթաքումներն ու չափազանցությունները միշտ և ամենուր չէ, որ ներվում են, անտեսվում կամ արհամարհվում: Իհարկե` դրանց համար պատասխանատվություն կարող են պահանջել` եթե վստահ են, որ քննադատության ենթարկվածի համբավը հիրավի բարի է: Այս առումով մեր գործընկերները վրիպել են Իրանում:

Նորությունների Reuters գործակալության Թեհրանի բյուրոյի ղեկավար Պարիսա Հաֆեզին առաջիկայում դատական պատասխանատվության կենթարկվի: Պատճառը հրապարակումներից մեկի վերնագիրն է, որով մարտարվեստ ուսումնասիրող իրանուհուն անվանել են ապագա վարձու մարդասպան (տեղեկացրել է իրանական PressTV-ն):

Մարտի վերջին Իրանի իշխանությունները չեղյալ են հայտարարել Թեհրանում Reuters-ի բոլոր լրագրողների հավատարմագրումը` նինձյա մի կնոջ մասին պատմող տեսանյութի և հոդվածի սխալ վերնագրի պատճառով:

Մարտարվեստների ակումբի խնդրանքով, որտեղ նկարահանվել է տեսանյութը« վերնագիրը մեկեն փոխվել է. նախապես հրապարակված` «Հազարավոր կին-նինձյաներ մարզվում են, որպեսզի դառնան իրանական վարձու մարդասպաններ» աղմկահարույց խորագիրը ձևափոխվել ու դարձել է «Երեք հազար կին-նինձյաներ մարզվում են Իրանում»: Սխալը շտկվել է, բայց երկրի Մշակույթի նախարարությունը չի ներել գործակալության աշխատակիցներին: Եվ Հաֆեզին շուտով դատական ատյանում պատասխան է տալու Իրանի կառավարության հասցեին հնչեցված մեղադրանքի համար: Իհարկե լուրջ մեղադրանք է, եթե պետական մակարդակով վարձու մարդասպաններ են պատրաստվում: Մանավանդ` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու թեմայով միջազգային երկարատև պահանջ-քննար կումների այս ժամանակահատվածում:

Լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը ևս խոստովանել է, որ տեղի ունեցածը կոպիտ սխալ է և «շատ լուրջ միջադեպ»: Նա տեղեկացրել է նաև, որ գործակալությունը բանակցում է ԻԻՀ իշխանությունների հետ` լրագրողների հավատարմագրումը վերականգնելու: